Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՐԱՍՏՎԵՔ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ

Հոկտեմբեր 09,2010 00:00

Պարտադիր ավտոապահովագրական պոլիսների վաճառքը կսկսվի հոկտեմբերի 18-ից՝ այս մասին երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարեցին ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը եւ ավտոապահովագրական բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ստեփանյանը: Վերջնականապես հաստատվել են նաեւ ապահովագրական վճարների սակագները: Այն տատանվելու է 19-110 հազար դրամի սահմաններում: Ինչպես հաղորդում է news.am-ը՝ Վաչե Գաբրիելյանը տեղեկացրել է, որ «ամենատիպային» դեպքում, երբ մեքենան ռուսական արտադրության է, իսկ վարորդն ունի 3 տարուց ավելի վարորդական ստաժ եւ 23 տարեկանից բարձր է, ապահովագրական վճարը կկազմի տարեկան 32 հազար դրամ:
Ապահովագրական ընկերությունները կիրառելու են 5 ռիսկային գործոններ՝ տրանսպորտային միջոցի տեսակը, օգտագործման նպատակը, վարորդի տարիքն ու ստաժը եւ շարժիչի հզորությունը: Որքան մեքենան հզոր շարժիչ ունի, ապահովագրական վճարը մեծ կլինի: Ամենաբարձր վճարը կկիրառվի այն դեպքում, երբ, օրինակ, «Համմերը» օգտագործվի որպես տաքսի: Որպես ռիսկային գործոն հաշվի չի առնվելու մեքենայի տարիքը, թեեւ վթարների մեծ մասը տեղի է ունենում հենց հին մեքենաների պատճառով: Ներկայումս ՀՀ-ում ապահովագրված է 20 հազար մեքենա, որոնց հետ կապված մինչ այսօր տեղի է ունեցել 1207 տրանսպորտային պատահար: Հատուցման ենթակա միջին վնասը կազմել է 600 հազար դրամ: Պարտադիր ավտոապահովագրության ներդրումից հետո ապահովագրական ընկերություններում կկուտակվի 10-12 մլրդ դրամ: Անձնական վնասի դեպքում (մահ կամ առողջության կորուստ) հատուցումը կկազմի մինչեւ 3 մլն դրամ, իսկ գույքային վնասի դեպքում՝ մինչեւ 1,5 մլն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել