Լրահոս
Օրվա լրահոսը

Միացյալ Նահանգներն աջակցում է Վրաստանին

Հոկտեմբեր 08,2010 00:00

\"\"Միացյալ Նահանգները ճանաչում է Վրաստանի կողմից այդ երկրի զավթված տարածքների վերաբերյալ պետական ռազմավարության իրականացման նպատակը եւ պատրաստ է մասնակցել դրա իրագործմանը: Trend.az-ի փոխանցմամբ, այդ մասին ասված է վրաց-ամերիկյան ռազմավարական գործընկերության հարցերի հանձնաժողովի շրջանակներում Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի (նկարում) եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջեւ տեղի ունեցած հանդիպման արդյունքներն ամփոփող ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ երեկ տարածած հայտարարության մեջ:

Փաստաթղթում հերթական անգամ ընդգծված է, որ «ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներին, ողջունում է Վրաստանի պաշտպանության ոլորտում ընթացող բարեփոխումներն ու ճանաչում է Վրաստանի ծանրակշիռ ներդրումը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններին»:

Հայտարարության մեջ նաեւ ասված է, թե վրացական կողմը պարտադիր կերպով պետք է շարունակի աշխատել այնպիսի հարցերի ուղղությամբ, ինչպիսիք են ժողովրդավարական ինստիտուտների, քաղաքական բազմակարծության, ընտրական միջավայրի, ԶԼՄ-ների ազատության, օրենքի գերակայության եւ դատարանի անկախության կատարելագործումը:

ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը հերթական անգամ Ռուսաստանին կոչ է արել իր ռազմական համակազմը դուրս բերել Աբխազիայից եւ Հարավային Օսեթիայից՝ դրանք համարելով վրացական տարածքներ: «Մենք շարունակում ենք կոչ անել Ռուսաստանին՝ վերջ դնել վրացական տարածքների բռնազավթմանը»,- հանդիպման ավարտին ասել է Հիլարի Քլինթոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել