Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՐԻԱՆ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԻՆԵՐ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ

Հոկտեմբեր 08,2010 00:00

Սիրիան եւ Իսրայելը խաղաղ բանակցությունները վերսկսելու ճանապարհին փորձում են իրենց դիրքորոշումներում ընդհանուր եզրեր գտնել: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի փոխանցմամբ, հինգշաբթի օրը, թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: «Այն, ինչ տեղի է ունենում ներկայումս՝ երկխոսությունը վերսկսելու համար ընդհանուր սկզբունքների փնտրտուք է: Մեզ համար գլխավորը գրավյալ բոլոր տարածքների վերադարձն է, իսրայելցիների համար՝ անվտանգության ապահովման հարցերը»,- ասել է Սիրիայի նախագահը:

Դամասկոսը 1967թ.- ին Գոլանի բարձունքների զավթումից ի վեր այդ տարածքներում տեղակայված իսրայելական զորքերի լիակատար դուրսբերման երաշխիքներ է պահանջում: Իսրայելն իր հերթին պնդում է առանց նախապայմանների բանակցություններ սկսել, բայցեւ հայտարարում է, որ եթե Սիրիան խաղաղություն է ուզում՝ պետք է Իրանի հետ հեռավորություն պահպանի եւ դադարի աջակցել լիբանանյան «Հզբոլլահ» դիմադրության շարժմանը:

Սիրիայի առաջնորդի ասելով, հիմա հարցն այն է, թե «ով կարող է հաջողացնել կազմակերպել այդ բանակցությունները, քանդել առկա հանգույցներն ու վերացնել խոչընդոտները: Այդ ուղղությամբ հիմա ջանքեր են գործադրում միանգամից մի քանի ուղղություններով, նաեւ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն»,- տեղեկացրել է Ասադը՝ հավելելով, թե Սիրիայի եւ Իսրայելի միջեւ ընդհանուր եզրերի որոնման ճանապարհին որոշակի տեղաշարժ կա, բայց այդ դեռ չի բյուրեղացվել եւ հայտնի չէ, թե դա երբ տեղի կունենա:

Սիրիայի նախագահը հոռետեսորեն է վերաբերվել նաեւ անցած ամիս մեկնարկած իսրայելա-պաղեստինյան ուղիղ բանակցությունների հեռանկարին՝ ասելով, թե «մենք այդ բանակցություններից ոչ մի ակնկալիք չունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել