ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին հեգնանքով առաջարկել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Արման Գրիգորյանը
– ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի հոկտեմբերի 5-ի լսումներում առաջարկեցիք, որ համազեկուցողները հոկտեմբերին այցելեն Հայաստան եւ փորձեն ստանալ հարցի պատասխանը, թե արդյոք լուծվե՞լ են այն խնդիրները, որոնք մատնանշված էին 1677 բանաձեւում: Մոնիտորինգի հանձնաժողովը հոկտեմբերի 7-ին որոշեց հետաձգել համազեկուցողների այցը: Ինչպե՞ս եք գնահատում այն, որ այսպիսով չընդունվեց Ձեր ու նաեւ «Ժառանգության» առաջարկած ժամանակացույցում առկա այս պահանջը:
– Սա կապված է Գորան Լինդբլադի խնդրի հետ, ինչը երկու կարեւոր բաղկացուցիչ ունի: Նախ, քանի որ վերջինս չի վերընտրվել եւ հետեւաբար շուտով ստիպված է լինելու վայր դնել իր մանդատը՝ նրան այդ առաքելության մաս դարձնելը ԵԽԽՎ-ում համարում են անիմաստ եւ կարծում են, որ իրականում ճիշտ կլիներ, եթե նա կամովին հրաժարական տար ու հնարավորություն տար շուտափույթ կերպով նշանակել նոր համազեկուցող: Ասեմ, որ ես կիսում եմ այդ կարծիքը: Երկրորդ, նրա անաչառության վերաբերյալ կասկածները հայկական պատվիրակության կամ Հայաստանի իշխանությունների շրջանակով չեն սահմանափակվում, ինչը ԵԽԽՎ-ի որոշ պաշտոնյաներ համարում են ոչ միայն ինքնին անցանկալի, այլ նաեւ որպես համազեկուցող նրա արդյունավետությունը նվազեցնող հանգամանք: Այս նկատառումներն են, որ ԵԽԽՎ-ին ստիպել են հետաձգել համազեկուցողների այցը: Բայց տեղեկացնեմ, որ չնայած փաստահավաք առաքելության հետաձգմանը, մյուս համազեկուցողը՝ Ջոն Պրեսկոտը գալու է Հայաստան հոկտեմբերի 19-21-ին տեղի ունենալիք «Ժողովրդավարության ապագայի համար» համաժողովի շրջանակներում: Այդ այցելության ժամանակ նա անպայման հանդիպելու է ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Ինչ վերաբերում է փաստահավաք առաքելությանը, ապա վստահ եմ, որ այն նույնպես տեղի կունենա տեսանելի ապագայում, Լինդբլադին փոխարինելուց շատ չանցած:
– Իսկ Դուք կիսո՞ւմ եք Լինդբլադի անաչառության վերաբերյալ կասկածները:
– Ես հանդիպեցի պարոն Լինդբլադին եւ խնդրեցի նրան որոշ պարզաբանումներ տալ իր նկատմամբ առկա մեղադրանքների ու քննադատությունների կապակցությամբ: Պետք է ասեմ, որ նրա պարզաբանումները չհամոզեցին ինձ: Նա պարզապես հրաժարվեց որեւէ արտառոց բան տեսնել նրանում, որ Հայաստանի հարցով ԵԽԽՎ-ում համազեկուցողը միաժամանակ շվեդ-թուրքական բարեկամության պատգամավորական խմբի նախագահն է: Նա հայտարարեց նաեւ, թե դեմ է քվեարկել Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը, որովհետեւ համարում է, թե նման բանաձեւեր ընդունելը խորհրդարանների գործը չէ, բայց չկարողացավ փոքրիշատե հոդաբաշխ բացատրություն տալ, թե այդ դեպքում ինչո՞ւ է հենց ինքը ուկրաինական «Գոլոդոմորի» վերաբերյալ նմանատիպ բանաձեւի նախագիծ ներկայացրել Շվեդիայի խորհրդարանում: Այս ամենն իսկապես որոշ հարցեր է առաջացնում պարոն Լինդբլադի շարժառիթների, ինչպես նաեւ արդյունավետ համազեկուցող լինելու կարողության վերաբերյալ: Բայց սրանք արդեն ակադեմիական հարցեր են, որովհետեւ պարոն Լինդբլադին շուտով փոխարինելու են:
– ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում տարածած Ձեր ելույթում նշել էիք, թե երբ 1677 բանաձեւում չնշվեց բարեփոխումների ժամանակացույց եւ չհստակեցվեցին հետեւանքները, որոնք կհաջորդեն, եթե ՀՀ իշխանությունները չկատարեն բանաձեւում առկա պահանջները՝ կասկած էիք հայտնել, որ ՀՀ իշխանությունները սա կմեկնաբանեն, թե ԵԽԽՎ-ն մտադիր չէ տեսանելի ապագայում այս կապակցությամբ որեւէ բան անել, ու սա նրանց համար «կանաչ լույս» կդառնա վարվելու այնպես, ինչպես ցանկանում են, եւ անցած 15 ամիսներն ապացուցեցին՝ կանխատեսումը ճիշտ էր: Ձեր կարծիքով՝ այս հերթական ձգձգումը եւս նույն կե՞րպ կօգտագործվի:
– Դժվար է կանխատեսել, բայց իմ կարծիքով՝ հիմա Հայաստանի իշխանությունները թերեւս պետք է որ ունենան այն տպավորությունը, թե մոտ ապագայում որոշակի ակտիվացում լինելու է ԵԽԽՎ կողմից: Այսինքն՝ այս դադարը կարծես թե մոտենում է ավարտին: Եվ եթե Հայաստանի իշխանությունները մի փոքր խելամտություն եւ ողջամտություն ցուցաբերեն՝ նրանք, այնուամենայնիվ, կանեն ինչ-որ քայլեր, ու խոսքս 1677 բանաձեւի պահանջների կատարմանն ուղղված իրակա՛ն քայլերի մասին է, այլ ոչ իմիտացիայի կամ բարի մտադրությունների՝ կատարվելիք գործերի վերաբերյալ: (Եվս մի մեջբերում անենք Արման Գրիգորյանի գրավոր ելույթից. «Պետք էր չափազանց միամիտ լինել՝ ենթադրելու, թե հայկական պատվիրակությունը կգա Ստրասբուրգ եւ կասի ԵԽԽՎ-ին, որ իսկապես ոչինչ չի արվել: Բայց ի՞նչ են նրանք պատրաստվում պնդել: Ես ապարդյուն էի փորձում պարզել այս մտահոգիչ հարցի պատասխանը՝ մինչեւ չկարդացի Նաիրա Զոհրաբյանի հարցազրույցը. «Վերջերս Վենետիկի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳԻ հետ քննարկեցինք «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները, ստեղծված են աշխատանքային խմբեր ոստիկանությունում, արդարադատության համակարգում բարեփոխումներ անելու համար»: Նրանք ստեղծել են աշխատանքային խմբե՜ր, տիկնայք եւ պարոնայք: Հուսով եմ, կներեք իմ հեգնանքը, եթե առաջարկեմ՝ ժամանակն է ամբողջովի՛ն դադարեցնել մոնիտորինգը Հայաստանում».- Ա. Ի.): Լուրջ քայլերի մասին ես նիստում հայտարարեցի, եւ ՀԱԿ-ը դրանք պնդում է՝ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, ստեղծել վստահելի մարմին, որը կհետաքննի մարտի 1-ի դեպքերը, եւ լուծել «Ա1+»-ի արտոնագրի հարցը: Քանի դեռ այս ամենը նրանք չեն արել՝ որեւէ լուրջ առաջընթաց չի լինի, նույնիսկ եթե մշակեն «Ընտրական օրենսգրքի» փոփոխության 10 նախագիծ: Աշխատանքային խմբեր ստեղծելն այլեւս որեւէ մեկի համար տպավորիչ չէ:
– Դուք առաջարկել էիք, որ ԵԽԽՎ-ն դիտարկումներ իրականացնի, թե ինչ ընթացք է ունենալու հեռարձակման արտոնագիր ստանալու «Ա1+»-ի փորձը, ու նաեւ, թե ինչ պայմաններում են քաղբանտարկյալները: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը չէր առարկել: Ըստ այդմ՝ արդյոք հնարավո՞ր է, որ առաջիկայում այս կապակցությամբ արվեն գործնական քայլեր:
– Գոնե այնտեղ մեր խորհրդակցությունների ընթացքում որեւէ լուրջ առարկություն չլսեցի այդ առաջարկների վերաբերյալ: Հակառակը՝ ինձ ասացին, թե դրանք նորմալ առաջարկներ են, ու որ պատճառ չեն տեսնում դրանք չընդունելու: Հետեւաբար, կարելի է ասել, լավատես եմ, որ նման մեխանիզմներ այնուամենայնիվ կստեղծվեն ու գոնե «Ա1+»-ի արտոնագրի եւ քաղբանտարկյալների վիճակի հարցերը վերահսկելու ուղղությամբ կարվեն քայլեր:
– Հայտնի է, որ զրուցել եք նաեւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ եւ մի շարք այլ հանդիպումներ ունեցել ԵԽԽՎ-ում: Արդյոք ձեռք բերվե՞լ են որոշակի պայմանավորվածություններ:
– Շատ լուրջ, հետաքրքիր եւ բովանդակալից զրույցներ եմ ունեցել Թոմաս Համմարբերգի, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի եւ քաղաքական գործերի տնօրինության ներկայացուցիչ Մայքլ Ինգլդոուի հետ: Այդ զրույցների հիմնական իմաստն ընդհանուր հայտարարի գալն էր՝ Հայաստանի վիճակը գնահատելու առումով: Եվ իրականում չունեինք շատ մեծ տարաձայնություններ: Նույնիսկ Պրեսկոտը, որը հակված է իր չեզոք լինելու հանգամանքը հաճախ շեշտելու՝ չուներ լուրջ առարկություններ: Անելիքների, հետագա քայլերի վերաբերյալ պայմանավորվածություններ, իհարկե, չկան: Նրանք չէին կարող որոշակի խոստումներ տալ: Բայց եթե գնահատականների ու վերլուծության հարցում մեծ առարկություններ չեղան՝ միանգամայն արդարացված է ենթադրելը, որ ԵԽԽՎ-ն որոշակիորեն խմբագրելու է իր վերաբերմունքը տեսանելի ապագայում, եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն զբաղվել բարեփոխումների իմիտացիայով:
Հ. Գ. Ի դեպ, Արման Գրիգորյանն իր գրավոր ելույթում Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին առաջարկել է շատ մեծ խաղագումար դնել, որ Հայաստանում հաջորդ ընտրությունները նշանակալիորեն չեն տարբերվի նախորդներից՝ նույնիսկ «Ընտրական օրենսգրքի» բարեփոխման դեպքում, եթե չլինեն իշխանությունների վարքագիծը զսպող այլ գործոններ: Որքան մեզ հայտնի է՝ որեւէ մեկն առայժմ չի ընդունել «մարտահրավերը»: