Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՔԱՐԱՐԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏ ՃԱՆԱՉԵՑԻՆ

Հոկտեմբեր 08,2010 00:00

\"\"Օրենքի առաջ հայցվորն ու հավաքարարը հավասար չէին

Վերջերս տեղեկացրել էինք, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է քննվեր Արաբկիրի սոցիալական ծառայության տարածքային բաժնի հայցը՝ ընդդեմ Պայծառ Կարապետյանի: Սոցիալական ծառայությունը գումարի բռնագանձման պահանջ է ներկայացրել:

Հիշեցնենք, որ պատասխանող, հավաքարար Պ. Կարապետյանի 6 հոգանոց ընտանիքը 2009թ. մայիսին մեկ տարի ժամանակով ստացել էր նպաստի իրավունք եւ նշանակվել էր ամսական 21 000 դրամ նպաստ: Հետագայում պարզվել էր, որ Պ. Կարապետյանը աշխատում է (հավաքարար) եւ «իր եկամուտները» նա թաքցրել էր «Փարոսից»: Ըստ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի, այս ընտանիքից պետք է կատարվեր 252 000 դրամ հետգանձում, սակայն Արաբկիրի սոցիալական ծառայությունը, ունենալով Պ. Կարապետյանի ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերլուծությունը, թույլատրել է հետգանձումը կատարել մասնակի՝ 126 000 դրամ: Կազմվել էր ժամանակացույց, սակայն Պ. Կարապետյանը գումարը չի վերադարձրել:

Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ դատական նիստը: Դատարանը (դատավոր՝ Ս. Արամյան) վճռեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Արաբկիրի սոցիալական ծառայության տարածքային բաժնի հայցն ընդդեմ Պայծառ Կարապետյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարել:

Դատավոր Արամյանին Պայծառ Կարապետյանը նախօրոք դիմումով հայտնել էր, որ ինքը չի հրաժարվել գումարը վերադարձնել, նույնիսկ այդ մասին գրավոր տեղեկացրել էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին եւ հանգամանորեն ներկայացրել իր ընտանիքի վիճակը, ինչպես նաեւ հայտնել իր աշխատելու հանգամանքը: «Իմ ընտանեկան բյուջե է մտնում 29 500 դրամ՝ ամուսնուս կենսաթոշակը, 11 200 դրամ՝ թոռնիկիս հաշմանդամության թոշակը եւ իմ 45 000 աշխատավարձը: Համոզված եմ, որ իմ ընտանիքը կարող է գտնվել «Փարոսի» կազմում, որովհետեւ յուրաքանչյուրիս բաժին է ընկնում 17 000 դրամ: Իսկ ես լսել եմ, որ «Փարոսում» կարող են հաշվառվել այն ընտանիքները, որտեղ յուրաքանչյուրին հասանելիք գումարը չի գերազանցում 18 000-ը»,- առարկել էր Պ. Կարապետյանը: Նա նաեւ հարցնում է, թե ինչո՞ւ իր ներկայացրած տվյալները չեն ստուգվել այն ժամանակ, երբ փաստաթղթեր էր ներկայացնում, այլ՝ մեկ տարի անց:

Դատարանը, կատարելով իրավակա ն վերլուծություն եւ հետեւություններ, նշել է. «Գործի փաստական հանգամանքներից ելնելով եւ հաշվի առնելով պատասխանողի գույքային վիճակը, այն է՝ պատասխանողը սոցիալապես ապահովված չէ, վերջինս կամ նրա ընտանիքի անդամները չունեն բավարար դրամական եկամուտ, դատարանը գտնում է, որ Պայծառ Կարապետյանին պետք է ազատել բավարարված հայցագնի համար նախատեսված պետական տուրքի վճարումից»: Իսկ եթե դատարանը ինքն է համոզված, որ ընտանիքը սոցիալապես անապահով է ու բավարար եկամուտներ չունի, ապա ինչպե՞ս է հետգանձման վճիռ կայացնում, եւ դա այն դեպքում, երբ Պայծառ Կարապետյանը հայտնել էր՝ «եթե օրենք եմ խախտել, ապա դա արել եմ հաշմանդամ թոռնիկիս բուժման ծախսերը հոգալու եւ իմ ընտանիքի գոյությունը մի կերպ պահելու համար»:

Ի դեպ, նիստի ժամանակ դատավորը հաճախ էր շեշտում, որ օրենքի առաջ հավասար են բոլորը՝ ե՛ւ դատավորը, ե՛ւ հավաքարարը: Պայծառ Կարապետյանը նիստի էր եկել մենակ, առանց ներկայացուցչի, քանի որ այդ ծառայության համար չէր կարող վճարել, իսկ հայցվոր կողմը ուներ իր ներկայացուցիչն ու շահերի պաշտպանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել