Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՈՉ ՄԻԱՅՆ ԲԻԶՆԵՍ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐՈՎ»

Հոկտեմբեր 09,2010 00:00

\"\"Ըստ «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանի՝ բիզնեսը չպետք է լինի որակյալ կրթօջախի  նպատակը:

Այսօր Թարգմանչաց տոնն է: Այդ առիթով «Այբ» կրթական հիմնադրամը հանդես է գալիս հետաքրքիր ձեռնարկով: Հիմնադրամի կողմից ընտրված մասնագետներն իրականացրել են ուսումնասիրություն, այցելել համաշխարհային լավագույն կրթօջախներ եւ հետազոտությունների արդյունքում ընտրված Advanced Placement, International Baccalaureate, A Level համակարգերի եվրոպական եւ ամերիկյան, ինչպես նաեւ ռուսական մի քանի հազար դասագրքերից շուրջ 300-ը բերել Հայաստան: Հիմնադրամը ձեռք է բերել առաջին անգամ սահմանը հատած գրքերի մի մասը հայերեն թարգմանելու եւ հրատարակելու իրավունք:
Երեկ այս մասին 2 լրատվամիջոցի ներկայությամբ կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը: «Ցավում եմ, որ հասարակության ֆոկուսն այսօր ուրիշ տեղ է գտնվում: Սա քայլ է, որով ուզում ենք ինտեգրվել համաշխարհային կրթական պրոցեսին»,- ասաց նա, հավելելով, որ իրենց նպատակը կրթություն եւ ոչ թե խառնափնթոր իրականություն ունենալն է: Նա տեղեկացրեց, որ մի շարք առարկաների՝ մաթեմատիկայի, անգլերենի եւ բնագիտական ուղղությունների գծով աշխատանքներն արդեն ավարտվել են, եւ անգլերենի ուղղությամբ արդեն ընտրված են դասագրքերը:
Այժմ 15 մասնագետ աշխատում է հումանիտար առարկաների եւ արվեստի ուղղությամբ դասագրքերի ընտրությամբ: Հոգաբարձուների խորհրդի նախագահի խոսքով՝ անհրաժեշտություն է, որպեսզի, բացի հիմնական լեզվից, երեխաները եւս մեկ օտար լեզվի տիրապետեն: Նրա խոսքով՝ համակարգը ոչնչացվել է այն աստիճանի, որ երեխաները ռուսերենով չեն հասկանում մաթեմատիկայի տարրական խնդիր եւ ստիպված են նաեւ խնդրագրքերը թարգմանել. «Խորհրդային դպրոցական փլուզումից հետո բացարձակապես ոչնչացվեց ռուսերենը, այն ժամանակ եթե մեր երեխաները սովորում էին դպրոցում դասավանդվող ռուսերենով, տիրապետում էին ռուսերենին ոչ վատ, քան ռուսները: Մեր դպրոցական համակարգ մտցվեց տարօրինակ անգլերեն՝ ռուսական «Բոնկերով» կամ թարգմանած հայկական տարբերակներով»:
Տեր Մեսրոպ քահանա Արամյանը նշեց, որ օտար լեզուների մակարդակից զատ, ավելի տխուր վիճակում է հայերենը եւ դրա մեղավորներից մեկն էլ հայերենի դասագրքերն են. «Թող ներեն ինձ այդ դասագրքերի հեղինակները, բայց դրանք պիտանի չեն: Այնպիսի տպավորություն է, որ պետք է մտածողությունդ անջատես: Երբ 300 երեխաների միջեւ մրցույթ անցկացրինք, ամենացածր արդյունքները մեր երեխաները ցույց տվեցին հայոց լեզվից, միջին գնահատականը 2 -ն է եղել: Երբ խոսում ենք ծնողների հետ, ասում, որ երեխան հայերեն չգիտի, պատասխանում են՝ հայերեն իմանա՝ ինչի՞ համար: Ծնողը չի հասկանում, որ հայերեն մտածում են»: Նա նաեւ հավելեց. «Շարունակ խոսում ենք ազգային դպրոցի մասին, հարձակվում օտարալեզու դպրոցների վրա, բայց հարցրեք՝ ի՞նչ եք հասկանում ազգային ասելով: Ասում են՝  լավ ավանդություններ ունեք, հզոր ենք, ուժեղ՝ Նարեկացիով, Քուչակով, ու դա դարձնում գինու գովազդ, բայց 100-ից մեկը Նարեկացի կարդացե՞լ է, այն մեկն էլ, որ կարդացել է՝ 3-րդ գլխից այն կողմ չի գնում, որովհետեւ քաղաքակրթապես դուրս ենք թռել այդ իրականությունից»:
Ինչ վերաբերում է դպրոցներում հատկապես բնագիտական ուղղությամբ լավ մասնագետների պակասին, տեր Մեսրոպը կարծում է, որ այսօր էլ կան լավ կադրեր, բայց. «Լավ մասնագետն այսօր դպրոց չի գալիս, լավ ֆիզիկոսը կամ քիմիկոսը հանգիստ կարող է աշխատել որեւէ բանկում կամ որեւէ IT ընկերությունում ու վաստակել լուրջ գումար: Եթե մարդը նախապես տեսավ, որ ունենալու է արժանապատիվ աշխատանք եւ կարող է լիովին տրվել գիտական ուսումնասիրություններին, այդ դեպքում ուսուցիչ աշխատել ցանկացողների քանակն էապես կաճի»:
Ինչ վերաբերում է «Այբ» կրթական դպրոցում սովորելու վարձավճարի չափին, նա հայտնեց, որ վճարը կլինի տարեկան մոտ 6000 դոլար, բայց ինչպես աշխարհի բոլոր լուրջ կրթական հաստատություններում՝ նախ պետք է ընդունվել, հետո նոր մտածել վճարելու մասին: Ըստ նրա, կարեւոր է Հայաստանում էլ կրթաթոշակ տալու ավանդույթը ձեւավորել, որպեսզի ոչ մի պայծառ երեխա առանց ուսման չմնա. «Եթե աշակերտն անվճարունակ լինի, ինչպես շատ միջազգային բուհերում, կգտնվեն մարդիկ, որ կցանկանան ֆինանսավորել այդ երեխաներին: Եթե ուզում ենք լուրջ դպրոց ստեղծել, պետք է ունենանք լուրջ մարդկային «հումք», արատավոր են բոլոր այն մոտեցումները, որ դպրոց են հիմնում ամբողջովին բիզնես նկատառումներով: Ընդունելության ժամանակ հանձնաժողովը չի նայելու երեխաների վճարունակ լինել-չլինելուն, գնալու ենք մարզեր՝ գտնելու բոլոր որակյալ երեխաներին»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել