Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիականի դասախոսները՝ խախտումների մասին

Հոկտեմբեր 08,2010 00:00

Դրանցից շատերի մասին նրանք ուշացումով են բարձրաձայնում

Ֆրանսիական համալսարանից հեռացված 29 դասախոսները դեռեւս շարունակում են պայքարել իրենց իրավունքների համար, չնայած բոլորն էլ արդեն տարբեր ուսումնական հաստատություններում տեղավորվել են աշխատանքի: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին դասախոսները:

Հոկտեմբերի 11-ին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կքննի հեռացված դասախոսների հարցը: Դասախոսները տեղեկացրին, որ նախքան դատը կայանալը՝ դիմում են գրել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, խնդրելով, որ օրինական ճանապարհով հարցը լուծվի:

Քաղաքացիական դատավարության դասախոս Հերմինե Ահարոնյանը մանրամասնեց. «Դիմումի պատասխանը ստացանք կարճ ժամանակահատվածում: Պատասխանն ստացվեց ՀՀ աշխատանքի պետական տեսչության եւ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից: Պարզվեց՝ տեսչությունը ստուգումներ է կատարել համալսարանում եւ բացահայտել է՝ գործողության ժամկետները լրանալուց հետո աշխատանքային պայմանագրերը չեն լուծել օրենքով սահմանված կարգով: Աշխատանքային հարաբերությունները շարունակվել են, ինչը համարժեք է աշխատանքային պայմանագրերը անորոշ ժամկետով կնքված լինելուն: Հետեւաբար պայմանագրերը չէին կարող լուծվել՝ ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի, պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով: Այսինքն՝ Աշխատանքի տեսչությունը նույնպես գտնում է, որ ժամկետը լրանալու հիմքով չէին կարող լուծվել պայմանագրեր, այլ հիմքեր պետք է լինեին, որոնք չկան»:

Նրա խոսքով, ՀՀ նախագահի աշխատակազմից եւ ՀՀ աշխատանքի պետական տեսչությունից ստացված պատասխանը ներկայացվելու է դատարան՝ որպես հիմնական փաստաթուղթ:

Համալսարանի անգլերենի ամբիոնի նախկին վարիչ Գայանե Հակոբյանը նկատում է, որ իրավաբանի որակավորում ունեցող ռեկտոր Ժոել լը Մորզելեկը թերացել է թերթել Հայաստանի աշխատանքային օրենսգիրքը՝ նախքան իրենց պայմանագրերը լուծելը. «Նրա «արբանյակները», այսինքն՝ իր հայ համախոհները, իրեն դրդեցին անհիմն որոշում կայացնել: Իսկ հնչող պատճառաբանությունը, թե մեզ ազատել են աշխատանքից պրոֆեսիոնալիզմի պակասից ելնելով, խիստ դիլետանտական է եւ ոչ լուրջ»:

Տասը տարի համալսարանում ֆրանսերեն դասավանդող Նարինե Կոխտիեւան շեշտում է, որ մարդկանց աշխատանքից ազատվելու ավելի լավ ձեւեր կան. «Բայց անհեթեթ պատճառաբանությունները, թե էթիկայի նորմերն ենք խախտել, ուշանում էինք ուսանողների պես, ուղղակի ծիծաղելի էին, այն դեպքում, երբ տիկին ռեկտորը մոտ երեք ամիս բացակայել է համալսարանից: Բոլոր բուհերում կան անվճար տեղեր, մեր համալսարանում էլ իբր կան, բայց իրականում չկան: Համալսարանի ադմինիստրացիան՝ հայկական կողմը, որոշել էր, որ ուսանողը պետք է վճարի, չգիտես ինչու, անկախ նրանից՝ վճարովի՞ է, թե՞ անվճար, եւ հայտարարում, որ հետո հետ կվճարեն այդ գումարները: Հարց է առաջանում՝ անտոկոս վա՞րկ են վերցնում ուսանողից, ո՞րն է հիմքը եւ պատճառը՝ այդ գումարները ուսանողներից վերցնելու: Իսկ գումարը 240-270 հազար դրամ է՝ մեկ կիսամյակի համար, համալսարանի բոլոր բաժինների ուսանողների համար»:

Հարցին՝ ինչո՞ւ են դասախոսները հիմա խոսում այդ խախտումների մասին, նրանք միաբերան պարզաբանեցին, որ դա չէր վերաբերում իրենց, իրենք գումարային հարցերում չէինք խառնվում:

Ըստ Հ. Ահարոնյանի՝ համալսարանում Աշխատանքային օրենսգրքի բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել, այդ թվում՝ արձակուրդային չվճարելը եւ աշխատանքային գրքույկներում համապատասխան նշումներ չարձանագրելը։ Դասախոսը տեղեկացրեց, որ մինչեւ այսօր դեռ չեն ստացել պատասխաններ Օմբուդսմենից, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից եւ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել