Լրահոս
Օրվա լրահոսը

«Զարգացել է էքստենսիվ եւ ինտենսիվ եղանակով»

Հոկտեմբեր 09,2010 00:00

Սեպտեմբերի 11-ին Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը հարցաշար էր հրապարակել՝ ուղղված ՀՀ գյուղնախարարին: Երեկ հայտնի դարձավ, որ նախարար Գերասիմ Ալավերդյանը պատասխանել է այդ հարցաշարին: Մեջբերենք առավել հետաքրքիր հարցուպատասխանները:

– Քանի՞ գյուղացիական տներ են դատարկ Հայաստանում:
– Զանգվածային արտագաղթ ՀՀ-ից տեղի է ունեցել 1990-ականների առաջին կեսին: Այդ ժամանակ միայն օդային տրանսպորտով արտագաղթել է ավելի քան 600 հազար ՀՀ քաղաքացի: Այնուհետեւ ժողովրդագրական վիճակը բարելավվել է, իսկ վերջին 2 տարում քաղաքացիություն է շնորհվել 6 000 սփյուռքահայի: Հանրապետությունում դատարկ «գյուղացիական տների» հաշվառում չի իրականացվում, իսկ ժողովրդագրական իրավիճակի եւ միգրացիոն տեղաշարժերի մասին տեղեկատվությունը կարելի է ստանալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ միգրացիոն պետական ծառայության ինտերնետային կայքերից:
– Ինչո՞ւ է ՀՀ վարելահողի 50%-ն անմշակ:
– Հողի, գյուղտեխնիկայի, անասնագլխաքանակի եւ արտադրական այլ միջոցների սեփականաշնորհման ժամանակահատվածում ձեւավորվել են փոքր չափերի գյուղացիական տնտեսություններ (ներկայումս՝ ավելի քան 340 հազար), եւ գյուղատնտեսական արտադրությունն իրականացվում է շուրջ 1200 հազար մասնատված հողաբաժինների վրա, որոնց զգալի մասը գտնվում է բնակության վայրից մեծ հեռավորության վրա: Դա է պատճառներից մեկը, որ նպատակային չօգտագործվող շուրջ 150 հազար հա վարելահողերից (վարելահողերի 33,3 %) գրեթե 60%-ը վերածվել են խոտհարքների, շուրջ 15 հազար հա չմշակվող վարելահողերը գտնվում են արեւելյան սահմանամերձ գոտում, մի մասը գտնվում է ցելի տակ կամ անջրդի է, մի մասի չօգտագործումն էլ պայմանավորված է գյուղաբնակների ցածր եկամուտներով, վարկային ռեսուրսների դժվարամատչելիությամբ եւ մի շարք այլ պատճառներով:
– Ինչո՞ւ է ՀՀ-ում 1 կգ կարագին համարժեք կաթը՝ 21լ, կարագից 3 անգամ թանկ:
– Իրացվող կարագի գերակշռող մասը ներմուծվում է արտերկրից, իսկ կաթը տեղական արտադրության է: Կաթի մթերման գինը, միջինը 1 լիտրի համար, կազմում է շուրջ 130 դրամ: Այդ պատճառով համադրելի են միայն տեղական արտադրության կաթի հումքով արտադրված կարագի գները, ընդ որում՝ անհրաժեշտ է հասկանալ վերամշակված արտադրանքի ինքնարժեքում հումքի եւ նյութերի արժեքի տեսակարար կշիռը, որը, կապված արտադրատեսակից, տատանվում է հիմնականում 50-80%-ի միջակայքում: Անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել պահպանման, փոխադրման, փաթեթավորման եւ այլ ծախսերը:
– Ինչո՞ւ է Հայաստանը տարեկան $400-500 մլն տալիս օտար գյուղացուն, եթե դրա կեսի մեկանգամյա ներդրումով ներկրվող սննդամթերքի 80%-ը կարող է արտադրվել տեղում:
– Որոշ պարենամթերքի ներմուծումն անխուսափելի է (ցիտրուսներ, կարագ, պարենային ցորեն, հատիկաընդեղեն, թռչնի միս եւ այլն), դրանցից մի մասի արտադրությունը կարելի է զարգացնել տեղում… փոխարինման ծրագրերն արդեն իսկ իրականացվում են: Այդուհանդերձ, լինելով ԱՀԿ-ի անդամ՝ մեխանիկական արգելքներ ստեղծել արտահանմանը կամ ներմուծմանը թույլատրելի չէ: Բայց լրացուցիչ աջակցություն ցուցաբերելով՝ պետք է մրցունակ դարձնենք որոշ պարենամթերքների արտադրությունը եւ դրանով իսկ ներմուծումը փոխարինենք տեղական արտադրությամբ: Ներկայումս ծրագրային ուղղություններ հաստատագրված են ՀՀ կառավարության կողմից հաստատված ռազմավարությամբ:
– Ինչո՞վ է բացատրվում հացի թանկացումը, եթե նույնիսկ թանկացած ալյուրի պարագայում հացը վաճառվում է իր ինքնարժեքից 2-4 անգամ թանկ:
– Հացի արտադրության գործընթացում վերամշակման եւ փոխադրման ծախսերը կազմում են հումքի ներկայիս արժեքի շուրջ 50-55%-ը, որին ավելանում է 20-25% շահույթ, հարկեր, ինչպես նաեւ 20-25%-ով հացի գինն ավելանում է վաճառակետերում: Արդյունքում՝ հացի իրացման գինը կազմում է ալյուրի գնի գրեթե կրկնապատիկը:
– Ինչո՞ւ է մսի, կաթնամթերքի եւ այլ սննդատեսակների ներմուծումը 8 տարում կրկնապատկվել, երբ բնակչությունը զգալիորեն նվազել է, միգուցե գյուղացի՞ն է դադարել արտադրել:
– Վերջին 8 տարում բնակչությունը չի նվազել (2002թ. մարդահամարի տվյալներով՝ բնակչության թիվը կազմել է 3 212 900 մարդ, իսկ 2009թ. տվյալներով՝ 3 249900 մարդ): Այդ ժամանակահատվածում (բացառությամբ 2009թ. ֆինանսատնտեսական ճգնաժամային տարվա) մսի, մսամթերքի, կաթի, կաթնամթերքի եւ տեղական արտադրության կենդանական ու բուսական ծագման այլ արտադրանքի ծավալները չեն նվազել, շեշտակի ավելացել է սպառվող սննդամթերքի քանակը:
– Ինչո՞ւ է գյուղացին վճարում ինքնահոս, սպասարկման ծախս չունեցող ջրից օգտվելու համար:
– Անգամ ինքնահոս մատակարարվող ջրի վրա կատարվում են որոշակի ծախսեր, օրինակ՝ ջրացանցի կառուցման, պահպանման, մաքրման համար, եւ այդ առումով ոռոգման ջուրը սպասարկման կետում հանդիսանում է ոչ թե բնական ռեսուրս, այլ ապրանք: Հանրապետությունում սահմանված է ոռոգման ջրի միասնական սակագին, ընդ որում՝ ոռոգման ջրի արժեքի մի մասը սուբսիդավորվում է ՀՀ պետբյուջեից:
– Կատարվե՞լ են արդյոք ձեր իսկ ծրագրով նախատեսված վերջին 3 տարում 5000հա խաղողի այգետնկումների, 19000 հա անտառապատման խնդիրները, 30 տոհմաբուծարանների հիմնումը, եթե այո, ապա որտե՞ղ:
– Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը բացասական ներգործություն է ունեցել գրեթե բոլոր պետությունների վրա: ՀՀ գյուղատնտեսությունում նույնպես արձանագրվում են որոշ անկումային գործընթացներ, որի հետեւանքով ծրագրերով նախատեսված որոշ միջոցառումներ նախատեսված ծավալներով չեն իրականացվել: Վերջին տարիներին եվրոպական երկրներից ՀՀ են ներմուծվել բարձր մթերատու եւ տոհմային հատկանիշներ ունեցող երինջներ եւ տարաժամկետ վճարման պայմանով տրամադրվել են ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի գյուղատնտեսություններում տնտեսվարողներին, արդյունքում ձեւավորվել են 10-ից ավելի տոհմային տնտեսություններ, ծրագիրը շարունակվում է:
– Ինչի՞ հաշվին է ավելանում գյուղարտադրանքը՝ արտադրողի, մշակվող հողի եւ անասնագլխաքանակի շարունակական եւ զգալի նվազման պարագայում:
– Հանրապետությունում վերջին տարիներին ինչպես անասնագլխաքանակի, այնպես էլ կենդանական ծագման գյուղմթերքի արտադրության ծավալների անկման միտումներ չեն արձանագրվել (բացառությամբ 2009-ի): Այսպես, 2008-ին 2007-ի համեմատությամբ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն ավելացել է 8,9 հազար գլխով, կովերինը՝ 3,5 հազար գլխով, ոչխարներինը եւ այծերինը՝ 4,2 հազար գլխով, թռչուններինը՝ 170 հազար գլխով: Նշված ժամանակահատվածում խոզերի գլխաքանակը՝ կապված աֆրիկյան ժանտախտ հիվանդության հետ, նվազել է 66,1 հազար գլխով, սակայն 2010-ի հունվարի 1-ի դրությամբ այն զգալիորեն ավելացել է (2009թ. նկատմամբ 32,8 %-ով): Բարձրացել է գյուղատնտեսական կենդանիների մթերատվությունը, 2009-ին անասնաբուծական մթերքներից նվազել է միայն կաթի արտադրությունը (8,9 հազար տոննայով), մինչդեռ մսի արտադրությունն ավելացել է 200 տոննայով, իսկ ձվինը՝ 54 միլիոն հատով կամ 9,4%-ով: Անասնապահության ճյուղը (նաեւ՝ բուսաբուծությունը) զարգացել է էքստենսիվ եւ ինտենսիվ եղանակով:
– Քանի՞ տարում եք պատրաստվում ավարտել գյուղատնտեսական կենդանիների կանխարգելիչ պատվաստումները, եթե դրանց թիվը անցնում է 1 միլիոնից, իսկ պատվաստվում է տարեկան 10-12 հազար կենդանի:
– ՀՀ գյուղնախարարությունը ամեն տարի պետպատվերի շրջանակներում, ՀՀ պետբյուջեի հաշվին, իրականացնում է «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագիրը: Կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումները կրում են շարունակական բնույթ: 2009-ին ՀՀ-ում կատարվել է 8 734 225 գլուխ (այդ թվում թռչուններ եւ մեղվաընտանիքներ) գյուղատնտեսական կենդանիների կանխարգելիչ պատվաստում՝ 10 վարակիչ հիվանդության նկատմամբ, իսկ 2010թ. հունվար-օգոստոս ամիսներին պատվաստվել է 3 368 944 գլուխ կենդանի (այդ թվում՝ մեղվաընտանիքներ) 6 վարակիչ հիվանդությունների նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել