Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՍԻՍԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ ՀԻՎԱՆԴ Է

Հոկտեմբեր 08,2010 00:00

Թեեւ ՀՀ կառավարությունը, առողջապահության նախարարությունը շարունակում են հանդես գալ ականջ շոյող հայտարարություններով՝ թե հատուկ ուշադրություն ենք դարձնում մարզային հիվանդանոցներին, սակայն իրական կյանքում այդ ուշադրությունը դեռեւս նկատելի չէ:

\"\"
Սա բժշկական կենտրոնի գլխավոր մուտքն է: Միայն շենքի ճակատի մեծ կարմիր խաչից կարելի է ենթադրել, որ սա առողջապահական հաստատություն է, քանի որ չկա որեւէ ցուցանակ:

\"\"
Մասնաշենքերից մեծ մասի պատերն ու առաստաղն այս վիճակում են:

Արարատի մարզի Մասիս քաղաքի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի մասնաշենքերը շահագործման են հանձնվել 1975 թվականին: Կենտրոնը ժամանակին ոչ միայն Մասիսի, այլ նաեւ հարեւան շրջանների ազգաբնակչությանը սպասարկող կարեւոր եւ բազմապրոֆիլ բուժհաստատություն էր՝ երկհերթ պոլիկլինիկայով, 340 մահճակալով: Սակայն վերջին 20 տարում Մասիսի հիվանդանոցը ուշադրության չի արժանանում՝ այստեղ պետական կամ միջազգային որեւէ ներդրում չի կատարվել, եղած-չեղածն էլ ժամանակի ընթացքում քանդվել ու քայքայվել է: Կրկնակի օպտիմալացման արդյունքում այսօր հիվանդանոցն ունի ընդամենը 110 մահճակալ: Կենտրոնն ունի բոլոր ֆունկցիոնալ բաժանմունքները՝ մանկաբարձական, մանկաբարձագինեկոլոգիական, վիրաբուժական, թերապեւտիկ, ինֆեկցիոն, դիագնոստիկ, կանանց կոնսուլտացիա, ֆիզիոթերապեւտիկ բաժանմունք, պոլիկլինիկա, շտապօգնության կայան եւ տնտեսական բլոկ՝ օժանդակ ծառայությունների համար: Հիվանդանոցում կան լավ մասնագետներ, սակայն կենտրոնի շենքային պայմանները շատ այցելուների են հիասթափեցնում, եւ տարածաշրջանի մարդկանցից շատերը գերադասում են հետազոտվել կամ բուժվել մայրաքաղաքի բարեկարգ հիվանդանոցներում: Շատ բաժանմունքներում, մասնավորապես՝ ռենտգեն բաժանմունքում, տեխնիկան այնքան հին է, որ բուժաշխատողները ենթադրություններով ու մոտավորապես կարող են ախտորոշել հիվանդությունը: Ծննդատան միջանքի պատերն այնքան հարուստ են «պատմական» արձանագրություններով, որ եթե որեւէ գերատեսչություն ցանկանա ստուգել ծննդատան արխիվները, ապա երեւի թե անհրաժեշտություն չլինի բացել փաստաթղթերը, պատերին պարզ գրված են, թե ով, երբ եւ ինչ սեռի երեխա է ունեցել, եւ ինչ անուն ունի երեխան: Արձանագրությունների հեղինակները փորձել են գերազանցել իրենց նախորդներին եւ ավելի մեծ տառերով եւ ավելի երեւացող տեղերում «անմահացնել» իրենց ընտանիքի տարեգրությունը: Ծննդատան պատերից տեղեկանում ենք, որ Վարդանի եւ Վարդուհու համատեղ սիրուց ծնվել է տղա, կամ Տիգրանն ունեցել է իր յոթերորդ աղջկան եւ այլն:

Բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գրիգորյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Բժշկական կենտրոնի սուղ ֆինանսական միջոցներով կատարվել են որոշակի վերանորոգումներ: Հիմնանորոգվել է մանկական ինֆեկցիոն բաժանմունքը, կանանց կոնսուլտացիան, պոլիկլինիկան, ադմինիստրատիվ հատվածը, մասնակիորեն՝ մանկաբարձագինեկոլոգիական եւ վիրաբուժական բաժանմունքները: Առողջապահական նախարարության միջոցներով ստացվել են որոշակի բուժտեխնիկա, գործիքներ: Չունենք ռենտգեն սարք, հինը 25 տարվա է, որը իրեն չի արդարացնում, նորն էլ շատ թանկ է, եւ հաստատությունը չի կարող իր միջոցներով գնել: Հույս ունենք, որ նախարարությունից կստանանք այն: Նախատեսում ենք ֆինանսների նախարարության հետ էներգախնայողության ծրագիր իրականացնել՝ փոխել բոլոր պատուհաններն ու դռները եւ անցկացնել գազով ջեռուցման համակարգ: Նախագիծը կազմել ենք, որը շատ մեծ գումար է կազմում՝ 50-60 մլն դրամ, եւ մեր միջոցներով անհնար է իրականացնել»:

Ինչպես մարզային մյուս շտապօգնության ծառայություններում, Մասիսում էլ խնդիրներ կան, մասնավորապես՝ կապված մեքենաների հետ: «Ունենք մեր միջոցներով գնված 2 «ՈՒԱԶ» մակնիշի 7 տարվա վաղեմության մեքենաներ, որոնք շատ չոր ու պինդ են եւ առաջացնում են ազգաբնակչության դժգոհությունը, դրանցով առողջ մարդն անգամ չի կարող տեղաշարժվել: Ունենում ենք օրական 17-18 կանչ, սակայն տեխնիկական վիճակը վատ է եւ դժվարությունների առջեւ ենք կանգնում»,- ասաց կենտրոնի տնօրենը: Իսկ Արարատի նորանշանակ մարզպետ Էդիկ Բարսեղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն երկու անգամ եղել է Մասիսի բժշկական կենտրոնում: «Ծանոթացել եմ անձնակազմին եւ շենքային պայմաններին: Պոլիկլինիկայի վիճակը գնահատում եմ բավարար, իսկ հիվանդանոցը վերանորոգման կարիք ունի, զգացվում է նաեւ շտապօգնության մեքենաների, կոշտ եւ փափուկ գույքի, բուժսարքավորումների կարիք: Հիվանդանոցի շենքի հիմնանորոգման խնդիրը ներկայացված է Արարատի մարզի 2011-2013 միջնաժամկետ ծախսային ծրագրում»:

Հ. Գ. Հայաստանի կառավարությունը հաստատել է ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագիծը եւ ուղարկել ԱԺ: Մասիսի հիվանդանոցի նորոգման համար հատուկ գումար (առանձին տող) նախատեսված չէ: Փոխարենը նախկին նախագահ, վինդսերֆինգի սիրահար Ռոբերտ Քոչարյանի սիրտը չկոտրելու համար ազգիս կառավարությունը այս մարզաձեւին առնչվող ծառայությունների վրա կծախսի 44,776 միլիոն դրամ: Վերջին մի քանի տարիներին այս նպատակով ծախսվում էր 43,619 միլիոն դրամ: Ռոբերտ Քոչարյանը կարող է ուրախանալ, իսկ մասիսցինե՞րը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել