Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանավոր կարգի» զոհերը

Հոկտեմբեր 08,2010 00:00

Վաղաժամկետ պայմանական ազատությունների օղակը սեղմվում է

Դատապարտյալների իրավունքների ոտնահարումները, նրանց նկատմամբ կիրառված կամայականությունները հասել են բարձրակետին: Ավելի ու ավելի է սեղմվում վաղաժամկետ պայմանական ազատությունների օղակը՝ կիրառվում են նոր մեթոդներ, ոտնահարվում է երկրի Սահմանադրությունը, նրանում ամրագրված օրենքները:

Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ ընդհանրապես ընդգրկված չեն վաղաժամկետ ազատությունների ցանկում: Ձեւականորեն դատապարտյալը հրավիրվում է մասնակցելու ադմինիստրացիայի նիստին, նրան դուրս են հանում, պատճառաբանելով, թե տվյալ հոդվածի վրա դրված է ՀՀ նախագահի «վետոն»:

Երբ դատապարտյալը փորձում է իմանալ այդ «վետոյի» կամ հրամանի մասին, նրան ասում են, որ հրամանագիր չկա՝ «բանավոր կարգով» է:

Մի՞թե սա աբսուրդ չէ:

Ինչպես կարելի է նման ձեւով բռնանալ եւ աղավաղել մարդկային արժեքները:

Հենց այդ «բանավոր կարգի» զոհերից մեկին էլ ուզում եմ ներկայացնել ձեզ:

64-ամյա Ալբերտ Միլիտոսի Մինասյանը ծնվել է Երեւանում, դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, որից 10 տարի եւ 3 ամիս պատիժն արդեն կրել է: Որպեսզի նրան ներկայացնեին վաղաժամկետ պայմանական ազատման, անհրաժեշտ էր, որ նա իր պատժաչափի 2/3-րդը կրած լիներ, այսինքն՝ 8 տարի պատժաչափը «մարած» լիներ: Ալբերտը 2 տարի 3 ամիս ավելի է նստած:

2008թ.-ից Ալբերտ Մինասյանին ներկայացնում են վաղաժամկետ ազատման եւ մերժում են: 2009թ. նախագահի հրամանով ստեղծված «անկախ» հանձնաժողովը հավանություն տվեց նրա ազատմանը, սակայն դատարանը … առանց հետեւություն անելու մերժեց նրա հասանելիք ազատությունը: Դրանից հետո Ալբերտի դիմումը մերժեց տեղի ադմինիստրացիան՝ հիշատակելով «բանավոր կարգը»:

2008թ. կալանավայրում Ալբերտ Մինասյանը ինֆարկտ ստացավ, նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ: Այսօր էլ Ալբերտի գրպանում դեղահաբեր են, որպեսզի հարկ եղած դեպքում օգտագործի: Նրան անհրաժեշտ է ենթարկել բժշկական մանրակրկիտ ստուգման, որը հնարավոր չէ տեղի պայմաններում իրականացնել՝ ժամանակակից սարքավորումներ չլինելու պատճառով:

Նա 3-րդ խմբի հաշմանդամ է, թոշակառու:

Ա. Մինասյանը երեք շնորհալի երեխաներ է դաստիարակել, որոնք մեր հասարակության համար պիտանի են:

Հանցանքից, որը գործել է ինքնասիրությունից դրդված, անցել են երկար ու ձիգ տարիներ, նա իր կյանքի մայրամուտն է ապրում, ծերունական կյանքի վերջին գարունները: Ինձ հետ զրույցի ժամանակ Ալբերտն ասաց. «Ուզում եմ, որպեսզի մնացած իմ չնչին կյանքը ապրեմ թոռներիս կողքին»: Նա այդ ասաց արցունքներն աչքերին:

Ցավոք, Ալբերտը միայնակ չէ իր տեսակի մեջ: Շատ-շատերն են զոհ դառնում ազատազրկման վայրերի ներքին հրամաններին ու «բանավոր կարգին»: Բայց մինչեւ երբ:

Հացադուլը շարունակում է

Արդարադատության նախարարության «Սեւան» ՔԿՀ դատապարտյալ Վանիկ Մաղաքյանը շարունակում է իր հացադուլը:

Նա նույնպես «բանավոր կարգի» զոհերից է: Վանիկն ուներ ազատվելու գերազանց տվյալներ: Նա մի քանի անգամ խրախուսվել էր տեղի ադմինիստրացիայի կողմից, 2007-2010թթ. աշխատել է սննդամթերքի պահեստում, ունեցել է ելքի ու մուտքի արտոնություն: 52-ամյա Վ. Մաղաքյանն երկու անչափահաս երեխաների հայր է: Կինը չի աշխատում, եւ ապրում են տարեց մոր խղճուկ թոշակով: Նրա ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում: Երկրորդ անգամ մերժվեց նրա վաղաժամկետ ազատությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել