Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՋՄԻԱԾԻՆԸ 2695 ՏԱՐԵԿԱՆ Է

Հոկտեմբեր 08,2010 00:00

Շաբաթվա սկզբից Էջմիածնի փողոցներում այնպիսի եռուզեռ է, որ Հայաստանում հատուկ է ընտրություններին նախորդող շրջանին: Մի կողմից փողոցների ասֆալտի փոսալցման աշխատանքներ, մյուս կողմից կարգավորում են փողոցների լուսավորությունը: Ամենուրեք նարնջագույն բաճկոններով բանվորներ են. բարեկարգում են, մաքրում, տեսքի բերում անձրեւից ու կարկուտից վնասված սիզամարգերը: Իրականում, սակայն, ոչ թե նախընտրական, այլ նախատոնական տրամադրություն է: Հոգեւոր մայրաքաղաքը նշում է իր ծննդյան 2695-ամյակը:

Ավանդական դարձած այս տոնակատարությանը հրավիրված են հյուրեր ոչ միայն մեր երկրից, այլ՝ արտասահմանից: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ քաղաքի տարեդարձն իրենց ներկայությամբ կհարգեն Էջմիածնի քույր քաղաքների պատվիրակները, որոնց թիվը այս տարի մեկով ավելի կլինի: Բոլորովին վերջերս ամերիկյան Ֆրեզնոն էլ է դարձել հայկական Էջմիածնի քույր:

Տոնական միջոցառումներ շատ են լինելու ու մեկ օրվա փոխարեն Էջմիածինը երկու օր շարունակ կնշի իր ծննդյան օրը:

Առաջին օրը երկար սպասված նվեր կստանան Արագած թաղամասի փոքրիկները՝ նրանց համար խաղահրապարակ են կառուցել: Իսկ երգ ու պարի սիրահարներին պարահրապարակ կհրավիրեն Չարենցի թաղամասում:

Երկրորդ օրը տոնի մեկնարկը կտրվի ԵԿՄ տարածքային բաժանմունքում, որտեղ Էջմիածնի հետ բարեկամության հուշագրեր կկնքեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութ ու Մարտակերտ քաղաքները: Տոնական օրերին քաղաքի բնակիչներին «հյուր կգա» քաղաքի հիմնադիր Վաղարշ թագավորը՝ իր զորախմբով:

Եվ այսպես շարունակ. քաղաքի մի վայրում պարախմբերն ու երգիչ-երաժիշտները ելույթ կունենան, մյուսում՝ մարզիկներն ու ակրոբատները: Կլինեն լուսանկարների ու գեղանկարների բացօթյա ցուցահանդեսներ, այցելություն Արցախի հերոսամարտին նվիրված հուշարձան:

Էջմիածինը նվեր կստանա նաեւ վերանորոգված ու ճաշակով կահավորված քաղաքապետարանի սպասարկման սրահն ու դահլիճը: Հատկապես վերջինը անհիշելի ժամանակներից անգործության էր մատնվել եւ ավեր էր: Տոնակատարությունը կեզրափակեն հայկական էստրադայի ճանաչված արտիստները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել