Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԻ ՓԱՌԱՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

Հոկտեմբեր 09,2010 00:00

Բելգիայի Անտվերպեն քաղաքի «Նուարդ» մշակութային միությունը հոկտեմբերի 3-ին կազմակերպել էր պարի փառատոն՝ նվիրված Հայաստանի անկախության տարեդարձին: Ավանդաբար անցկացվող փառատոնին իրենց մասնակցությունը բերեցին իսպանական, նեպալական, ղազախական, լատինաամերիկյան, եգիպտական եւ, իհարկե, հայկական պարախմբերը: Տոնի առթիվ հանդիսականին իր մաղթանքները հղեց «Նուարդ» միության նախագահ, «Լրագիր» ամսաթերթի գլխավոր խմբագիր, Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնության նախագահ Գեւորգ Մինասյանը: Շուրջ երեք ժամ լեփ-լեցուն դահլիճը ջերմորեն ծափահարում էր պարախմբերին ու ոգեւորում նրանց: Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի կազմում գործող Բրյուսելի, Մեխելենի եւ Անտվերպենի պարախմբերը ազգային նոր տարազներով ու նոր բեմադրություններով ցուցադրեցին հրաշալի մի արվեստ, որի բեմադրողը՝ պարուսույց Ենոք Ստեփանյանը այս անգամ էլ զարմացրեց պարագետի իր հմտությամբ ու իմացությամբ: Շուրջ 450 տեղանոց դահլիճը փոքր եղավ տեղավորել քաղաքապետարանի, թաղապետարանի, մեծաթիվ կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, արվեստի ոլորտների եւ, իհարկե, բազմաթիվ հայ պարասերների: Ավարտին արդեն պարում էր ամբողջ դահլիճը, պարում էր հայկական դհոլ-զուռնայի հարազատ նվագի ներքո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել