Նրանք ԵԱՀԿ-ից պահանջում են ուսումնասիրել հարեւան երկրներում՝ հայկական վերացող հետքերը
Այս օրերին ԵԱՀԿ-ն, տուրք տալով ադրբեջանական հորդորներին, փաստահավաք խումբ է ուղարկում Ղարաբաղ՝ ուսումնասիրելու ադրբեջանցիների հետքերը: Հոկտեմբերի 4-ին արդեն մեկնարկեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների Փաստահավաք առաքելությունը Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջաններում, ինչը խիստ անհանգստացրել է ԵՊՀ ուսանողներին:
Այդ առիթով օրերս ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ՝ ավելի քան 600-700 հոգի, բողոքի ակցիա էին կազմակերպել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առջեւ՝ քայլերթով մետրոյի «Բարեկամություն» կայարանից ուղղվելով դեպի ԵԱՀԿ գրասենյակ:
«Մենք նպատակ ունեինք միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ջավախքում հայկական եկեղեցիների ու խաչքարերի ոչնչացման վրա, ինչպես նաեւ ուզում էինք ահազանգել, որ Վրաստանի տարածքում գտնվող հայկական պատմաճարտարապետական կոթողները ուշադրության չեն արժանանում Վրաստանի իշխանությունների կողմից»,- երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը:
Ըստ նրա՝ ուսխորհուրդը եւ ԵՊՀ ուսանողները խիստ անհանգստացած են Ադրբեջանի վարած քաղաքականության հանդեպ՝ ԵԱՀԿ-ի անտարբերությունից: «Նամակ ենք հղել ԵԱՀԿ նախագահ, Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւին, պատճենն էլ՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոյին: Մեր մտահոգությունն ենք հայտնում Նախիջեւանի ինքնավար հանրապետության տարածքում եւ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայկական մշակութային կոթողների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ադրբեջանի շովինիստ իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց երկրին բռնակցած հայկական տարածքներում վերացնել հայկականության ամեն հետք: Արդյո՞ք քաղաքակիրթ աշխարհին չի հետաքրքրում հայկական մշակութային ժառանգությունը, որը ոչնչացվում է ադրբեջանցիների կողմից: Նամակում պահանջում ենք ԵԱՀԿ-ից՝ փաստահավաք առաքելություն ուղարկել նաեւ Նախիջեւան եւ Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջան»,- մանրամասնեց Ց. Ակոպյանը:
ԵՊՀ ուսանողական խորհրդի քարտուղար Հարություն Ազգալդյանը նշում է, որ ԵԱՀԿ-ն ամեն հարցում է անտարբերություն ցուցաբերում՝ իր լռությամբ. «Ցավալի է Մինսկի խմբի լռությունը, այսինքն՝ ոչ մի քայլ չձեռնարկելը, եւ պարզ է, որ դրանով խրախուսվում են ադրբեջանական իշխանությունների քայլերը: Մենք պատրաստ ենք այդ լռությանը պատասխան տալու հայերին բնորոշ քաղաքակիրթ ձեւով»:
Ց. Ակոպյանի խոսքով. «Հայ ուսանողը մտահոգված է մեր ազգային խնդիրներով: Ուղղակի պետք է կարողանանք ուսանողներին համախմբել: Հարկ լինի՝ 10 հազար ուսանող կհանենք փողոց, որպեսզի վերջիվերջո ԵԱՀԿ-ն հասկանա, որ մեր դիմումները պատասխան են ակնկալում: Եթե համանախագահները հայտարարեն, որ կմեկնեն Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ եւ Նախիջեւան, կհամարենք, որ մեր իրականացված ակցիան որոշակի հաջողություն ունեցավ»:
Հարցին՝ իրապես մտահոգությունից ելնելո՞վ են ուսանողները մասնակցում երթերին ու ակցիաներին, թե՞ դասից դուրս գալու պատրվակով, Ց. Ակոբյանը պատասխանեց. «Կան նման ուսանողներ, բայց նրանք մեծամասնություն չեն կազմում: Ամեն անգամ կոչ ենք անում՝ այն ուսանողները, ովքեր հետաքրքրված չեն հայկական արժեքների խնդիրներով, թող չմասնակցեն…»: