Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՐՈՂ ԵՄ ՄԻԱՆԱԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՍ ԿՈՆԿՐԵՏ ԿՈՉԻՆ»

Հոկտեմբեր 09,2010 00:00

\"\"Իսկ նախագահը կոչ է անում միջազգային հանրության ներկայացուցիչներին այցելել Լեռնային Ղարաբաղ

Նախագահ Սերժ Սարգսյանն ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ վստահություն է հայտնել, որ ապակենտրոնացված համագործակցությունը լրացնում է մեր պետությունների, մեր ժողովուրդների միջեւ եղած հարաբերությունները եւ այն դարձնում օրինակելի: Սերժ Սարգսյանը ջերմ խոսքեր է ասել նաեւ. «Այս տարի ամռանը Հայաստան այցելեցին ինչպես Սենատի, այնպես էլ Ազգային ժողովի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խմբի անդամները, իսկ Ազգային ժողովի պատվիրակությունն իր կազմում ընդգրկել էր նաեւ «Ֆրանսիա-Թուրքիա» բարեկամության խմբի անդամներին: Նրանք միասին այցելեցին Լեռնային Ղարաբաղ, որտեղ հանդիպեցին տեղի մարդկանց ու Ղարաբաղի ղեկավարությանը, տեսան, թե ինչպես են այդ մարդիկ ապրում եւ, ընդհանրապես, ի՞նչ է իրենից ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Վստահ եմ, որ նրանք կարողացան օբյեկտիվ գնահատել իրավիճակը»: Նախագահ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին եւս կոչ արեց այցելել Լեռնային Ղարաբաղ: Անդրադառնալով այս հարցում Ադրբեջանի հակազդեցությանը՝ նախագահն ասել է, որ պարզ է նաեւ Ադրբեջանի գործողությունների պատճառը. նրանք ցանկանում են, որպեսզի Ղարաբաղի մասին որեւէ մեկը ընդհանրապես որեւէ բան չիմանա, չլսի, չտեսնի: Հակառակ պարագայում՝ փլուզվում է իրենց կողմից ստեղծված մի ողջ կեղծ պատմություն:
 ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ նախագահի կոչը՝ այցելել Ղարաբաղ, բավականին լավն է եւ տեղին. «Ես կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ իր գյուղերով, ճանապարհներով եւ մայրաքաղաք Ստեփանակերտով, բնականաբար, դեռեւս իդեալական պատկեր չի ներկայացնում: Բայց ամեն ինչ ճանաչվում է համեմատության մեջ, իհարկե, Ղարաբաղը շահեկան վիճակում է: Ես այս դեպքում, նախագահի այս մի կոնկրետ կոչին կարող եմ միանալ, որովհետեւ գիտեմ՝ Հայաստանի հետ համեմատության մեջ Ղարաբաղը, իհարկե, շահեկան է: Մարդիկ ավելի արժանապատվորեն են վերաբերվում իրենց շրջակա միջավայրին, փոխադարձ մարդկային հարաբերություններին, Ղարաբաղում ավելի ուրախ դեմքեր կտեսնես, քան Երեւանում, թեեւ, կարծես թե՝ ռազմաճակատը շատ ավելի մոտ է: Մթնոլորտը տարբեր է: Իմ որդին իր երիտասարդ ընկերների հետ շատ հաճախ՝ ուղղակի ուրախանալու, գնում են Ղարաբաղ իրենց այնտեղի ընկերների հետ կամ հենց իրենք-իրենցով: Այս նոր սերունդը արդեն սկսել է հասկանալ, որ Ղարաբաղը Հայաստան է: Մեր ուղեղներում դեռ ինչ-որ սահմաններ կան»: Մեր հարցին՝ իսկ ի՞նչ երաշխիք կա, որ ՀՀ նախագահի այս կոչը միջազգային հանրության ներկայացուցիչները ի կատար կածեն, եւ կսկսվի մի նոր հոսք դեպի Ղարաբաղ, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Այս կոչը չպետք է մնա թղթի վրա», եւ այս կոչը պետք է ապահովել հրավերներով, Արցախում անցկացվող միջոցառումներով, այս կոչը պետք է ապահովել Ղարաբաղում, օրինակ, հասարակական զուգարաններ կառուցելով, հյուրանոցները լավացնելով, ճանապարհները լավացնելով եւ այլն, եւ այլն: Մեր զրուցակիցն ասաց նաեւ. «Այսօր ես գիտեմ, որ ԼՂՀ նախագահի հրահանգով ամբողջությամբ ուժերը լարում են խմելու ջրի հարցերը լուծելու համար, եւ դա լավ է, ցույց տալու բան կլինի»: Ընդունենք, այս կոչին անսացին բոլորը, եւ սկսվեց մի չտեսնված ու չլսված ակտիվություն դեպի Ղարաբաղ, այցերի աննախադեպ ընթացք, մի՞թե դա կօգնի հարցի՝ մեզ հաճո լուծմանը։ Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ՝ այո, կօգնի, քանի որ միջազգային ճանաչում ասվածը այն չէ, որ ՄԱԿ-ը կամ մեկ ուրիշը ճանաչում է քեզ, այլ. «Եթե այդ գնացածներից՝ քսանից մեկը որոշի մի փոքր բիզնես բացել Ղարաբաղում, քսանից մեկը որոշի Ղարաբաղի իր գործընկերներին հրավիրել միջազգային այս կամ այն կոնգրեսին կամ՝ իր փոքրիկ քաղաքը Ղարաբաղի քաղաքներից մեկի հետ քույր-քաղաք դարձնի, սա հենց միջազգային ճանաչումն է: Միջազգային ճանաչումը հենց այդպես էլ տեղի է ունենում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել