ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը երեկ անցկացրել է դռնփակ նիստ, որտեղ անդրադարձել են վերջին շրջանում բանակում արձանագրված աղմկահարույց դեպքերին: Նիստին ներկա չէր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, սակայն քննարկումներին մասնակցում էին պաշտպանության նախարարության քննչական վարչության պետը, ռազմական ոստիկանության պետը, զինվորական դատախազության պետը եւ ՊՆ բարձրաստիճան այլ սպաներ: Երկժամյա նիստից հետո ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը լրագրողներին հայտնել է, թե քննարկման նպատակն էր՝ «Հաղորդում ստանանք իրենցից, թե ինչ ընթացքի մեջ են գործերը, որովհետեւ նախաքննության ընթացքում, այնուամենայնիվ, չպետք է հրապարակային քննարկում կատարել քրեական գործերի մասով: Բայց հաղորդումը եղավ, վիճակագրություն ներկայացվեց հանձնաժողովին, ինչպես նաեւ խոսվեց հանձնաժողովի կողմից առաջարկությունների մասին, որոնք կարող են կանխարգելիչ դեր ունենալ բանակում բացասական երեւույթները կանխարգելելու իմաստով»: Հրայր Կարապետյանը նաեւ հայտնել է, որ բանակի անձնակազմի կրթական-դաստիարակչական խնդիրների հետ կապված՝ իրենց հանձնաժողովը մի շարք առաջարկություններ է արել, որոնք անպայման կիրականացվեն մոտ ապագայում:
Իսկ հանձնաժողովի անդամ Լարիսա Ալավերդյանն «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել է, որ ոչ թե հարցերի պատասխաններ են ստացել, այլ տեղի է ունեցել մտքերի փոխանակում. «Ես սպասում էի, որ պետք է ոչ թե զինվորական հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ ներկայացնեն, այլ այդ հանցագործությունների պատճառների մասին քննարկում լիներ»: