Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոբելյան մրցանակակիրը բանտարկված է

Հոկտեմբեր 09,2010 00:00

\"\"2010թ.-ին խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել ներկայումս կալանավայրում գտնվող չին հայտնի այլախոհ Լյու Սյաոբոն, որին հաճախ համեմատում են ռուս այլախոհ Սախարովի հետ: Լյու Սյաոբոն մրցանակին արժանացել է «Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների համար ոչ ուժային եւ երկարատեւ պայքար ծավալելու համար»: Այդ մասին, Reuters-ի մատուցմամբ, ուրբաթ օրը Օսլոյում հայտարարել է Նորվեգիայի նոբելյան հանձնաժողովը: Ժողովրդավարական ազատությունների համար պայքարող չին այլախոհը անցած տարվա դեկտեմբերին 11 տարվա բանտարկության է դատապարտվել Չինաստանի «սոցիալիստական կարգերը տապալելուն» ուղղված գործունեության՝ 2008-ին երկրում բազմակուսակցականության եւ խոսքի ազատության ապահովման կոչեր անելու համար: Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու Օսլոյում, դեկտեմբերի 10-ին: Ըստ ամենայնի, Լյու Սյաոբոն այդ արարողությանը ներկա չի լինի եւ չի կարողանա ստանալ 10 մլն շվեդական կրոնի՝ 1,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգեւը:
Ընդսմին, խաղաղության Նոբելյան մրցանակը Լյու Սյաոբոյին շնորհելու մասին տեղեկությունը հրապարակելու պահին Չինաստանում ընդհատվել է BBC եւ CNN հեռուստաընկերությունների հեռարձակումը: Չինական խոշորագույն որոնողական համակարգերը համացանցում արգելափակում են Լյու Սյաոբոյի անվան հետ կապված որեւէ հարցում: Միակ բանը, որ հնարավոր է այդ անվան շուրջ գտնել համացանցի չինական դոմենում՝ դա այդ երկրի ԱԳՆ-ի հայտարարությունն է, որում Նոբելյան մրցանակի շնորհումը չին այլախոհին որակվել է որպես մրցանակի հանդեպ «սրբապղծության» դրսեւորում:
Չինաստանի իշխանություններն ավելի վաղ Նոբելյան հանձնաժողովին հորդորել էին այլախոհին մրցանակ չշնորհել: Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե Լյու Սյաոբոյին մրցանակ շնորհելը կհակասեր նոբելյան սկզբունքներին, որ Լյու Սյաոբոն ուղղակի հանցագործ է: Փոխարենը չին գիտնականներն ու իրավաբանները, նաեւ հասարակական գործիչները հանդես էին գալիս հակառակ կոչով: Չին այլախոհին մրցանակ շնորհելու օգտին է հանդես եկել նաեւ Չեխիայի նախկին նախագահ, նախկին այլախոհ եւ այսօր արդեն իրավապաշտպան Վացլավ Հավելը:
Նորվեգիայի նոբելյան ինստիտուտի ղեկավար Հեյր Լանդեստեդի փոխանցմամբ, Չինաստանի ԱԳ նախարարի տեղակալ Յինգ Ֆուն դեռ ամռանը զգուշացրել էր, թե Լյու Սյաոբոյին մրցանակ շնորհելը կարող է ազդել Պեկինի եւ Օսլոյի հարաբերությունների վրա: Նորվեգիայում, սակայն, հույս ունեն, որ դա երկու երկրների հարաբերությունների վրա չի ազդի:
Չինական ոստիկանությունն արդեն այցելել է չին այլախոհի կնոջ տուն՝ փորձելով նրան արգելել ԶԼՄ-ներին հարցազրույցներ տալ, բայց, չնայած «շրջափակմանը», Լյու Սյան լրագրողներին հայտարարել է, թե երջանիկ է եւ շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր աջակցել են Սյաոբոյին, եւ որ Չինաստանը պետք է հպարտանա իր ամուսնով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել