Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍԼՈՎԱԿԻԱ. ԵՐԿՈՒ ԹԻՄԵՐՆ ԷԼ ԿԱԴՐԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ ԽԱՂԻՆ

Հոկտեմբեր 08,2010 00:00

\"\" \"\"

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն արդեն հրապարակել էր մեր ազգային թիմի կազմը, որը պատրաստվելու է այսօր երեկոյան կայանալիք Հայաստան-Սլովակիա խաղին: Նախնական ցուցակից դուրս էին մնացել «Միկայի» պաշտպան Աղվան Մկրտչյանը, Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Արտակ Դաշյանն ու «Բանանցից» Վալտեր Պողոսյանը: Այս երեք ֆուտբոլիստներին է միացել նաեւ «Փյունիկի» կիսապաշտպան՝ 20-ամյա Էդգար Մալաքյանը: Երիտասարդ ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած մարզման ընթացքում, իսկ նման վնասվածքների դեպքում վերականգնման համար անհրաժեշտ է առնվազն երկու շաբաթ, ասել է թե՝ Մալաքյանը չի մասնակցի նաեւ Անդորրայի հետ հոկտեմբերի 12-ին կայանալիք խաղին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը: Երեկ կայացած նախախաղյա ասուլիսի ընթացքում Վարդան Մինասյանը նաեւ տեղեկացրեց, որ «Փյունիկի» մեկ այլ կիսապաշտպանի՝ Դավիթ Մանոյանի մասնակցությունը առաջիկա խաղերում նույնպես հավանական չէ: «Տեսնելով Դավիթ Մանոյանի վերականգնման գործընթացը՝ կարող ենք ասել, որ նա չի կարողանա հանդես գալ անգամ երկրորդ խաղում»,- ասաց Մինասյանը: Այլ կադրային խնդիրներ մեր ընտրանին չունի:

Երեկ թիմին միացել է վերջին ֆուտբոլիստը՝ Ռոման Բերեզովսկին, ու հավաքականը բնականոն հունով պատրաստվում է հանդիպմանը: «Հիմա բոլոր հրավիրվածներն իմ տրամադրության տակ են: Հավաքականի խաղում աճ է նկատվում, ինչը պիտի շարունակական բնույթ կրի՝ կայացման գործընթացը շարունակելու համար: Մենք պետք է լավ խաղանք ու աշխատենք չհիասթափեցնել երկրպագուներին, ովքեր ականատեսն են պրոգրեսի»,- նշեց Մինասյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի ազգային հավաքականն ունի խաղային ուրույն ձեռագիր՝ շատ նման «Բարսելոնայի» կամ «Արսենալի» խաղաոճերին, որտեղ շեշտը դրվում է ոչ թե ֆիզիկական պատրաստվածության, այլ՝ արագաշարժ կիսապաշտպանական գործողությունների վրա: «Մենք պետք է արագ գործենք, հակառակ դեպքում ուժային պայքարում անպայման կզիջենք ֆիզիկապես ավելի լավ պատրաստված թիմերի»,- նկատեց մեր հավաքականի գլխավոր մարզիչը՝ փաստելով, որ առաջիկա մրցակիցը՝ Սլովակիան, մեր խմբի ամենակազմակերպված թիմն է: «Կարգապահ թիմ է եւ բարձրակարգ թիմային խաղի շնորհիվ է հաջողության հասնում»,- ասաց Մինասյանը, ավելացնելով, որ յուրաքանչյուր թիմ ունի իր ուժեղ ու թույլ կողմերը: Ուստի՝ բնական է, որ ինչպես բոլոր խաղերում, այնպես էլ Սլովակիայի պարագայում, մեր հավաքականը ձգտելու է հաղթանակի:

Բնականաբար, հաղթանակի է ձգտելու նաեւ Սլովակիայի ընտրանին, որը Երեւան է ժամանել 6 միավորով ու մտադիր է եւս 3-ն ավելացնել իր գանձարանը, ինչը, սակայն, այնքան էլ դյուրին չէ՝ սլովակների գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսի խոսքերով: «Թղթի վրա Սլովակիան է համարվում ֆավորիտ, սակայն ամեն ինչ պետք է որոշվի խաղադաշտում»,- նշեց իր նախախաղյա մամլո ասուլիսի ընթացքում սլովակ մասնագետը՝ ընգծելով, որ այս ընտրական փուլում Հայաստանի հավաքականը տեխնիկապես գրագետ եւ վառ ֆուտբոլ է ցուցադրել: «Հայ ֆուտբոլիստները տեխնիկապես գրագետ են գործում, լավ են մշակում գնդակը, արագ են խաղում, ուստի պաշտպանությունում պետք է շատ ուշադիր գործենք: Հայաստանի հավաքականի կազմում կառանձնացնեի Մխիթարյանին, Մովսիսյանին, Մանուչարյանին»,- փաստեց Վլադիմիր Վայսն ու կանխատեսեց լավ ֆուտբոլ, քանի որ «Հանրապետական» մարզադաշտն ու վերջինիս խոտածածկը հիանալի են: Սլովակ մասնագետը անդրադարձավ նաեւ իր թիմի կազմին՝ նշելով, որ իրենց այն խաղացողները, ովքեր դեղին քարտ ունեն, կլինեն հայտացուցակում, սակայն պարզ չէ՝ հիմնական կազմում դաշտ դուրս կգա՞ն, թե՝ ոչ: Նկատենք, որ Սլովակիայի ընտրանին այս նախապատրաստական փուլում զրկվել է 2 առանցքային ֆուտբոլիստներից: Հունական «Քսանտիում» հանդես եկող Ժդենո Շտրբան լքել էր թիմի ճամբարը Հայաստանի ընտրանու հետ խաղից առաջ՝ վիրուսային հիվանդության, իսկ Մարեկ Սապարան թուրքական «Անկարայուջյուից»՝ վերին շնչուղիների հետ կապված խնդրի պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել