Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-Ի ԲԵՌՆԵՐՆ ԷԼԻ ՀՐԿԻԶՎԵԼ ԵՆ

Հոկտեմբեր 08,2010 00:00

\"\"Հինգշաբթի գիշերը, մեկ շաբաթվա ընթացքում արդեն հիգերորդ անգամ հրկիզվել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմական համակազմին բեռներ մատակարարող հերթական ավտոշարասյունը: Միջադեպը տեղի է ունեցել Պակիստանի տարածքում, Փեշավար քաղաքի մոտակայքում՝ Նաուշիրա շրջանում: Trend.az-ի փոխանցմամբ, պակիստանյան «Տոլո» հեռուստաընկերությունը հաղորդել է, թե զինված գրոհայինները հարձակվել են 20 բենզակիր բեռնատարների շարասյան վրա: Պակիստանի ոստիկանությունը զոհերի եւ հարձակման արդյունքում վիրավորվածների մասին տեղեկություններ չի հաղորդում:

Մինչ այս, հոկտեմբերի 1-2-ին տեղի ունեցած երկու նմանատիպ հարձակումների արդյունքում թալիբները ոչնչացրել են ՆԱՏՕ-ի զորքերի համար նախատեսված վառելիքի մոտ 60 ավտոբեռնամփոփ:

Հարձակումների շարքը սկսվել է անմիջապես այն բանից հետո, երբ ամերիկյան անօդաչու ինքնաթիռը սեպտեմբերի 30-ին հարվածներ էր հասցրել Պակիստանի տարածքի ուղղությամբ, որի արդյունքում երեք պակիստանցի սահմանապահ էր զոհվել: Երկրի իշխանությունները ամերիկացի զինվորականներից պահանջել էին կատարվածի համար պաշտոնապես ներողություն խնդրել եւ արգելել էին Աֆղանստանին հասցեագրված ռազմական եւ ոչ ռազմական նշանակության բեռների տարանցումը Պակիստանի տարածքով: Այդ երկրում ԱՄՆ դեսպան Էնն Պատտերսոնը պակիստանցի զինծառայողների մահվան համար արդեն ներողություն խնդրել է, բայց աֆղանա-պակիստանյան սահմանի Տորկհամ անցակետը երկու ուղղություններով էլ դեռեւս փակ է: Այդուհանդերձ, Պակիստանի իշխանությունները չեն բացառել, որ սահմանակետը կվերաբացվի, բայց միայն այն ժամանակ, երբ ամերիկացիների կողմից պակիստանցի սահմանապահների սպանության շուրջ բորբոքված կրքերը հանդարտվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել