Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայերի երջանկության մեխանիկան

Հոկտեմբեր 09,2010 00:00

\"\"Երեկ Երեւանում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու ֆրանսիական Մարսել քաղաքի փոխքաղաքապետ Դիդիեր Փարաքյանը  հանդիպեցին լրագրողներին: Նախարարը խոսեց առաջիկայում Ստեփանակերտում կայանալիք հայ լրագրողների 5-րդ եւ Երեւանում կայանալիք հայ բանկիրների եւ ֆինանսիստների առաջին համաժողովներից, փոխքաղաքապետը՝ հայ-ֆրանսիական համագործակցությունից եւ հայերի ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ֆրանսահայերի քայլերից:
Ըստ Հրանուշ Հակոբյանի, հայ բանկիրների եւ ֆինանսիստների համաժողովին կմասնակցի 10 երկրի մոտ 100 ներկայացուցիչ եւ ջանքերի մեկտեղումը Հայաստանին կօգնի սահուն հաղթահարել ճգնաժամը: Լրագրողների հավաքին կմասնակցի 27 երկրի մոտ 200 ներկայացուցիչ: Եթե ամեն մեկը մեկ հոդված գրի, ապա մեկ տարում Ղարաբաղի մասին 200 հոդված կտարածվի ամբողջ աշխարհում, նկատեց Հրանուշ Հակոբյանը: Ըստ նրա, Ղարաբաղը, Հայաստանի հզորացումն ու անվտանգությունը, հայ եկեղեցին, Սփյուռքի հայերի ուծացման դեմ պայքարը, ցեղասպանության ճանաչումը այն հարցերն են, որոնց լուծման գործում բոլորս պետք է շահախնդիր լինենք:
Չորրորդ անգամ Հայաստան այցելած Դիդիեր Փարաքյանը բոլոր հայերին կոչ է անելու այցելել Հայաստան: Նա համոզված է, որ սփյուռքահայը երջանիկ լինելու համար պետք է յոթ անգամ հայրենիքում լինի: Ֆրանսիայի հայերն ու հայկական կազմակերպությունները հաջողել են Ֆրանսիայի սենատի փոխնախագահ եւ Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենից հավաստիացում ստանալ, որ Ֆրանսիայի ազգային ժողովը ընդունելու է հայերի ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը: Սրանից բացի, Փարաքյանը շատ է ուզում Երեւանում ունենալ սեփական նորաձեւության տան արտադրանքի վաճառքի սրահ ու նաեւ Հայաստանում կազմակերպել իր հեղինակած՝ կանանց հագուստների արտադրություն: Այսօր Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ապրանքաշրջանառությունը մոտ 90 միլիոն եվրո է՝ 84 միլիոնի ներկրում ենք եւ միայն 6 միլիոնի՝ արտահանում: Ուստի Դիդիեր Փարաքյանը հայ գործարարներին կոչ արեց Ֆրանսիայում ներդրումներ անել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել