Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջվել է բժշկի օգնություն

Հոկտեմբեր 08,2010 00:00

«Միգ» թատերական կենտրոնի ներկայացման ժամանակ հանդիսականի նյարդերը չեն դիմացել

Օրերս «Հայֆեստ» թատերական փառատոնի շրջանակներում Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում ցուցադրվեց Սանկտ Պետերբուրգից ժամանած «Միգ» թատերական կենտրոնի «Ստի դետեկտոր» ներկայացումը: Թեեւ ներկայացման ընթացքում բեմից հնչում էր «ոչ նորմատիվ» խոսք, սակայն դահլիճը լքողներ չգրանցվեցին:

Պիեսի առանցքում մի ընտանիք է, որն իր խնդիրները լուծելու համար հրավիրում է հիպնոսողի: «Առավոտի» հետ զրույցում կենտրոնի պրոդյուսեր Միլենա Ավիմսկայան, ով նաեւ «Միգ» թատերական կենտրոնի հիմնադիրն է, ասաց, որ կենտրոնի հիմնական նպատակը՝ երիտասարդ ռեժիսորներին սատարելը եւ արտահայտելու հնարավորություն տալն է:

Դիտարկմանը, թե սատարելու համար նախ գումար է անհրաժեշտ, Մ. Ավիմսկայան տվեց հետեւյալ պատասխանը. «Այսօր «Միգ» թատերական կենտրոնին ֆինանսապես աջակցում է Մոսկվայի քաղաքապետարանը, ՌԴ մշակույթի նախարարությունը: Ուրախալի է, որ «Միգը» բավական կարճ ժամանակահատվածում արդեն ասել է իր խոսքը: Անցյալ տարվա կտրվածքով մենք մասնակցեցինք ութ հեղինակավոր թատերական փառատոների, ինչպիսիք են «Маска плюс»՝ անցկացվում է 2009թ. «Золотая маска» թատերական փառատոնի շրջանակներում, «Радуга» եւ այլ: Իսկ դա արդեն ինչ-որ բան ասում է»,- ընդգծում է Մ. Ավիմսկայան ու հավելում, որ օրերս էլ հրավեր են ստացել Միլանում ներկայացում բեմադրելու: Միլան, ըստ մեր զրուցակցի, կմեկնի 4 երիտասարդ բեմադրիչ՝ քաստինգը անցնելուց հետո: Կենտրոնն ունի շուրջ 33 երիտասարդ բեմադրիչ:

Խոսելով Երեւանում «Հայֆեստի» շրջանակներում ցուցադրվող ներկայացումներից, «Միգ» թատերական կենտրոնի պրոդյուսերը ասաց. «Հայ հանդիսականի դատին հանձնեցինք երկու ներկայացում՝ «Գավառական բժշկի գրառումները» եւ «Ստի դետեկտորը»: Մեզ անչափ գոհացրեց հայ հանդիսականը: Պարզապես ցնցված եմ նրա անմիջականությունից ու զսպվածությունից»:

Մ. Ավիմսկայան պատմում է, որ «Գավառական բժշկի գրառումները» ներկայացման ժամանակ պրովոկացիոն տեսարան ունեն, որի ընթացքում հայ հանդիսականներից մեկի նյարդերը տեղի են տվել: Արդյունքում ստիպված են եղել տիկնոջը բժշկական օգնություն ցույց տալ: Ըստ Մ. Ավիմսկայայի, այդ պրովոկացիոն տեսարանում չի հասկացվում անգամ, որ ներկայացումն արդեն սկսվել է: Դահլիճում հայտնվում է էլեկտրիկը եւ փորձում է կարգավորել լուսարձակող սարքերը, իսկ մի քանի րոպե հետո իմիտացիա է անում, իբր հոսանքահարվեց:

Մ. Ավիմսկայան ասաց նաեւ, որ ինքը առաջին անգամ չէ Երեւանում: Անցյալ տարի հյուրի կարգավիճակով է մասնակցել «Հայֆեստ» փառատոնին: Ժամանակի սղության պատճառով Մ. Ավիմսկայան այս տարի հայկական ներկայացումներ չի հասցրել դիտել: Նախորդ այցելությունից իր համար առանձնացրել էր Կամերային թատրոնի «Ինչ տարբերություն, թե ում հետ» դրաման՝ Լուսինե Երնջակյանի ռեժիսուրայով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել