Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՂՀ-Ն ՈՒԶՈՒՄ Է ՃԱՆԱՉՎԵԼ

Հոկտեմբեր 09,2010 00:00

\"\"Բայց Հայաստանը ժամանակ առ ժամանակ խոչընդոտել է

Օրերս «Ժառանգություն» խմբակցության՝ ԼՂ անկախությունը ճանաչելու օրենսդրական նախաձեռնությանն անդրադառնալով՝ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նկատել էր, թե Ղարաբաղն այդ հարցով միջազգային հանրությանը՝ այդ թվում Հայաստանին, չի դիմել:
Հակառակ այս հայտարարությանը, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ղարաբաղում ոմանք պնդում են, թե նման հորդոր ԼՂՀ-ից ժամանակ առ ժամանակ հնչել է: Այդպես պնդում է նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ասելով, թե 1992-ին ԼՂՀ-ի կողմից Հայաստանին ուղղված նման հորդոր եղել է: Ավելին, ԼՂՀ անկախության հռչակումից հետո  ղարաբաղյան կողմը պաշտոնական ուղերձով դիմել է ՄԱԿ անդամ երկրներին՝ ԼՂ անկախությունը ճանաչելու խնդրանքով: Համանման խնդրանքով ընդամենը մի քանի ամիս առաջ հայտարարությամբ հանդես են եկել նաեւ ԼՂՀ խորհրդարանական ուժերն ու շուրջ 20 հ/կ-ներ: Այս վերջինի մասին հիշեցրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: ԼՂՀ միջազգային ճանաչման հարցը քննարկման առարկա էր դարձել հենց Ստեփանակերտում, ու ապրիլի 26-ին ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհուրդը «ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթաց նախաձեռնելու կոչով դիմել է Սփյուռքի հայկական կազմակերպություններին»: Ավելի ուշ՝ հուլիսի 23-ին, ԼՂՀ ԱԺ քաղաքական ուժերն էին հայտարարություն արել, որում ասված էր, թե Արցախի «ժողովուրդը ձգտում է հռչակած անկախության միջազգային ճանաչմանը, որը ներգրվում է արդի աշխարհակարգի զարգացման հիմնական միտումներին», եւ որ Կոսովոյի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանն էլ իր «հուլիսի 22-ի որոշմամբ հաստատեց եւ իրավաբանորեն ամրագրեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքն ու նրա իրականացումը չեն խախտում միջազգային ընդհանուր իրավունքի որեւէ սկզբունք կամ կանոն, այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքը»: Իհարկե, եթե այս տիպի հայտարարությունները կարելի է համարել միջազգային հանրությանը ԼՂ անկախությունը ճանաչելու կոչ կամ հորդոր՝ ապա «Ժառանգության» ներկայացուցիչները իրավացի են: Բայց մեր աղբյուրները վստահեցնում են, թե ԼՂ անկախության հռչակումից անմիջապես հետո ԼՂՀ ճանաչման ուղերձով միջազգային հանրությանը դիմելուց ի վեր Ստեփանակերտն այդ ուղղությամբ գործնական որեւէ քայլ չի ձեռնարկել:
1992-95թթ. Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ, այսօր քաղաքագետ Մանվել Սարգսյանի ասելով, թեեւ այդ հարցը Հայաստանում ու Ղարաբաղում ժամանակ առ ժամանակ շոշափվում է, բայց նույնքան էլ պարբերաբար մոռացության է տրվում: Նրա մատուցմամբ, սկզբնական փուլում խոսվում էր, թե հարավամերիկյան պետություններից մեկը կարող է ճանաչել ԼՂՀ-ն, բայց դժվարացավ հիշել, թե ԼՂՀ ճանաչման հարցով Ստեփանակերտը հրապարակային քաղաքականություն վարել է: Ըստ նրա, ԼՂՀ ճանաչման մասին որեւէ հարցադրում Հայաստանում ու ԼՂ-ում «ջրվում» էր. նախ՝ պատերազմ էր, հետո էլ ասվում էր, թե ԼՂ կարգավիճակի հարցը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եւ նման հարցի բարձրացումը կարող է խանգարել բանակցային պրոցեսին: «ԼՂՀ ճանաչման հարցադրումն արվել է բազմաթիվ պաշտոնական հայտարարությունների տեսքով, որում մասնավորապես ասվում էր, թե ԼՂ անկախությունը սակարկելի չէ: Դա կարելի՞ է կոչել արդյունավետ քաղաքականություն, թե՞ ոչ՝ այլ խնդիր է: Ես չեմ կարծում, որ դա արդյունավետ էր, առավել եւս, որ միշտ կար Հայաստանի դիրքորոշումը, որ ոչ մի կերպ չպետք է խանգարենք բանակցային պրոցեսին, որ այդ բանակցությունների միջոցով լուծում կգտնենք: Մինչ օրս էլ այդպես է: Երբ Հայաստանի կողմից այդ հարցը սուր էր դրվում, բնական էր, ԼՂ-ում էլ էին կրկնում ՀՀ-ում առաջ քաշած այդ թեզերը»,- ասաց Մ. Սարգսյանը: Նա  ավելի կարեւորեց այն, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ոչ միայն ձեւաչափ է, այլեւ դրվածք՝ ԼՂ ապագա կարգավիճակը պետք է լուծվի կողմերի բանակցությունների միջոցով՝ ՄԽ շրջանակներում: «Այսինքն՝ Ադրբեջանին եւ Հայաստանին իրավունք է տրված լուծել ԼՂ ապագա կարգավիճակի հարցը: Այ սա է ամենաէականը, եւ երբ խոսում են կողմնակի քայլեր չանելու, բանակցություններին չխանգարելու մասին, նշանակում է՝ չխանգարել, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը գան համաձայնության ԼՂ կարգավիճակի շուրջ: Դա, բնականաբար, մեծագույն բլեֆ է, որովհետեւ ամեն երկիր իր համար լուծել է այդ հարցը. Ադրբեջանն ասում է՝  ես բանակցություններին մասնակցում եմ միայն այն բանի համար, որ լուծեմ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը, Հայաստանն ասում է՝ ԼՂ անկախությունն առեւտրի առարկա չէ: Սա ստատուս քվոյի էլեմենտներից մեկն է, որի շուրջ երբեք համաձայնություն չի կարող լինել, անհնարին է, համաձայնության տեղ չկա»,- հայտարարեց քաղաքագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել