Լրահոս
Օրվա լրահոսը

51. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Հոկտեմբեր 08,2010 00:00

\"\"
Նիկոլն արվեստանոցում:

\"\"
Գեղանկարչի կտավներից:

Դուրս եկա ՀՀ պաշտպանության մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունից ու Մամուլի շենքի ճանապարհին հանդիպեցի գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանին, որի արվեստանոցը գտնվում է այդ շենքի ձեղնահարկում։

– Թալինից եմ գալիս,- նկարակալն ու դեռ չչորացած ներկով կտավները հանելով մեքենայից՝ ասաց գեղանկարիչը։

– Սպասիր օգնեմ,- ասացի ես ու վերցրի նկարակալը, համ էլ ուզում եմ տեսնել վերջերս Շուշիում քո արարած նկարները։

Դանդաղաշարժ լիֆտով 15-րդ հարկ բարձրացանք։ Ես մտադրվել էի շենքի առաջին հարկից շարունակել իմ ճամփորդությունը, սակայն Նիկոլի հետ հանդիպումը, փաստորեն, փոխեց ուղղությունը։ Ամեն ինչ պետք է ձեղնահարկից սկսեմ։ Ինչպես երեւանյան բոլոր տանիքների տակ, այստեղ եւս ամենուր թափթփված իրեր են, շինանյութի մնացուկներ, խողովակներ։ Արվեստագետը նման թափթփվածության մեջ պատերով առանձնացրել է մի հատված, որտեղ ապացուցում է, որ մեզ շրջապատող աշխարհը ներդաշնակության մեջ է, ու ինքն էլ ստեղծում է նոր ներդաշնակ աշխարհ՝ որտեղ ոչ միայն Հայաստանի ու Արցախի բնապատկերներն են, այլեւ ֆրանսիական Պրովանսի, Իսպանիայի, Իտալիայի…

Զննեցի թալինյան թարմ, դեռ յուղաներկի բուրմունքով կտավները։

– Ինչպես երեւում է, աշունը շատ ես սիրում,- ասացի ես։

– Ինձ համար տարբերություն չկա տարվա եղանակների միջեւ, – պատասխանեց Նիկոլը, – բոլորն էլ հավասարապես եմ սիրում նկարել։ Միայն ձմռանը ցուրտ է լինում, ստիպված եմ լինում հաճախակի տաքացնել ձեռքերս։ Ձյունը հեշտ չէ նկարելը, բայց անչափ գեղեցիկ է։

Արվեստանոցում հսկայական ծաղկեփունջ կար, որի ծաղիկներն ու տերեւները չորացել են։

– Ճիշտ է, թարմ ժամանակ նկարել եմ, բայց չորանալուց հետո էլ է անչափ գեղեցիկ։ Ամեն անգամ նկարելիս նորանոր երանգներ, ձեւեր եմ հայտնաբերում,- նկատելով հետաքրքրությանս առարկան, ասաց Նիկոլը։

Պատին կախած պատկերներից մեկը ծանոթ վայր հիշեցրեց։

– Քարինտակ գյուղում եմ նկարել,- ասաց նկարիչը։

Հեռվում Քիրս լեռն է, գյուղի փողոցը՝ ողողված արեւի լույսով։ Առանձնանում են գյուղի կարմիր տանիքները։ Վրձնահարվածները շնչավորում են գյուղը, այն լցնում ուրույն հմայքով։ Արցախյան հերոսական գյուղի պատկերի կողքին Արարատյան դաշտն է՝ հզոր գունային շերտերով։ Հեռվում, մինչ Հայոց Սուրբ լեռը, կանաչ շերտը խոսում է Արաքսի մասին։ Կանաչը վերափոխվում է դեղինի, ապա կարմրի ու շականակագույնի խառնուրդի, վրձնահարվածները ավելի շնչավոր են դարձնում Արարատյան դաշտը, այն լցնում կենդանությամբ։ Ապա կտավից կտավ ասես գեղանկարչի հետ ճամփորդում եմ հարազատ Շուշիի փողոցներով, Նիկոլի գեղանկարչական տաղանդի միջոցով նոր ներդաշնակություններ հայտնաբերում։

– Ուզում են 19-րդ դարի Շուշիի ճարտարապետական մթնոլորտը վերականգնված տեսնել։ Շուշիի ասֆալտը չի սազում, բայց արի ու տես, որ սալարկած փողոցները ծածկում են ասֆալտի շերտով։ Ափսոս։ Քարինտակ գյուղում դեպի Հունոտի կիրճը գնացի ու նկարեցի այս պատկերը։ Մի գաղտնիք ասեմ՝ ինչքան նկարում եմ, ոչ մի կերպ չեմ հագենում, չեմ կշտանում։ Ահավոր շատ եմ սիրում նկարել։ Ես բնությունը միայն տեղում եմ նկարում։ Դրանից վեր հաճույք չկա։ Ամենուր գույներ են, երանգներ։ Մի դեպք պատմեմ։ Մոսկվայից հյուրեր ունեի, հետները մի իսպանացի կար։ Իմ կտավներից մեկը զարմացրեց նրան։ «Որտե՞ղ ես նկարել այս պատկերը»,- հարցրեց իսպանացի երիտասարդը։ «Մադրիդից ոչ հեռու Պազուելո փոքրիկ քաղաքի հյուրանոցի պատուհանից եմ տեսել եկեղեցին ու նկարել»,- պատասխանեցի ես։ «Ախր այդ քաղաքի շերիֆն եմ ես»,- ասաց նա։

– Նիկոլ, արի իմ ճամփորդական զրույցը սկսենք նկարիչ դառնալու քո երազանքից։

– Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում եմ ծնվել, մեծացել։ Գեղանկարչությունից գլուխ չէի հանում, բայց գյուղի բնությունը շատ էի սիրում։

– Առաջին գիծը, որ թողել ես թղթի վրա…

– Հինգերորդ դասարանում էի սովորում, երբ տեսա, որ ավագ եղբայրս՝ Աշոտը, արտանկարում էր գրողների դիմանկարները։ Ապակու վրա պատճենահանում էր, ու շատ նման էին ստացվում։ Սակայն ես ուզում էի թղթի վրա ինքս նկարեմ։ Դա նկարելու իմ առաջին փորձն էր։ Ընկերներիս հետ քիչ էի խաղում, ամեն առիթով անտառում էի անցկացնում ազատ ժամանակս։ Զարմանում էի, որ գյուղի բնությունը ոչ ոք չի նկարում։

– Այսինքն, այն, ինչ այսօր անում ես՝ պատանեկության տարիների երազանքի իրականացումն է։

– Երբ Նոյեմբերյանում նկարչական դպրոց բացվեց, առանց վարանման գնացի։ Հետո ավարտեցի Մանկավարժականի գեղանկարչական բաժինը։ 1986 թվականին ուղարկեցին մեր շրջանի սահմանային Պտղավան գյուղի դպրոցում որպես ուսուցիչ աշխատելու։ Մաքուր հայկական գյուղ է եղել, թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության ֆինանսավորմամբ ադրբեջանցիները գնում էին գյուղից հեռացող հայերի տներն ու արագ բնակեցնում։ Այդպես կարճ ժամանակում գյուղի բնակչության 80 տոկոսը թուրքեր էին։ Նրանք հանգիստ չէին տալիս ինձ, ամեն ինչ անում էին, որ հեռանամ գյուղից։ Մի քանի անգամ հարձակվել էին, փորձել ահաբեկել։ Դպրոցի հայկական հատվածը փոքրացել էր։ Դպրոցի թուրք տնօրենին ասացի, որ, միեւնույն է, իրենք մի օր պետք է իրենց երկիրը վերադառնան։

– Բայց ադրբեջանցին որտեղի՞ց իմանա, թե որն է իր հայրենիքը։ Պատմությունը կեղծելով, նրանք կորցրել են հայրենիքի զգացումը, որի պատճառով էլ չգիտեն՝ իրենք իրենց թո՞ւրք ասեն, մուսուլմա՞ն, թե՝ ադրբեջանցի։

– Իհարկե, Պտղավանից իմ հիմնական հիշողությունները կտավների վրա եմ թողել։

-Հետաքրքիր է, որ տարվա մեջ մի քանի անգամ Շուշի նկարելու ես մեկնում։

– Մեր գերդաստանի մեծ տատը՝ Խալու տատիկը, շուշեցի է:

– Արյո՞ւնն է կանչում։

– Երեւի Շուշիի առանձնահատուկ բնությունը, 19-րդ դարի մթնոլորտը։ Շուշիի հյուրատան պատուհանից տեսա Ղազանչեցոց եկեղեցին՝ մառախուղի մեջ։ Չնկարել չէի կարող։

Գեղանկարիչը իմ առջեւ դրեց այդ պատկերը։ Ապա հերթով շարեց շուշիական գեղանկարները։

– Քանի՞ նկար ես ստեղծել Շուշիում։

– Վաթսունից ավելի… 1992-ին միայնակ Լաչինի շրջանով ճանապահվեցի դեպի Շուշի։ Քարտեզ ունեի, որտեղ նշված էին թուրք գրոհայինների պահակակետերը։ Վտանգավոր էր, բայց Շուշիի բերդի տակով Ստեփանակերտ հասա։ Խելառություն էր, բայց երբ մի պահ չես նկարում, ապա ներսիդ էներգիան պիտի իրեն մեկ այլ կերպ արտահայտի։

– Ու քո կտավները բոլորն էլ բնության մե՞ջ ես ստեղծում, թե՝ շարունակում ես արվեստանոցում։

– Ոչ, ես եզակի դեպքում եմ շարունակում։ Ձգտում եմ ամենը բնության մեջ ավարտել։ Արվեստանոցում ստեղծածը կեղծ կլինի։ Շատերը աբստրակտ՝ վերացական արվեստով են տարվում։ Դա տարօրինակ է։ Աբստրակցիոնիզմը եվրոպական միջավայրում է ծնվել ու մերը չէ։ Մեր նկարչության լեզուն հայերեն պետք է լինի։ Մենք պետք է վերադառնանք դեպի կյանք։ Մի անգամ երազում նկարում էի։ Երբ արթնացա, հիշում էի բոլոր վրձնահարվածները, գուներանգները։ Անմիջապես մեկնեցի Սեւանի կողմը։ Աջ կողմում գյուղ տեսա, ցորենի արտ։ Զգացի, որ այն երազումս տեսած պատկերն է։ Կրկնում եմ՝ երազիս գուներանգները, ֆակտուրան, ծաղիկները, ցորենի հասկերը։ Միայն մի տարբերություն կար. դաշտում աշխատող ջրվոր կար։ Հրաշալի պատկեր էր ստացվել։ Ուրիշներին էլ խորհուրդ կտայի երբեք չարհամարհել երազում տեսած պատկերները։

– Նիկոլ, գիտես իմ նկարչությունը, – ասացի ես, – միախառնում եմ ենթագիտակցականն ու պատահականը կամ պլաստիկ գծանկարը։ Ես որսում եմ ներքին այն պահը, որը նպաստավոր է նկարելու համար։ Այն էներգիայի կուտակում է պահանջում, որը նկարելիս ասես պայթում է։ Ես սիրում եմ բնությունը, բայց բնություն նկարել չգիտեմ։ Դրա փոխարեն հիանում եմ քո բնապատկերներով։

– Պետք է ազնիվ լինես ինքդ քո առաջ։ Եթե քո ներսում հավատում ես, ուրեմն ամեն ինչ ճիշտ է։ Ամենը քո ներսից պետք է գա։ Դա էլ է բնական։ Բնությունն ու Աստվածը անվերջ են։ Եթե ասելու ձեւը գտնում ես, քոնն է, ուրեմն եւ բոլորինն է։ Էությունը նույնն է մնում։ Ասում են՝ բնանկարի մեջ ամեն ինչ արված է։ Սուտ է։ Վան Գոգը, Մատիսը, Սարյանը ուղղություններ են հայտնագործել, բայց ամեն ինչ չէին կարող անել։ Հայտնագործելու այնքան շատ բան կա։ Կարեւոր օրենքը՝ ներդաշնակությունը պետք է լինի։ Եթե բնության մի ծիլը տեսար, ճանաչեցիր ու գտար վերարտադրելու ոճը, արդեն հաղթել ես։ Ֆրենսիս Բեկոն անգլիացի՝ հրեա նկարիչ է։ Կտրած ձեռքեր, սահմռկեցուցիչ պատկերներ… Մեր օրերի «Վելասկես» են համարում։ Զզվելի է։ Պիկասոյի «Գեռնիկան» համաշխարհային մշակույթի գլուխգործոց են համարում։ Այնտեղ էսթետիկա չկա։

– Հիշում եմ, Մարտիրոս Սարյանին հանդիպելու էի գնացել,- ասացի ես,- ձեռքիս Պիկասոյի գիրքն էր։ Վերցրեց ձեռքիցս, մի գծանկարի վրա կանգ առավ, պատկերված էր մայրը՝ գրկած երեխային։ Ձեռը կտրուկ շարժեց գծանկարի ուղղությամբ ու ջղայնացած ասաց. «Այսպես չի՛ կարելի նկարել»։ Ասացի. «Վարպետ, Պիկասոն է նկարել»։ «Դա ի՞նչ կապ ունի, ով ուզում է լինի, – պատասխանեց գեղանկարիչը, – հակաէսթետիկ է»։

– Ես չեմ էլ կասկածում, որ Սարյանը այդ ամենը հակաէսթետիկական պետք է համարեր։ Ֆրանսիական Պրովանսի Ֆլայոս գյուղում 92-ամյա ավստրիացի խեցեգործի հանդիպեցի։ Նա պատմեց, որ Կաննի մոտ մի գյուղում խեցեգործական դպրոց կար, որի սաներից էր ինքը։ Իսպանիայից Պիկասոն էլ էր եկել սովորելու։ Երկու տարի հետո Պիկասոն մեկնեց Փարիզ ու խեցեգործական ցուցահանդես բացեց, որը մեծ աղմուկ բարձրացրեց ու հռչակ բերեց նրան։ Իսկ այդ գործերը իրենց ուսուցչի աշխատանքների կրկնօրինակներն էին։ Վարպետը ինչքան բողոքեց, ոչ ոք ուշադրություն չդարձրեց։ Հիմա Եվրոպայում գրում են, թե Արշիլ Գորկին Պիկասոյից է ազդեցություն կրել։ Բայց Գորկին նրանից առաջ է եղել։ Մոր դիմանկարի մասին են խոսում, բայց ոչ ոք չի ուզում տեսնել հայ գեղանկարչի մոր լուսանկարը։ 20-րդ դարի գեղանկարչությունը հիմնականում խաբեբաների գեղանկարչություն է։ Հրեա նկարիչները՝ Դալին, Պիկասոն, Շագալը, Մոդիլիանին, Մալեւիչը, Կանդինսկին…

-Լավ, Նիկոլ, ո՞ւմ ես հավանում, ովքե՞ր են քո ուսուցիչները։

-Մարտիրոս Սարյանը, Վան Գոգը, Կլոդ Մոնեն, Մինասը, Վելասկեսը, Խոսե Ռիբերան, Էլ Գրեկոն, հայկական մանրանկարիչները… Լեհերն էլ են հետաքրքիր գեղանկարչություն ստեղծում։ Տարօրինակ է, Ֆրանսիան ասես այս ասպարեզում զիջել է դիրքերը։ Մեր գեղանկարչությունը հսկա առաջընթաց է ապրել։ Վերջերս Արա Շիրազը, Էլիբեկյանն ու Էդվարդ Խարազյանը Ժամանակակից արվեստի թանգարանում հետաքրքիր ցուցահանդես էին բացել։

– Մինչեւ հիմա քանի՞ անհատական ցուցահանդես ես ունեցել։

– Հայաստանի շրջանների, Երեւանի ցուցասրահներում, թանգարաններում, Գերմանիայում, Հռոմում, Վենետիկում, Փարիզում, շուրջ 60 ցուցահանդես։ Բացի այդ, ցուցադրվում են Վանաձորի, Բերձորի կերպարվեստի թանգարաններում, Չինաստանի ազգային թանգարանում… Ի՞նչ ասեմ, նկարների վաճառքի միջոցով եմ պահում ընտանիքս ու շարունակում ստեղծագործել։

– Պատմիր ընտանիքիդ մասին։

– Ընտանիքի տեսանկյունից երջանիկ եմ։ Սոսես հինգ ամսական է ու նոր շունչ եւ իմաստ է հաղորդում մեր գոյությանը, գեղանկարչությանը։ Նարեն Երեւանի գեղարվեստի ակադեմիայում է սովորում, ըստ երեւույթին, արվեստաբան կդառնա։ Մեծը Անին է, որն ավարտել է Մանկավարժականի նկարչականը։ Բնանկար է սիրում, բայց նաեւ դիզայնի լավ զգացում ունի։ Առաջին երկուսը դժվարին տարիներին էին ծնվել, երեխաների համը չզգացի։ Հիմա այլ իրավիճակում եմ, լիովին վայելում եմ պստիկի գոյությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել