Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԵՐՈՒՄ ԲԻԶՆԵՍ ԶԱՐԳԱՑՆԵԼԸ ՇԱՀԱՎԵՏ ՉԷ

Հոկտեմբեր 09,2010 00:00

\"\"Գյուղացիների պատմելով՝ տրամադրվող վարկերն էլ փրկություն չեն

«Ճիշտ տնտեսական քաղաքականություն է պետք վարել, ու հարկավոր է վերացնել առկա բեւեռացումը գյուղական եւ քաղաքային բնակչության կյանքի որակների միջեւ»,- երեկ «Գյուղական համայնքների զարգացումը Հայաստանում» խորհրդաժողովի ընթացքում խորհուրդ էր տալիս ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղական զարգացման եւ պարենային անվտանգության բաժնի պետ Վալերի Ազոյանը: Ավելի ուշ պարզաբանեց, որ կյանքի որակ ասելով՝ նկատի ունի մարզերում սոցիալական ենթակառուցվածքների մատչելիությունը, մասնավորապես՝ գիտակրթական ու առողջապահական ոլորտներում, նաեւ ավտոճանապարհների նորոգումը, գազիֆիկացումը, բնակոմունալ ծառայությունների ապահովումը. «Իսկ համայնքների զարգացման կարեւոր մեխանիզմներից մեկը փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացումն է, որն ունի սոցիալական նշանակություն, արդյունքում կստեղծվեն աշխատատեղեր, կբարելավվի բնակչության կենսամակարդակը»: Պարոն Ազոյանի համոզմամբ, շատ կարեւոր է, որ վերամշակող ընկերությունները եւ արտադրամասերը ձեւավորվեն հենց գյուղում՝ հումքին մոտիկ, այսկերպ կթեթեւանա գյուղացու հոգսը. «Գյուղացին մշակելուց հետո էլ չի մտածի՝ հումքն ինչպես հասցնի քաղաք՝ վերամշակողին: Հարկավոր է մտածել արտադրական ուժերի ապակենտրոնացման մասին, ակնհայտ է, որ այդ ուժերի գերակշռող մասը՝ ավելի քան 60%-ը, կենտրոնացված է Երեւանում»: Նախարարության ներկայացուցիչն էլ էր գիտակցում, որ գյուղերում փոքր ու միջին բիզնես զարգացնելը գործարարներին հեռանկարային չի թվում. «Հարկավոր է տարբերակված քաղաքականություն վարել այդ ուղղությամբ եւ այնպես անել, որ գյուղական համայնքներում ագրովերամշակման արտադրամասերի ստեղծումը գրավիչ դառնա»: Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակներում մարզերի գործարարները հնարավորություն են ստանում իրենց բիզնեսը զարգացնել: Ծրագրի նախագահ Հարություն Արմենյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ծրագրի շրջանակներում գյուղացի գործարարները ձեռնարկատիրական կրթություն են ստանում, ներկայացնում են իրենց բիզնես-գաղափարները, ինչը ավելի ուշ վերածվում է բիզնես-պլանի: Դրանցից մոտ 20-30% ընտրում ենք, տրամադրում վարկեր»: Նրա խոսքով, վարկային միջոցները գյուղացու համար փրկություն են. «Մարզերում ամենահաջող բիզնեսի օրինակ են ինտերնետ սրճարանները, հյուրանոցների կառուցումը, գյուղեր այսօր ոչ ոք չի այցելի, եթե այդ հյուրանոցները չլինեն»: Պարոն Արմենյանը գոհ էր վարկերի վերադարձման գործընթացից՝ մարզային գործարարների 95%-ը ճիշտ ժամանակին վերադարձնում է. «Վարկ տրամադրելուց առաջ դիմողների նպատակներն ենք ուսումնասիրում, որովհետեւ շատերը պարզապես նախընտրում են մեզնից ցածր տոկոսով վարկ վերցնել ու իրենց բարձր տոկոսով վերցրած այլ վարկերը փակել»:
Տավուշի մարզի բնակիչ, գործարար Աշխեն Ենգիբարյանը «Առավոտի» հետ զրույցում պատմում էր, որ մարզերում գրեթե անհնար է բիզնես զարգացնելը. «Ժողովուրդը վատ է ապրում, հազիվ կարողանում է օրվա ապրուստը կարգավորել, գյուղացին գումար պետք է ունենա, չէ՞, որ կարողանա օգտվել քո բիզնեսից, քո առաջարկած ծառայություններից: Մեր մարզում ամեն երրորդ անձը աշխատանք չունի, էլ ի՞նչ բիզնեսի զարգացում»: Նրա պատմելով, սկզբում վերցրած վարկերը ներդրեց գեղեցկության սրահ աշխատեցնելու գործում, բայց. «Տեսա, թե ինչքան անհեռանկարային է, մի քիչ կոպիտ կարող է հնչել, բայց հասկացա՝ գյուղացին՝ ուր, մազ սարքելը՝ ուր… հիմա էլ սուպերմարկետ եմ աշխատեցնում, բայց արդյունքում ոչ մի շահ չունեմ: Շահս պարտքերի տակ ընկնելն էր: Գյուղացուն վարկեր են առաջարկում ու գլխացավանքի տակ գցում, հրապուրվում ենք, վերցնում, բայց տոկոսներն այնքան բարձր են, էլ չխոսենք պետությանը վճարվող ամենամսյա հարկերից, մանր-մունր ծախսերից, մի խոսքով՝ վարկերը վերցնելն ենք իմանում, դրանք մնում են մեր վզին»:
Մեկ այլ գործարար՝ Ջիվան Մարդանյանն էլ վարկային միջոցները հատկացրել է կահույքի արտադրությունը զարգացնելու համար, պատվերները հիմնականում գյուղապետարանից ու գյուղի մանկապարտեզներից է ստանում. «Բնակիչները գնողունակ չեն, միայն սակավաթիվ գյուղացիներ՝ ֆինանսական լավ հնարավորություն ունեցողներն են նման ծառայություններից օգտվում: Իսկական ճգնաժամ է, մենք էլ հարկային դաշտում ենք աշխատում, ո՞նց պետք է լինենք, ուզում ենք աշխատակիցների թիվը մեծացնենք, արտադրանքի ծավալները մեծացնենք, միայն հույսներս դրել ենք, որ ապագան ամեն ինչ կփոխի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել