Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սրբազան կովերը» ներկրողներն են

Հոկտեմբեր 09,2010 00:00

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի կանխատեսումը՝ «Առաջարկը բերելու է նրան, որ 24 ժամ «պանյածյաներով» ենք ապրելու»:

ԱԺ այս քառօրյայում ընդունվեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության նախաձեռնությունը, որով հավասար պայմաններ են ստեղծվում ներկրողների եւ տեղական արտադրողների համար, եւ որի հետեւանքով աճելու են ծխախոտի, օղու, բենզինի եւ դիզվառելիքի գները: Հոկտեմբերի 6-ի ելույթում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը վիճահարույց էր համարել, թե նման հավասար պայմանների ստեղծումը միջազգային պարտավորություններից է բխում. «Ես չեմ հավատում, որ եթե մեր իշխանություններն ուզենան բացատրել աշխարհին, որ Հայաստանն այս պայմաններում չի՛ կարող հավասար բոլորի հետ նույն կանոններով խաղալ՝ մեզ չհասկանան: Մեզ կհասկանան, մեզ կաջակցեն եւ արտոնություններ կլինեն, բայց դա պետք է անել: Բայց դա անել նշանակում է հարվածել ինչ-որ մեր տեղական բիզնեսմենների շահերին: Սա անթույլատրելի՛ է: Ավելի լավ է կործանվի՛ պետությունը, կործանվի՛ ժողովուրդը, աղքատանա, բայց այդ բիզնեսմեններն անձեռնմխելի են, սրբազան կով են՝ դրանց ձեռք տալ չի կարելի: Սա է մոտեցումը»:
Իսկ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պնդել էր, որ հարկային այս փոփոխությունը ենթադրվում է միջազգային պարտավորություններով. «Ինչի՞ են դրսից պահանջում, որովհետեւ ոնց բարեւ ես տալիս՝ նույն ձեւով էլ ուզում ես, որ բարեւ ստանաս: Ինչի՞ է դուրսը այդ հարցը բարձրացրել: Որովհետեւ նույն ձեւով դրսի մեր ռազմավարական գործընկերն ասում է՝ ընկե՛ր ջան, եթե դու իմ վրա սահմանափակում ես կիրառում՝ ես էլ այդ սահմանափակումը քո վրա կկիրառեմ: Չի կարելի օրվա կեսը մտածել «պո պոնյածի», որ մտահոգ են, օրվա մյուս կեսը՝ «պո զակոնու»:
Երեկ ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Առավոտը» փորձեց պարզել, թե արդյոք Վահան Հովհաննիսյանի համար համոզի՞չ են եղել Վարդան Այվազյանի այս հակափաստարկները: Պատասխանը նույն ոճով էր. «Ամբողջ խնդիրն այն է, որ մենք ուզում ենք, որ ամբողջ օրը օրենքով ապրվի, իսկ առաջարկը բերելու է նրան, որ 24 ժամ «պանյածյաներով» ենք ապրելու, ընդ որում՝ «պանյածյաները» փոխվելու են «պանյածյա» թելադրողների տվյալ պահի ցանկությունից։ Այսինքն՝ «պանյածյաների» տարբերությունն օրենքից ոչ մնայուն լինելու մեջ է: Եվ մենք ընդհանրապես բացառում ենք նաեւ բացատրական այդ ոճը»: Պնդելով, թե տվյալ հակափաստարկները համոզիչ չեն՝ պրն Հովհաննիսյանը նաեւ ասաց. «Եթե խրախուսում ենք արտահանումը՝ խրախուսենք լա՛վ որակի արտահանումը. այդ դեպքում պրն Այվազյանի ասած խնդիրները մեզ համար բացարձակապե՛ս չեն ներկայացնի վտանգ ու սպառնալիք»:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչու հանկարծ մեր գործարարներին ներկայացրեց իբրեւ «սրբազան կովերի», մանավանդ այն պայմաններում, երբ կարծիք կա, թե առնվազն նրանցից ոմանց լա՜վ էլ պետք է «ձեռք տալ»: ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց. «Կարծում եմ, որ երկու իմաստով լավ չի հասկացվել իմ հայտարարությունը: Մեկը հավանաբար կապված է որոշների կրթական ցենզի հետ: Կարծել են, որ դա վիրավորանք է: Այսինքն՝ կան մարդիկ խորհրդարանում, որոնք կարծել են, թե դա վիրավորանք է, եւ նկատի ունենք ինչ-որ խոշոր եղջերավոր անասունի: Այնինչ բոլորովին էլ ո՛չ: Խոսքը նրա մասին է, որ օրինակ՝ 1 միլիարդ բնակչություն կազմող հսկա մի ժողովուրդ կովերին համարում է սրբազան եւ թույլ չի տալիս նրանց ձեռք տալ, կպնել, հարվածել, առավել եւս՝ մորթել: Եվ երկրորդ սխալմունքը գալիս է նրանից, որ ես գործարարների մասին չէ, որ ասել եմ. գործարարների մեջ կան այնպիսիք, որոնք սրբազան կովեր են, ոչ թե բոլորը: Բոլորին այնպես են խեղդում, որ ի՜նչ կով, ի՜նչ բան: Բայց կան այնպիսիք, որ, Օրուելի ասած՝ ավելի հավասար են: Բոլորը հավասար են, բայց կան ավելի հավասարները: Եվ երբ փորձում եմ վերլուծություն անել, թե դա ո՞ր տեսակն է՝ դրանք հիմնականում ներկրողներն են: Այ, սրա՛ մասին էի ես ասում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել