Կապանի հիվանդանոցի շուրջ տարիներով ձգձգվող պատմությունը չպարզաբանելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խախտեց «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը:
2009 թ. դեկտեմբերի 3-ին՝ «Կապանը չի սպասի», 2010թ. մարտի 30-ին «Նորոգվում է Կապանի հիվանդանոցը» հրապարակումներով տեղեկացրել ենք, որ հիմնանորոգման կարիք ունեցող Սյունիքի մարզկենտրոն Կապանի միակ հիվանդանոցը՝ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն պետական հոգածությունից դուրս է մնացել եւ ոչ բարվոք պայմաններում է ընդունում-ճանապարհում տարածաշրջանի բնակչությանը, վերջիններս էլ դժգոհելու բազում առիթներ են ունենում: Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը կոչ էր արել քաղաքի գործարարներին ու կազմակերպություններին՝ միանալ քաղաքապետարանին եւ սատարել հիվանդանոցին: Արդյունքում մոտ 22 միլիոն դրամ էր հավաքվել եւ նորոգվել հիվանդանոցի ընդունարանը: Տեղեկացրել ենք նաեւ, որ Կապանի քույր քաղաք Գլենդելի մեր հայրենակիցները 250 հազար ԱՄՆ դոլար են հանգանակել, որը, սակայն, պատրաստ են Կապանի հիվանդանոցին տալ, եթե Հայաստանի կառավարիչները հիվանդանոցը հանեն պետգույքի մասնավորեցման ցուցակից եւ հանձնեն Կապան համայնքին: Համաշխարհային բանկի օպտիմալացման ծրագրով նախատեսվել է կրճատել Կապանի բժշկական կենտրոնի մահճակալների թիվը եւ հինգ մասնաշենքերից երեքում կենտրոնացնել բաժանմունքները: Այսպիսով՝ ազատվում է Կապանի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի եռահարկ մասնաշենքը: Վերջին տարիներին Կապանում ծնունդների թիվը 500-ից չի գերազանցում, առողջապահության նախարարությունը գտնում է, որ այդ մասնաշենքը պահելը նպատակահարմար չէ: Մինչ օրս խնդիրը չի լուծվել: Գլենդել-Կապան քույր քաղաքների միությունը սպասում է կառավարության որոշմանը։
Ձգձգվող պատմությունը պարզաբանելու խնդրանքով դիմեցինք ՀՀ տարածքային կառավարման նախարարություն: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ ծննդատան հարցը «մի քանի անգամ քննարկվել է նաեւ ՀՀ կառավարությունում: ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից մասնավորապես մտահոգություն է հայտնվել ծննդատան մասնաշենքը համայնքին հանձնելու դեպքում հաստատության հետագա գործունեության ապահովման, պահպանման առումով, քանի որ նման կարգավիճակը ենթադրում է, որ համայնքն է հոգալու այդ բոլոր ծախսերը: Մտահոգություն կա, որ նախատեսվող ներդրումներով խնդիրը համալիր լուծում չի ստանա: «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի եւ ծննդատան մասնաշենքի հարցը քննարկվել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարի հետ, քանի որ Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրերը նախատեսում են ոլորտում լուրջ նախագծերի իրականացում. մասնավորապես՝ առողջապահական հաստատությունների հիմնանորոգում, նորերի կառուցում: Եվ քանի դեռ ՀԲ-ի հետ բանակցությունները շարունակվում են, դժվար է որոշակիություն ունենալ Ձեր կողմից նշված առողջապահական հիմնարկների հարցում: Առավել մանրամասն տեղեկությունների համար առաջարկում ենք դիմել ՀՀ առողջապահության նախարարություն»: Գաղտնիք չէ, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում լարվածություն կա: Սփյուռքի մի հատվածին անորոշության մեջ թողնելը, հստակ պատասխան, ներդրումների համար հստակ երաշխիքներ չտալը որքանո՞վ է հարիր եւ համապատասխան Հայաստան-Սփյուռք կապերը սերտացնելու եւ ջերմացնելու Հայաստանի կառավարության հայտարարած գործելաոճին եւ որքանո՞վ կհիասթափեցնի Սփյուռքին: Այս հարցին ի պատասխան, տարածքային կառավարման նախարարությունից ասացին. «Հենց Սփյուռքի հետ հարաբերությունները պարտավորեցնում են հարցը համակողմանի ուսումնասիրել եւ միայն հնարավոր ռիսկերի բացակայության պարագայում Սփյուռքին առաջարկել ներդրումներ կատարել՝ վերջինիս կողմից հատկացվելիք գումարներն առավել արդյունավետ օգտագործելու համար»: Իսկ մինչ Երեւանում մտածում են, Կապանում խոսում են, որ Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետն է ամեն ինչ անում, որ Կապանի ծննդատան հարցը չլուծվի, որ ՀՅԴ-ական քաղաքապետը չվերընտրվի:
Կապանի հիվանդանոցի հետագա ճատակագրի վերաբերյալ լրացուցիչ մանրամասների համար սեպտեմբերի 22-ին էլեկտրոնային, գրավոր հարցում ուղարկեցինք ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին եւ նախարարի մամուլի քարտուղարին: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն, նախարարությունը պարտավոր էր պատասխանել հնգօրյա ժամկետում: Անցել է արդեն 16 օր: Դեռ պատասխան չենք ստացել: