Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼԻ ԵՆ ՍԱԿԱՎԱԹԻՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ

Հոկտեմբեր 08,2010 00:00

Բացահայտել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը

Պետական տարբեր գերատեսչությունների համանման պաշտոններում առկա են աշխատողների աշխատավարձերի (հիմնական եւ լրացուցիչ) էական տարբերություններ: Այս եզրահանգման է եկել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը՝ կառավարության որոշմամբ հետազոտելով պետական կառավարման համապատասխան մարմինների 17056, իսկ ոչ պետական հատվածում՝ 1120 կազմակերպության 5737 աշխատակցի աշխատավարձերի չափերը:

Կառավարությունը երեկ հավանության արժանացրեց քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության եւ վարձատրության համակարգի վերաբերյալ զեկույցը: Պետական ծառայողների պաշտոնային նվազագույն, միջին ու առավելագույն դրույքաչափերի ու լրացուցիչ աշխատավարձերի վերլուծությունները ցույց են տալիս, որ պետական ծառայությունում առկա են նվազագույն բազային աշխատավարձերի իրար մոտ չափեր, սակայն մեծ են տարբերությունները պաշտոնային միջին դրույքաչափերի եւ միջին աշխատավարձերի միջեւ:

Քաղաքացիական, դատական եւ ԱԺ աշխատակազմում բազային պաշտոնային դրույքաչափը 40 հազար դրամ է, հարկային եւ մաքսային ծառայություններում՝ 55500, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում՝ 42 հազար, դատական կարգադրիչների եւ քրեակատարողական ծառայությունում 14400, փրկարար ծառայությունում՝ 30 հազար դրամ: Նվազագույն պաշտոնային դրույքաչափը դիվանագիտական ծառայությունում կազմում է 72600 դրամ, հատուկ քննչական ծառայությունում՝ 23520 դրամ: Հետազոտության արդյունքների համաձայն՝ այս տարի պետական ծառայողների միջին աշխատավարձը կազմել է 115 հազար 261 դրամ, իսկ պաշտոնային միջին դրույքաչափը՝ 94 հազար 16 դրամ, քաղաքացիական ծառայությունում՝ 101 հազար 6 դրամ, հարկային ծառայությունում՝ 191734, մաքսայինում՝ 137204 դրամ, դատական ծառայությունում՝ 77312, դիվանագիտական ծառայությունում՝ 132996 դրամ, հարկադիր կատարման ծառայությունում՝ 76518, հատուկ քննչական ծառայությունում՝ 97276, քաղաքացիական հատուկ ծառայությունում՝ 99863 դրամ, դատական կարգադրիչների ծառայությունում՝ 30970 դրամ, քրեակատարողական ծառայությունում՝ 36713 դրամ, ԱԺ աշխատակազմում՝ 109983 դրամ, փրկարար ծառայությունում՝ 36620 դրամ:

Նախարարությունը արձանագրել է, որ ինչպես պաշտոնային միջին դրույքաչափը, այնպես էլ միջին աշխատավարձերը զգալիորեն տարբերվում են ըստ ծառայությունների: Օրինակ, պետական որոշ ծառայություններում առկա են միջին աշխատավարձից զգալիորեն բարձր եւ ցածր աշխատավարձեր: Միջին աշխատավարձի առավելագույն ու նվազագույն չափերի տարբերությունն էլ պետական ծառայություններում խիստ մեծ է՝ միջինը 7,5 անգամ, իսկ նվազագույն ու առավելագույն աշխատավարձերի տարբերությունը մաքսային համակարգում՝ 7,8 անգամ, հարկային ծառայությունում՝ 6,4 անգամ, 7,3 անգամ քրեակատարողական ծառայությունում, քաղաքացիական ծառայությունում՝ 20,5 անգամ: Նախարարությունը եզրահանգել է, որ այս տարբերակումները խոսում են եկամուտների խիստ բեւեռացման մասին, մինչդեռ հիշյալ ծառայություններում աշխատավարձի կառուցման սանդղակում օրենսդրությամբ նախատեսված նվազագույն եւ առավելագույն աշխատավարձերի տարբերությունը նախատեսվում է 5,89 անգամ:

Ոչ պետական հատվածի վարձատրության համակարգում աշխատավարձի ամենաբարձր չափը դիտվել է արդյունաբերության ու ֆինանսական գործունեության ոլորտներում, ամենացածր աշխատավարձը՝ ձկնորսության, ձկնաբուծության եւ կրթության ոլորտներում: Արդյունքում, նախարարությունն արձանագրել է, որ բացակայում է կապը քաղաքացիական ծառայողի աշխատավարձի չափի եւ աշխատուժի վերարտադրության համար անհրաժեշտ ծախսերի, ինչպես նաեւ աշխատավարձերի ու գների մակարդակների փոփոխության միջեւ, գործում է պարգեւատրումների ոչ արդարացի համակարգ, գործակիցների բաշխման առումով էլ արդյունավետ չէ քաղաքագիտական ծառայողների հիմնական աշխատավարձի որոշման սանդղակների կառուցվածքը: Ու թեեւ «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի դրույթները տարածվում են քաղաքացիական ծառայության ողջ համակարգի վրա, սակայն դրա որոշ դրույթներ կիրառելի են միայն սակավաթիվ մարմիններում: Աշխատավարձի ցածր մակարդակն էլ խանգարում է ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավել, եւ պետական ու ոչ պետական հատվածում առկա միջին աշխատավարձերի մակարդակների միջեւ զգալի տարբերությունն էլ նպաստում է դեպի մասնավոր հատված արտահոսքի ռիսկի բարձրացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել