Երեկ կեսօրին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը շտապում էին գնալ «Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովի» շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանում կազմակերպված միջոցառմանը մասնակցելու: Բարձրաստիճան պաշտոնյաները ուշանում էին, իսկ նրանց սպասող մարզպետներն ու քաղաքապետերը անհանգիստ նայում էին ժամացույցներին:
Եվ ինչքան էլ որ վարչապետն ու նրան ուղեկցողները ուշանում էին, այնուհանդերձ, նրանք չխախտեցին ճանապարհային երթեւեկության կանոնները եւ համբերատար սպասեցին այնքան, մինչեւ լուսակրի վրա վառվեց հետիոտնին ճանապարհ տվող կանաչ լույսը: «Տեսնում ես, անցանք կանաչ լույսի տակով»,- ուրախությամբ արձանագրեցին նրանք: