Այն դեռ մոտ ապագայում էլ չի երեւում
Յուրաքանչյուր երկիր ունի կրթության որակի իր պատկերացումներն ու պահանջները: Ըստ տվյալ երկրի զարգացածության մակարդակի, տնտեսության զարգացման աստիճանի, ռազմավարական խնդիրների՝ ձեւավորվում է կրթության որակի մոդելը: Լավ է այն մոդելը, որը նպաստում է տվյալ երկրի բարգավաճմանն ու հզորացմանը: Օրինակ՝ սինգապուրյան հրաշքը զուտ նրանց կրթության որակի արդյունքն է: Եթե Հայաստանում հանրակրթությունում (ոչ ամբողջովին) շոշափելի է կրթության որակը, ապա բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում կրթության որակի մեր ըմբռնումն ու պատկերացումը դեռեւս մշուշոտ են: ՀՀ բուհական կրթության որակի վերաբերյալ ինչպե՞ս կարող ենք գնահատականներ տալ, եթե շուրջ 180 մասնագիտությունների գծով մեր բուհերի շրջանավարտների 80%-ը մասնագիտական գործունեությամբ չի զբաղվում: Զբաղվածության դեպքում էլ ոչ մի գործատու, ձեռնարկության կամ հաստատության տնօրեն չի կարող ասել, որ բուհի այս շրջանավարտը՝ մասնագետը, իր մոտ աշխատում է որպես բակալավր կամ մագիստրոս:
Այդ սահմանագիծը մեզ մոտ դեռ չի երեւում, չնայած յուրաքանչյուր մասնագիտության պետական չափորոշիչում հստակ թվարկվում են բակալավրի եւ մագիստրոսի մասնագիտական գործունեության ոլորտներն ու պարտականությունները: Օրինակ՝ Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանն արդեն տալիս է մանկավարժ-բակալավր եւ մանկավարժ-մագիստրոս աստիճանի շրջանավարտներ: Բայց ովքե՞ր են այսօր դպրոցներում աշխատող բակալավր եւ մագիստրոս ուսուցիչները: Մենք կարո՞ղ ենք զանազանել նրանց կարգավիճակը եւ գործունեության ոլորտները. ասենք, բակալավրը կարո՞ղ է ավագ դպրոցում դասավանդել, թե՞ նա պետք է աշխատի միայն հիմնական դպրոցում: Աշխատանքային գործունեության ընթացքում երեւո՞ւմ են նրանց պարտականություններն ու լիազորությունները, իհարկե՝ ոչ: Եթե չեն երեւում, ուրեմն մենք իրականում չունենք ոչ բակալավր, ոչ էլ մագիստրոս ուսուցիչ: Այդ տարբերությունը սահմանափակվում է միայն դիպլոմներում նշված որակավորումներով: Այս իրավիճակն է իշխում հանրապետության գրեթե բոլոր ոլորտներում:
Հարգելի՛ բուհական մասնագետներ եւ նորաստեղծ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն», որպեսզի կարողանաք «շոշափել» մասնագետին եւ կարողանաք նրա որակի մասին համապատասխան հետեւություններ անել, անհրաժեշտ է նախ մասնագիտական գործունեության դրսեւորման համար ապահովել համապատասխան մասնագիտական դաշտ: Առանց դրա ձեւավորման ու կայացման՝ ոչ ոք բարոյական իրավունք չունի խոսելու որակի որեւէ խնդրի մասին եւ հասարակությանը «բոլոնիաներով» գցելու թյուրիմացությունների մեջ: Եվ կրթության որակի հետ կապված ցանկացած արվող բան հիշեցնում է ինքնագործունեության ու սիրողական մակարդակ:
Շուկան պետք է թելադրի՝ ինչ եւ ինչպիսի որակի մասնագետ է մեզ անհրաժեշտ: Քանի դեռ մեր երկրում ներկրման ծավալները զգալիորեն գերազանցում են ներքին արդյունքներին (այն էլ շատ սահմանափակ արտադրատեսակով), եւ հանրապետության տնտեսությունը «նստած» է ընդամենը մի քանի ճյուղերի վրա (բացակայում են տնտեսության դիվերսիֆիկացիան ու մրցունակությունը) ու միաժամանակ կայացած չէ գիտություն-պետություն-բիզնես եռանկյունին, ապա մոտ ապագայում դժվար է կանխատեսել աշխատաշուկայի մի վիճակ, որ մեր բուհերի շրջանավարտները կարողանան իրենց գիտելիքներն ու կարողություններն ամբողջովին դրսեւորել հայրենական արտադրության մեջ: Այսօր մեր շրջանավարտների գերակշիռ մասը կամ հեռանում է երկրից, կամ էլ զբաղվելով ինչով ասես՝ սպասում մասնագիտական դաշտի ձեւավորմանը: Այնինչ, եթե երիտասարդը որպես մասնագետ մինչեւ 30 տարեկանը իրեն չի դրսեւորում, ապա նա հասարակության համար պարզապես կորչում է:
Ինչպես 2001-2002 թթ., այսօր նույնպես դեռ վաղ է սկսել բուհերի հավատարմագրման գործընթացները (թերեւս հավատարմագրման առաջին ինքնագնահատման փուլը կարող է «աշխատել»): Այդ տարիներին մենք ընդհանրապես չունեինք (բացառու֊թյամբ՝ մեկ կամ մի քանի մասնագիտությունների) բուհական մասնագիտությունների պետական չափորոշիչները, բայց 30-ից ավելի ոչ պետական բուհեր այլեւայլ ճանապարհներով ու կեղծիքներով հավատարմագրվեցին: Այդ են վկայում նաեւ «Առավոտ» օրաթերթում 2000-2001թթ. իմ կողմից հրապարակված մոտ 15 հոդվածները: Այսպես՝ կոչ եմ անում բուհերի ռեկտորներին, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնին»՝ կրթության որակի գնահատման եւ բուհերի հավատարմագրման գործընթացներում չշտապել (ինչպես նախորդ դեպքերում), քանի դեռ մեր «ափի մեջ» չէ մասնագիտական դաշտը:
Նկատի ունենալով բուհական խորհուրդների լիազորությունները եւ «Բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի պահանջները՝ առաջարկում եմ արդյունաբերական եւ ոչ արդյունաբերական ոլորտների համար մասնագետների պատրաստումը կատարել ըստ իրատեսական պետպատվերի կամ պատվիրատուի հետ կնքված պայմանագրի հիման վրա, մասնագետների նպատակային պատրաստման եւ վերապատրաստման համար պետական եւ մասնավոր արդյունաբերական ձեռնարկությունների հետ ուժեղացնել բուհի կապերը, բուհին ընդգրկել այլ գիտահետազոտական աշխատանքների ոլորտում, ուսումնագիտաարտադրական համալիրների ստեղծման միջոցով ուսումնական գործընթացի մի մասը տեղափոխել արտադրություն, վերանայել բուհերի աշխատանքային, ֆինանսական եւ նյութական միջոցների բաշխման առկա կառուցվածքը, դրանք առաջին հերթին ուղղել «հետազոտություն-մշակում- ներդրում» եզրափակիչ փուլին: Բուհերի գիտահետազոտական խմբերում նորագույն տեխնոլոգիաների ներդրման համար ստեղծել պատասխանատվության եւ պահանջկոտության մթնոլորտ եւ շահագրգռության բարձրացում: