Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՂԲՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ «ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ»

Հոկտեմբեր 08,2010 00:00

Բնությունը Կողբում առատաձեռն է, կառավարությունն է ժլատ

\"\"
Սա Նոյեմբերյանից դեպի Լոռի տանող ճանապարհին գտնվող Հայաստանի ամենաթանկ շուկան է:
Այստեղ միջին չափի թզի կիլոգրամն արժե 2000 դրամ:

\"\"
Կողբ գյուղի միակ գրադարանի գրքերը լուրջ խնամքի կարիք ունեն:

\"\"
Աշխարհի կենտրոնը՝ ժամանցի կենտրոն:

\"\"
Այս 92-ամյա միայնակ կինը շինհրապարակից փայտեր է հավաքում, որպեսզի վառարանը վառի ու ձեռքերը տաքացնի:

Չնայած Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսում, բայց կլիման այստեղ շատ մեղմ է եւ այդ է պատճառը, որ մեր երկրի այս հատվածում աճում են հայաստանյան գրեթե բոլոր տեսակի մրգերն ու բանջարեղենները: Մարզի բնակիչները մեծ հպարտությամբ ասում են. «Հա, հյուսիս է, բայց մեզ մոտ ամեն ինչ աճում է: Է՛լ թուզ, է՛լ դեղձ, նուռ, հոն, տանձ, սերկեւիլ: Ինչ միրգ կա Հայաստանում, մեզ մոտ էլ կա»: Կողբ գյուղը մարզի խոշոր համայնքներից է՝ 5000-ից ավելի բնակիչ ունի: Մեզ հետ զրույցում կողբեցիներն ասում են՝ եթե գյուղմթերքների մի 2 վերամշակման կոմբինատ լինի իրենց համայնքում կամ հարեւան շրջաններում, միգրացիայի խնդիր ընդհանրապես չի լինի. «Թե չէ, կարծես լավ բերք ենք ունենում, բայց ամբողջությամբ չենք կարողանում վաճառել: Տարբեր մարզերից գալիս են՝ փոխանակում ենք անում, կամ մեր եղածը վաճառում: Էդպես էլ յոլա ենք գնում: Իսկ որ պահածոների կամ չրերի գործարան լինի, գոնե կհանձնենք մեր բերքը»:

Կողբի միակ գրադարանն էլ խնդիրներ ունի: Բնակիչներից հետաքրքրվեցինք՝ օգտվո՞ւմ են գրադարանից: Մի տարեց մարդ պատասխանեց՝ «Մեկ-մեկ գալիս գիրք են վերցնում: Բայց գյուղը մեծ է, էն ծերից էս ծերը ամեն օր հասնենք գիրք վերցնենք՝ հարմար չի: Որ մի փոքր գրադարան էլ գյուղի մյուս ծայրում լինի, շատ լավ կլինի»: Չնայած այդ պապիկի խնդրանքին, գրադարանավարուհին մեզ հետ զրույցում նշեց, որ հիմնական այցելուները դպրոցահասակ երեխաներ են ու ծերեր. «Ամիսը 400 ընթերցող ենք ունենում: Բայց շատ գրքերի պահանջ ունենք, հատկապես հայ դասականների: Շատ են հարցնում Թումանյան, Դեմիրճյան, Չարենց: Այ, որ էդ հեղինակների հատորներն ունենանք, հրաշալի կլինի: Թե չէ, ամոթ էլ է, որ մեր հայ գրողների գրքերը չլինեն մեզ մոտ»: Գրադարանի մյուս լուրջ խնդիրը, ըստ աշխատակիցների, գրքերի պահպանությունն է. «Տեղը խոնավ է, ձմեռը գրքերը տեղափոխում ենք: Պատառոտված կազմով ու էջերով գրքեր կան, մենք ենք մի կերպ սոսնձում, բայց մի որոշ ժամանակ անց նորից պատռվում են»: Երբ զրուցում էինք գրադարանի աշխատակիցների հետ, Կողբում էր գտնվում նաեւ Ազգային գրադարանի տնօրենը: Տեղեկանալով, որ գրադարանը հայ դասականների գրքերի կարիք ունի՝ խոստացավ օգնել:

Չնայած գյուղական հոգսերին, այս համայնքի մշակույթի տանը շատ հաճախ է բեմադրվում Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւը»: Յուրաքանչյուր ներկայացման ժամանակ դահլիճը հանդիսատեսի պակաս չի ունենում: «Մենք գիր-գրականություն, թատրոն սիրող մարդիկ ենք: Անպայման գնում ենք, նայում ենք»,- ասում են կողբեցիները: Երիտասարդներն ու երեխաները զբաղվելու եւ իրենց ժամանցն անցկացնելու հարմար վայր չունեն: Բայց ինչպես գյուղապետն է ասում՝ դա ժամանակավոր է: Հենց գյուղի կենտրոնում ատրակցիոններով խաղահրապարակ է կառուցվում, նախատեսվում է նաեւ զվարճանքի այլ օբյեկտներ էլ: Այս միտքը գյուղացիներին այնքան է ոգեւորել, որ ժամանցի կենտրոնն անվանել են՝ Աշխարհի կենտրոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել