Լրահոս
Օրվա լրահոսը

Որքա՞ն է տեւում նորոգումը

Հոկտեմբեր 08,2010 00:00

Սեպտեմբերի 14-ին «AZ TV-ն նեղում է» լուրով տեղեկացրել ենք, որ Նոյեմբերյան քաղաքում մետրային 7-րդ ալիքով հեռարձակվող «հ2» հեռուստաընկերության հաղորդումների ժամանակ նշմարվում է ադրբեջանական AZ TV հեռուստաընկերության լոգոտիպը, քանի որ Ղազախի շրջանում տեղակայված է 1000 վտ հզորությամբ հաղորդակ, որով մետրային նույն ալիքով հեռարձակվում են ադրբեջանական նշված հեռուստաընկերության ծրագրերը, իսկ Նոյեմբերյանում 7-րդ մետրային ալիքի հաղորդակի հզորությունը ընդամենը 100 վտ է: Այս իրավիճակը նոր չէ. արդեն երկու տասնամյակ է, որ մետրային այս ալիքի ադրբեջանական հաղորդակը անհամեմատ հզոր է Նոյեմբերյանում գործողից՝ հայկականից: Պարզվում է, սա նոյեմբերյանցի հեռուստադիտողների միակ հոգսը չէ:

Ավելի քան 6 ամիս է, ինչ Նոյեմբերյանում եւ հարակից գյուղերում չեն հեռարձակվում «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդումները՝ հաղորդակը խափանված է: Հայաստանի հեռուստատեսային ցանցերի Նոյեմբերյանի հեռուստաաշտարակից, ուր տեղակայված է հեռարձակող հաղորդակը, հայտնեցին, որ իրենք «Արմենիայի» հաղորդակը սպասարկելու պայմանագիր չունեն: Երկու ամիս առաջ անսարք հաղորդակի մասերը Երեւան են տարել, սակայն դեռեւս ետ չեն բերել: Նախկինում էլ այդ հեռուստաընկերության Նոյեմբերյանի հաղորդակը խափանվել է, ինչի հետեւանքով ամիսներով հեռարձակում չի իրականացվել: Նոյեմբերյանցի հեռուստադիտողները շարունակում են դժգոհել, թե ինչու Հայաստանի ամբողջ տարածքում հեռարձակելու արտոնագիր ունեցող «Արմենիայի» ղեկավարությանը չի մտահոգում սահմանամերձ տարածքում հեռարձակման հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել