Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԵՄ ԶԲԱՂՎՈՒՄ ԻՄ PR–ՈՎ»

Հոկտեմբեր 08,2010 00:00

\"\"Շուրջ տասը տարվա լռությունից հետո հայ հանդիսատեսը կրկին վայելեց դաշնակահար Մարգար Սեդրակյանի բարձրակարգ նվագը

Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 30-ին մեկնարկեց Մոցարտյան համերգաշարը: Կոմպոզիտորի թիվ 39 սիմֆոնիայի ու դաշնամուրի եւ նվագախմբի թիվ 23 կոնցերտի (մենակատար՝ միջազգային մրցույթների դափնեկիր Մարգար Սեդրակյան) կատարումներով հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Մենակատարների պետական անսամբլի փողային կազմի հետ համատեղ: Դիրիժորական վահանակի մոտ էր համերգաշարի մտահղացման հեղինակը՝ Զավեն Վարդանյանը: Վերջինս 2009թ., դարձյալ իր նախաձեռնությամբ, անցկացրեց «Հռենոսից մինչեւ Դանուբ» գերմանա-ավստրիական երաժշտության համերգաշար:

«Առավոտի» կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե վերնագրելով «համերգաշար», ցանկանում է օրիգինա՞լ երեւալ երեւանյան առանց այն էլ «փառատոնախեղդ» այս աշնանը, Զ. Վարդանյանը պատասխանեց. «Իսկապես, խեղդվում ենք համերգների առատությունից: Մյուս կողմից էլ դրվատելի են փառատոների շրջանակներում ճանաչված երաժիշտների հյուրախաղերը Երեւանում: Օրիգինալ երեւալու խնդիր չեմ դրել իմ առջեւ: Պարզապես ինձ համար Մոցարտի 20-24 կոնցերտները, որոնք մեզանում այդքան էլ հաճախ չեն կատարվում, լավագույնն են: Ինչ վերաբերում է համերգաշարին, ապա, ի տարբերություն փառատոների, այն կարող է ձգվել: Կոնկրետ այս փառատոնը, որտեղ բացի դաշնամուրային 5 կոնցերտներից, կհնչի նաեւ 5 սիմֆոնիա, մտադիր եմ եզրափակել 2011թ. հունվարի 27-ին՝ Մոցարտի ծննդյան օրը»:

Համերգաշարի առաջին երեկոն մեծ հետաքրքրություն էր առաջացրել մասնագետների շրջանում: Պատճառը նաեւ շուրջ տասը տարվա լռությունից հետո դաշնակահար Մարգար Սեդրակյանի ելույթն էր: Երբ «Առավոտը» զրույցի հրավիրեց դաշնակահարին, հանդիսատեսներից մեկը ռեպլիկ արձակեց. «Անպայման կնշեք Մարգար Սեդրակյան-կրտսեր, քանի որ նրա պապը՝ Մարգար Սեդրակյանը հայկական բոլոր տեսակավոր կոնյակների հեղինակն է»:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ նախընտրում է հանդես գալ մենահամերգներով, ինչը ժամանակին իրականացրել է Եվրոպայի տարբեր երկրներում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, հանդես է եկել նաեւ Արցախում: Ընդ որում, նշեց Երեւանի պետական կոնսերվատորիայի իր դասարանի ուսանող, շուշեցի Նելլի Սարգսյանի անունը, հավաստիացնելով, որ այդ դաշնակահարուհու նվագը կհնչի մեծ բեմերից: Հարցին, թե ինչո՞ւ չի երեւում հայաստանյան բեմերում եւ ովքե՞ր են կազմակերպում նրա արտերկրյա հյուրախաղերը, Մ. Սեդրակյանը պատասխանեց. «Ժամանակին մասնակցելով Բուլղարիայում կայացած «Հույսեր, տաղանդներ, վարպետներ» միջազգային մրցույթին («Վարպետներ» անվանակարգում շահել է Մեծ մրցանակ), որտեղ ներկա էին նաեւ տարբեր պրոդյուսերական կենտրոնների ներկայացուցիչներ, ինձ համագործակցություն առաջարկեց «IMAGO SLOVENIAE» կենտրոնի ղեկավար, անվանի դաշնակահարուհի Մարինա Հորակը, ինչը ես սիրով ընդունեցի: Իմ ստեղծագործական կյանքում մեծ դեր խաղաց նաեւ ճանաչված մանկավարժ Թամարա Պոդդուբնայան, որը Սանկտ Պետերբուրգում կայացած Յուդինայի անվան միջազգային մրցույթից հետո ինձ ծանոթացրեց տարբեր պրոդյուսերների հետ…»: Ինչ վերաբերում է դաշնակահարի հայաստանյան լռությանը, նրա պատասխանը կարճ էր. «Չեմ սիրում զբաղվել անձնական PR-ով»:

Մոցարտյան համերգաշարի առիթով էլ ասաց, որ սիրով է ընդունել Զավեն Վարդանյանի հրավերը, որովհետեւ վերջին շրջանում մեզանում դասականներին քիչ անդրադառնալու միտում է նկատել:

Սովորաբար արվեստագետներից մշտապես լսում ենք՝ ամենամեծ գնահատողը հանդիսատեսն է: Հետաքրքրվեցինք՝ իր համար է՞լ է այդպես: Մ. Սեդրակյանը պատասխանեց «Իհարկե, այդպես է: Սակայն իմ դեպքում անհրաժեշտ է կոնսերվատորիայի կոլեգաներիս խոսքը, նրանց թվում՝ պրոֆեսորներ Ալեքսանդր Գուրգենովի, Անահիտ Բոգդանյանի, Կարինե Օհանյանի, Արմեն Բաբախանյանի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել