Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՆ

Հոկտեմբեր 08,2010 00:00

\"\"Արցախի իշխանությունները դաշտային առաքելությունից ակնկալում են կառուցողական մոտեցում Բաքվի կողմից օկուպացված Շահումյանի, Գետաշենի, Մարտակերտի եւ Մարտունու բռնազավթված հատվածներում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ Ստեփանակերտում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ:

Միջնորդները նախապես էին հայտարարել, որ լրատվամիջոցներին որեւէ մեկնաբանություն չեն տալու այս հանդիպումների մասին:

Համանախագահները Ղարաբաղի հարակից տարածքներում Դաշտային գնահատման առաքելության ծրագրի շրջանակներում այցելելու են Աղդամի, Ֆիզուլու, Ղուբաթլուի, Լաչինի եւ Քելբաջարի շրջաններ: Ըստ մեր տեղեկությունների, արդեն այսօր, օրվա երկրորդ կեսին, համանախագահները հանդիպելու են նաեւ ղարաբաղյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: ԼՂՀ նախագահի աշխատակազմից երեկ պաշտոնապես տարածած հաղորդագրության մեջ ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպման մասին ասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ նրանց ուղեկցող փորձագետների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են առաքելության իրականացմանն առնչվող հարցեր: ԼՂՀ նախագահը նշել է, որ Արցախում ստեղծված են բոլոր պայմանները աշխատանքները պատշաճ մակարդակով կատարելու համար: Ըստ ԼՂՀ նախագահի կայքի, «անդրադարձ է կատարվել նաեւ իրավիճակին, ծանոթանալու դաշտային առաքելության երկրորդ փուլի իրականացմանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ռազմակալված տարածքներում: Այս համատեքստում նախագահ Սահակյանը նշել է, որ առաքելության հաջող իրականացման համար Արցախի իշխանություններն ակնկալում են կառուցողական մոտեցում նաեւ Բաքվի կողմից Շահումյանի, Գետաշենի, Մարտակերտի եւ Մարտունու բռնազավթված հատվածներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առկա վերջին զարգացումները: Նախագահը նշել է, որ Ադրբեջանում չեն դադարեցվում հակահայկական քարոզչությունը եւ ապակառուցողական քայլերը, ինչը մեծապես խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը, եւ կոչ է արել համանախագահներին համապատասխան ձեւով արձագանքել այդ զարգացումներին»: Ըստ էության, Ղարաբաղից տարածված հաղորդագրությունը գրեթե չի տարբերվում Հայաստանում ՀՀ նախագահի հետ համանախագահների հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունից: Այսինքն՝ դրանք հավասարաչափ ժլատ են եւ սեղմ: Միակ տարբերությունը, թերեւս հասկանալի պատճառներով, այն է, որ ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ, բացի վերը նշվածից, խոսվել է նաեւ Նախիջեւանում հիմնահատակ ավերված Ջուղայի գերեզմանոցի մասին, եւ համանախագահները կարծես խոստացել են այցելել նաեւ Ջուղա: Այսքանը՝ պաշտոնական տեղեկատվության մասով: Իսկ քաղաքական գործիչները բոլորովին տարբեր սպասելիքներ ունեն դաշտային այս առաքելությունից:

Համանախագահների այս առաքելության մասին «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը մտածում է, որ մեր կողմի հակազդեցությունը կամ ռեակցիան տարօրինակ է. «Սրանք մի քիչ տարբեր առաքելություններ են. եթե 2005-ի առաքելությունը կոչվում էր մոնիտորինգային, սա, այսպես կոչված՝ դաշտային է: Սակայն այս երկու առաքելություններն էլ ունեն մեկ առանձնահատկություն՝ երկուսն էլ եղել են ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ»: Ի պատասխան մեր դիտարկման, թե՝ եւ Արցախում, եւ Հայաստանում պնդում են, թե նախաձեռնությունը համանախագահներինն է, տիկին Ալավերդյանը նկատեց, որ համանախագահները նախաձեռնել են Ադրբեջանի դիմումով: Ըստ պատգամավորի, «Ադրբեջանն իրականացնում է բավականին պարզ քաղաքականություն, որը արտացոլված է անխտիր բոլոր փաստաթղթերում: Այն է՝ Ադրբեջանը պնդում է, որ կան «օկուպացված» տարածքներ: Ես չեմ մտնում թվերի մեջ, սակայն պարզ է, որ մինչ այսօր հայկական կողմը չի կարողացել ազատել այդ փաստաթղթերը այս անօրինական եւ իրականությանը չհամապատասխանող պիտակավորումից: Իսկ բոլոր մնացյալը ադրբեջանական անօրինական եւ իրականության հետ ոչ մի ընդհանուր աղերս չունեցող, բայց սարսափելի հետեւողական քաղաքականության իրականացումն է: Մենք պետք է հասկանանք, որ այստեղ Հայաստանը ընդամենը արձագանքող կողմ է հանդես գալիս, եւ պետք է լրջագույն հետեւություններ անենք»:

Ըստ մեր զրուցակցի, լավ է, եթե համանախագահողները իրոք այցելեն նաեւ օկուպացված հայկական տարածքներ՝ Գետաշեն, Մարտունի եւ այլն, սակայն խնդիրն այն է, թե իրենք այնտեղ ի՞նչ են տեսնելու. «Իրենք պետք է նայեն՝ արդյոք այդ տարածքները բնակեցվա՞ծ են, արդյոք այդ տարածքների վրա կա՞ն ոչ քաղաքացիական օբյեկտներ, համեմատելու են՝ արդյոք նախորդ դիտարկումից հետո նկատելի՞ է դինամիկա: Եվ իրենք իրենց դիտարկումները անշուշտ համեմատելու են նախկին դիտարկման արդյունքների հետ: Փաստորեն այս առաքելությունը չի տալիս եզրակացություններ, այլ ներկայացնում է միայն արդյունքները: Մնացյալը անում են անձամբ համանախագահները: Կրկնում եմ, մենք այսօր ունենք միայն մեկ արձանագրված փաստ՝ ինչքան գիտեմ ԼՂՀ-ում բավականին կոշտ է դրված պայմանը՝ եթե դաշտային առաքելություն իրականացնողները չգնան Բաքվի կողմից գրավված հայկական տարածքները, ուրեմն մենք էլ այլ տեղերում չենք ուզում դիտարկում լինի, եւ եկեք մենք այս առիթով մեզ շնորհավորենք մի բարի լուրով, այն է՝ դրսի ճնշում կոչվածը միֆոլոգիա է, երբ մենք նորմալ, ճիշտ, ընկալելի ձեւով դնում ենք պահանջը, իրականացվում է նաեւ այդ պահանջը, ինչը խոսում է այն մասին, որ հայկական կողմը պիտի լինի գրագետ, ակտիվ եւ, օրինական հիմքերով հանդես գալով, վերջապես արցախյան հիմնահարց կոչվածը վերադարձնի իրավական դաշտ, որը չի բացառում նաեւ քաղաքական լուծումները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել