Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴԵՊՐԵՍԻԱՆ ՀԱՂԹԱՀԱՐԵՔ ՀԱՄԲՈՒՐՎԵԼՈՎ

Հոկտեմբեր 08,2010 00:00

\"\"Մասնագետները համոզված են, որ համբույրը ընկճվածությունից ու  տխրությունից դուրս գալու լավագույն միջոցն է:

Մռայլ, տխուր, հոգնած, քնկոտ, անաշխատունակ: Աշնանային այս օրերին այս զգացողություններն ունի գրեթե ամեն երկրորդ մարդը: Ոմանք չեն ուզում տեղից վեր կենալ ու լվացվել անգամ, ոմանք արթնանում են մեկին ծեծելու, խեղդելու ցանկությամբ, ոմանք առողջության հետ կապված խնդիրներ են ունենում: Այս ամենը բժիշկ-հոգեբանները բացատրում են աշնանային դեպրեսիայով: Ճիշտ է, այն անցողիկ երեւույթ է, սակայն հաշվի առնելով, որ մենք՝ հայերս, սթրեսներով ապրող ազգ ենք, սեզոնային փոփոխությունը սթրեսի հետ կարող է հոգեկան լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Պատահական չէ, որ ինչպես գարնանը, այնպես էլ աշնանը սեզոնային դեպրեսիայի ֆոնի վրա ինքնասպանությունների թիվը մեծանում է: Որպեսզի բանը չհասնի կամրջից վայր նետվելուն, ժավելի սպիրտ կամ «մարգանցովկա» խմելուն, անհաժեշտ է ուղղակի հետեւել մասնագետների խորհուրդներին:

Բժիշկների համոզմամբ, աշնանային դեպրեսիայի պատճառը արեւի լույսի պակասն է, որն անմիջականորեն ազդում է մարդու տրամադրության, օրգանիզմի վրա: Արեւի ճառագայթների պակասը մարդու օրգանիզմում արտադրվող ուրախության եւ դրական հորմոնները նվազեցնում է, եւ հայտնվում ես սեւ գույների մեջ: Երբեմն մարդիկ չհասկանալով, թե իրենց հետ ինչ է կատարվում՝ գնում են հեքիմների, վախ չափողների, թուղթ ու գիր բացողների մոտ, որովհետեւ մի քանի օրվա ընթացքում ամեն ինչ ասես գլխիվայր շուռ է գալիս, անգամ սեռական տարաբնույթ խանգարումներ են ունենում: Մասնագետները պնդում են, որ աշնանային դեպրեսիան այս առումով ավելի շատ կանանց վրա է ազդում, քան՝ տղամարդկանց: Շատ կանայք աշնանն ունենում են դաշտանային ցիկլի տատանումներ եւ սեռական նորմալ կյանքի շեղումներ: Սեքսապաթոլոգները նույնիսկ նկատել են, որ հատկապես հոկտեմբեր ամսին, այսինքն՝ աշնան սկզբին, շատ կանայք բողոքում են սեռական պասիվությունից: Նրանք անընդհատ ուզում են քնել, բայց արթնանալով էլ՝ բավարարված չեն լինում:

Ինչ վերաբերում է առողջական խնդիրներին, հայտնի է, որ աշնանային դեպրեսիան վատ է անդրադառնում հատկապես միգրենային գլխացավով տառապողների վրա, բացի այդ, բժիշկների հավաստմամբ, շատերն ունենում են անհասկանալի ցավի զգացողություն՝ տարբեր օրգաններում ու մարմնի տարբեր մասերում. մեկի սիրտն է ցավում, մյուսի՝ կուրծքը, մեկը տառապում է մեջքի կամ ստամոքսի ցավերից: Թեեւ շատերն այդ դեպքում վազում են բժշկի մոտ ու մի տոպրակ դեղ ընդունում, սակայն հնարավոր է մի քանի օր դիմանալու եւ ճիշտ սնվելու դեպքում առանց կողմնակի միջամտության աշնանային դեպրեսիան հաղթահարվի: Բժիշկները խորհուրդ են տալիս այս օրերին ավելի շատ գլյուկոզայով հարուստ մրգեր, օրինակ՝ խաղող ուտել, չմոռանալով արյան ճնշման հետ կապված խնդիրները: Թեեւ հատկապես աղջիկները խուսափում են գիրանալուց, բայց գոնե հոկտեմբերին պետք է լրացնել քաղցրի պահանջը եւ չզրկվել կոնֆետ, թխվածք ուտելու հաճույքից: Միայն անհրաժեշտ է խուսափել ճարպերից:

Սեզոնային դեպրեսիաներից դուրս գալուն նպաստում է նաեւ սպիտակ գույնը: Թեեւ հոգեբանները կողմ են ուրախ, վառվռուն գույներով հագուստներին, սակայն զուտ անցումային սեզոնի առաջին օրերին լավ է կրել սպիտակ հագուստ, որովհետեւ այն թուլացնում է լարվածությունը, հանգստացնում է եւ չի տխրեցնում, վերականգնում է քունն ու ախորժակը: Մասնագետները գտնում են, որ այս օրերին պետք է նաեւ հաճախակի լողանալ, զբոսնել, այցելել մերսման սրահներ: Եթե դեպրեսիան խորն է եւ այս խորհուրդներն անհամ ու անտեղի են թվում, կարելի է օգտագործել հանգստացնող դեղամիջոցներ, իսկ եթե դա էլ չօգնի՝ կա եւս մի միջոց, որը օգնում է ինչպես աշնանային դեպրեսիայի, այնպես էլ ցանկացած սթրեսի հաղթահարմանը: Գիտնականներն ապացուցել են, որ սեզոնային դեպրեսիայի դեմ լավագույն միջոցը հաճախակի համբուրվելն է:

Եթե, այնուամենայնիվ, համբուրվելն էլ չի օգնում, եւ մարդը չի կարողանում դուրս գալ հուսահատությունից, ընկճվածությունից, մտածում է մահվան, ինքնասպանության մասին, կյանքում միայն վատն է նկատում՝ այս ամենը միայն աշնանային դեպրեսիայով բացատրել չի կարելի: Պետք է անհապաղ դիմել հոգեբանի կամ հոգեթերապեւտի: Վիճակագրության համաձայն, տարբեր սթրեսներն ու դեպրեսիաները չհաղթահարած մարդկանց 10 տոկոսը ելքը գտնում է ինքնասպանություն գործելու մեջ, մի գերակշիռ մասը դառնում է ալկոհոլի ու թմրամիջոցների զոհ կամ հոգեկան ավելի լուրջ հիվանդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել