Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոկենտրոնի «Կինոաշունը»

Հոկտեմբեր 08,2010 00:00

\"\"Հանդիսատեսին կինոդահլիճ բերելու յուրօրինակ նախաձեռնություն

Հոկտեմբերի 11-ին կմեկնարկի Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը: Շուրջ մեկ ամիս ցուցադրվող 100 ֆիլմերի ցանկն ու ցուցադրման վայրերն արդեն հայտնի են՝ «Մոսկվա» կինոթատրոն, «Նարեկացի» արվեստի միություն, Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, «Առնո Բաբաջանյան» համերգասրահ, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան, Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտ: Կլինեն նաեւ բացօթյա ցուցադրություններ՝ Կասկադում եւ Սիրահարների այգում: Այս տարի ցուցադրություններ եւ ստեղծագործական հանդիպումներ նախատեսված են միայն 4 մարզերում՝ Գեղարքունիքում, Շիրակում, Կոտայքում եւ Արմավիրում: Մինչեւ նոյեմբերի 10-ը հայ կինոսիրողները հնարավորություն կունենան դիտելու ազգային կինոֆոնդում պահպանված հին եւ ժամանակակից լավագույն, այդ թվում՝ նաեւ չցուցադրված ֆիլմերը: Կցուցադրվի առաջին ֆիլմը՝ «Նամուսը», առաջին հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն», առաջին հեքիաթը՝ «Անահիտը», առաջին կատակերգությունը՝ «Շորն ու Շորշորը», ինչպես նաեւ առաջին քաղաքական՝ «Մեքսիկական դիպլոմատներ» ֆիլմը ու գրաքննությամբ հետապնդված «Հնձանը»: Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, «Կինոաշունը» առաջին քայլն է՝ կինոդիտման երբեմնի բարի ավանդույթները վերականգնելու գործում. «Մենք այսօր մեր կինոն հանդիսատեսին հասցնելու խնդիր ունենք եւ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հանդիսատեսին նորից բերենք կինոդահլիճ, կապենք կինոյի հետ, ստեղծենք ժողովուրդ-հանդիսատես-կինոդահլիճ կապը»: Ծրագրի շրջանակում կնշվի նաեւ Մհեր Մկրտչյանի 80, Հենրիկ Մարգարյանի եւ Հենրիկ Մալյանի 85, Ռոբերտ Սահակյանցի 60 եւ եւս 5 արվեստագետների հոբելյանները: Լինելու է նաեւ ֆոտոցուցահանդես, արդեն պատրաստ են 120 լուսանկարներ, որոնցով կներկայացվի հայ կինոյի պատմությունը՝ սկսած հիմնադիրներից մինչեւ մեր օրերի արվեստագետներ: Գ. Գեւորգյանը վստահեցրեց՝ ցուցահանդեսում շատ մարդիկ կգտնեն իրենց հարազատ եւ միեւնույն ժամանակ մոռացված մարդկանց: Բացի այս ամենից, նախատեսված են նաեւ «կլոր-սեղաններ»: Հոկտեմբերի 20-ին Կինոյի տան դահլիճում կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը կանցկացնի «Մեր ժամանակի հերոսը՝ ժամանակի խնդիր» թեմայով քննարկում, իսկ նոյեմբերի 1-ին Դավիթ Մուրադյանը կխոսի կինոդրամատուրգիայի արդի խնդիրների մասին:

«Կինոաշունի» շրջանակներում կլինի նաեւ սեմինար, Հայաստան ժամանած «Կոդակ» ընկերության ներկայացուցիչները կներկայացնեն ժամանակակից տեխնիկայի հնարավորությունները:

Հայտարարվել է նաեւ գրախոսականների մրցույթ, որի հանձնաժողովի նախագահն է կինոգետ Դավիթ Մուրադյանը: Հանձնախմբի անդամ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոռեկտոր Անիտա Երզնկյանը նշեց. «Այսօր քննադատական միտքն այնքան էլ ակնհայտ չի դրսեւորվում, ինչպես պետք է լիներ: Այս փառատոնը փորձում է խթանել նաեւ քննադատական միտքը, այսինքն՝ հնարավորություն տալ երիտասարդներին գրել հոդվածներ»: Գրախոսականները կտպագրվեն մամուլում, իսկ նյութերը հեղինակները կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով: Քննադատական հոդվածների համար նաեւ դրամական պարգեւներ են նախատեսված: Առաջին տեղի համար՝ 100 հազար դրամ, 2-րդ՝ 75 հազար, 3-րդ տեղի հաղթողը կստանա 50 հազար դրամ: Գ. Գեւորգյանը հույս ունի, որ մյուս տարի գումարի չափը ավելին կլինի: Նշենք, որ փառատոնի միակ աջակիցը ՀՀ մշակույթի նախարարությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել