Լրահոս
Օրվա լրահոսը

Թունավոր արտանետումները սպառնում են եվրոպական երկրներին

Հոկտեմբեր 08,2010 00:00

Հունգարիայի իշխանությունները հայտարարել են, որ ալյումինի գործարանում տեղի ունեցած վթարի արդյունքում թունաքիմիկատների արտանետումներ են հայտնաբերվել Դանուբ գետի վտակներից մեկում: BBC-ի մատուցմամբ, այդ մասին ասել է Հունգարիայի փրկարար ծառայության ներկայացուցիչ Տիբոր Դոբսոնը: Քիմիկատների հայտնվելը Եվրոպայի հաղորդակցության ջրային ճանապարհներին՝ կարող է բացասական հետեւանքներ ունենալ այն երկրների համար, որոնց տարածքով Դանուբն անցնում է՝ Խորվաթիա, Սերբիա, Ռումինիա, Բուլղարիա, Ուկրաինա եւ Մոլդովա: Վթարը՝ Բուդապեշտից 160 կմ հեռավորության վրա գտնվող գործարանում է, տեղի էր ունեցել հոկտեմբերի 5-ին: Դրա արդյունքում արտանետված թունավոր հեղուկը մարդու առողջության համար վտանգավոր ծանր մետաղներ պարունակող ջրի եւ արդյունաբերական թափոնների խառնուրդ է:

Նախնական տվյալներով, գործարանում տեղի ունեցած վթարի արդյունքում ամբարտակներից արտահոսել է 600-700 հազար խմ թունավոր հեղուկ: Հիշեցնենք, որ աղետի արդյունքում չորս մարդ է զոհվել: Թունավոր նյութերի հոսքն այնքան հզոր է եղել, որ այն կամուրջներ եւ տներ է քանդել, տասնյակ ավտոմեքենաներ դուրս են շպրտվել ճանապարհներից: Երկրի ոստիկանությունը «Հանցավոր անփութություն» հոդվածով քրեական գործ է հարուցել, թեեւ վթարի պատճառը տակավին հայտնի չէ:

Հոկտեմբերի 4-ին գործարանի ամբարտակներից մեկից թունաքիմիկատների արտահոսքը դադարեցվել է: Հունգարիայի շրջակա միջավայրի նախարար Զլոտան Իլեշը BBC-ին հայտնել է, թե տեխնոգեն եւ էկոլոգիական աղետի հետեւանքները չեզոքացնելու համար երկիրը Եվրամիության աջակացության կարիքն ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել