Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կառավարությունն ավելի շատ խոսում է, քան գործում»

Հոկտեմբեր 08,2010 00:00

Այս կարծիքին են շիրակցի գործարարները

Երեկ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում բացվեց «Շիրակ էքսպո 2010» տոնավաճառ-ցուցահանդեսը, որին այս անգամ, շիրակցի գործարարներից բացի, մասնակցում էին նաեւ հյուրեր Վրաստանից:

Նշենք, որ «Շիրակի մրցունակության կենտրոն» հիմնադրամը արդեն 7-րդ անգամ է Գյումրիում նման ցուցահանդես կազմակերպում: Այս անգամ իրենց ապրանքը ցուցադրելու էին շտապել գյուղմթերք վերամշակող ընկերությունները, պարենային եւ տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող ձեռնարկությունները, բանկերը: Ինչպես միշտ, գործարարների մեծ մասը դժգոհ էր սահմանված ծանր հարկերից, շուկան ընդլայնելու հնարավորություն չունենալուց, օլիգարխների «գրոհներից», անկառավարելի գնաճից ու ժողովրդի ցածր գնողունակությունից:

Աշոցքի պանրագործարանի արտադրության պետ Սերգեյ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց շուկան խիստ սահմանափակ է, եւ հիմնականում Երեւանում ու Գյումրիում է իրենց արտադրանքը սպառվում, իսկ հարեւան երկրներ արտահանելու մասին անգամ չեն մտածում, քանի որ մաքսայինը «քթներից բերում է»: «Իհարկե, առաջին բարդությունը կապված է մաքսային ծախսերի հետ, իսկ երկրորդն այն է, որ Վրաստանում դժվարություններ են ստեղծում օտարերկրյա գործարարի համար, սահմանափակել են, արգելում են դրսից ներմուծումը: Ես դժգոհ եմ նաեւ մեր երկրի հարկային քաղաքականությունից, գործարարին չեն օգնում, մեկ բառով ասած՝ խեղդում են, պիտի թույլ տան աշխատելու, շատ խիստ են մեր նկատմամբ»,- ասաց մեր զրուցակիցը՝ փաստելով, որ այս տարի հումքն անգամ դեֆիցիտ է, կաթը քչացել է՝ կապված դաբաղ հիվանդության տարածման հետ: «Ասեմ, որ ժողովրդի գնողունակությունը ընկել է, իսկ պանրի գինը բարձրացել է, չեն կարողանում գնել այդ գնով: Սկսել ենք նվազեցնել նաեւ մեր աշխատատեղերը»,- դժգոհեց Սերգեյ Մանուկյանը: Ամասիայի պանրի գործարանի տնօրեն Նորայր Շաբոյանը եւս դժգոհեց արտահանման հարցում պետության «ձեռնպահ» վերաբերմունքից: «Կաթը չի հարկվում, երբ որ մեր մթերքները մտցնում ենք հարկման դաշտ, մեխանիկորեն 20% գանձվում է, արժեքը շատ թանկ է ստացվում: Էս տարի Մոսկվայից 40 տոննայի պատվեր կար «Էլյանոր» տեսակի պանրից, շատ էին խնդրում, որ արտահանենք, մենք, ելնելով գործարարի համար ոչ ձեռնտու պայմաններից, պայմանագիր չկնքեցինք: Եթե էս խնդիրը կառավարական մակարդակով լուծվի, շատ լավ կլինի: Եթե գյուղացին ավելացված արժեքի հարկ չի վճարում, թող բարի լինեն ավելացված արժեքի հարկը մեր վրայից էդ չափով հանեն, թե չէ ստացվում է՝ գյուղացին չի վճարում, մենք ենք նրանց փոխարեն լրացուցիչ վճարում, ու մեծ արժեք է ստացվում: Էսօրվա վիճակով 1 կգ պանրի ավելացված արժեքի հարկը մոտավորապես 300 դրամ է կազմում, իսկ էդ դեպքում վաճառքը չի կայանա, դրա համար մեր շրջանառությունը փոքր է: Հայաստանում բիզնեսին խանգարողը օլիգարխիան է, օլիգարխներն աճում են սնկի պես, իսկ փոքր գործարարները հազիվ քարշ են տալիս, չեն կարողանում վերազինել սարքավորումները, նոր պայմանագրեր կնքել, նոր տեխնիկա մուծել, երբ օլիգարխիան վերանա, այդ ժամանակ գործարարները ավելի շատ աշխատատեղեր կապահովեն, իսկ մեր կառավարությունը ավելի շատ խոսում է, քան անում»,- ասաց Նորայր Շաբոյանը:

Ի դեպ, այս ցուցահանդեսին մասնակցում էր նաեւ Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայի տնօրեն Հակոբ Աղաբեկյանը, որից հետաքրքրվեցինք, թե կառավարությունը կատարե՞ց իր խոստումը, հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում տարամադրե՞ց այս ձեռնարկությանը խոստացած ցածր վարկը: Պարզվում է, կառավարությունը խաբել է գործարանի տնօրինությանը, իսկ վերջիններս գործարանը փակվելուց փրկելու համար 23%-ով վարկ են վերցրել վարկային կազմակերպություններից մեկից: «Պատճառաբանեցին, որ թեթեւ արդյունաբերությանը վարկ տալը ռիսկային է, մենք էլ ստիպված էինք բարձր տոկոսով վարկ վերցնել, այլապես մեքենաները կփչանային, հիմա աշխատում ենք պաշտպանության նախարարության հետ, անցած շաբաթ 62 մլն տենդեր ենք շահել, մի կողմից մեր բախտը բերեց՝ բամբակի գները թանկացան, էլ չեն կարողանա էժան ապրանք դրսից բերել, տեղում մերը կսպառվի»,- ինքն իրեն այսպես մխիթարեց Հակոբ Աղաբեկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել