Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԼՈԳ-ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ HR ԼՐՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 08,2010 00:00

\"\"Ամերիկյան «Social Intelligence» ընկերությունը գործատուներին առաջարկում է իր նոր ծառայությունը, որը հնարավորություն կտա ընկերությունների HR բաժնի աշխատակիցներին տեղեկություններ ստանալ այն ամենի մասին, ինչով «զբաղվում» են իրենց ընկերությունների աշխատակիցները՝ սոցիալական կայքերում: «Social Intelligence»-ի կողմից մշակված ծրագրային ապահովման համակարգը ավտոմատ կերպով հավաքագրում եւ դասակարգում է «թիրախային» աշխատակցի կողմից Facebook-ում, Twitter-ում, Flickr-ում, YouTube-ում, LinkedIn-ում, տարբեր բլոգներում եւ այլ ինտերնետային աղբյուրներում թողած «հետքերը»: Այս «լրտեսական» ծրագրային ապահովման գլխավոր նպատակն է՝ բացահայտել աշխատակիցների բնավորության «վատ» կողմերը, մասնավորապես պարզել, թե արդյո՞ք տվյալ աշխատակիցն օգտագործում է ալկոհոլ, հակված է խախտել օրենքը եւ նմանատիպ այլ փաստեր: Իր ծառայությունները «Social Intelligence» ընկերությունը մտադիր է առաջարկել առավելապես աշխատանքի տեղավորման գործակալություններին եւ խոշոր ընկերությունների կադրային բաժիններին, որոնք շատ հաճախ նոր աշխատակիցներ են փնտրում սոցիալական կայքերի միջոցով: «Social Intelligence»-ի մասնագետները վստահեցնում են, որ կպահանջվի ընդամենը 48 ժամ յուրաքանչյուր մարդու՝ ինտերնետում թողած «հետքերով» ամբողջական նկարագիրը կազմելու համար:

Նշենք նաեւ, որ ավտոմատ կերպով հավաքված եւ դասակարգված տվյալները վերջնական փուլում «ձեռքով» մշակվում են «Social Intelligence»-ի վերլուծաբանների կողմից, որպեսզի բացառվեն տվյալների «կեղծ» համադրությունները:

Ուշադրության արժանի եւս մեկ փաստ. ընկերության մասնագետները վստահեցնում են, որ ամբողջ ինֆորմացիան հավաքագրվում է միայն բաց աղբյուրներից: Այսօր մարդիկ ինտերնետում հրապարակում են իրենց մասին այնքան տեղեկատվություն, որը լիովին բավարար է նկարագրական կերպար կազմելու համար: Իսկ այժմ ոչ այնքան հաճելի մի փաստ եւս. «Social Intelligence»-ի լրտեսական աշխատանքը չի ավարտվում «թիրախային օբյեկտի» մասին տեղեկատվության հավաքագրմամբ: Եթե պատվիրատու ընկերությունը ցանկանա, ապա «Social Intelligence»-ը կշարունակի հետախուզությունը եւ կհետեւի «զոհի» ամենօրյա ինտերնետային «գործունեությանը»՝ բացահայտելու համար, թե արդյոք պատվիրատու ընկերության նոր աշխատակիցներն ինչ կարծիք ունեն իրենց ղեկավարության մասին եւ ինչպես են արտահայտվում բլոգներում իրենց նոր գործընկերների մասին: Ընդհանուր առմամբ, «Social Intelligence»-ը առաջին հերթին աշխատակիցներին մատուցում է ոչ այնքան հաճելի ծառայություններ, սակայն միեւնույն ժամանակ ընկերությունը չի խախտում անձնական տվյալների գաղտնիության պայմանը՝ հավաքագրելով այն տվյալները, որոնք հրապարակել են ուրիշները: Այս դեպքում՝ ըստ armtech.am-ի՝ պետք է ուղղակի առավել ուշադիր լինել եւ չվստահել ինտերնետին՝ բոլոր գաղտնիքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել