Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ն էր խնդրել Հայաստանին ճանաչել իր ինքնիշխանությունը

Հոկտեմբեր 08,2010 00:00

Հիշեցնում է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը

«Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությունը՝ «ԼՂՀ-ն ճանաչելու մասին», բացասական արձագանքների արժանացավ Արցախի իշխանական շրջանակների կողմից: Մասնավորապես՝ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեր թերթին ասել էր. «Չեմ կարծում, որ այդ հարցի բարձրացումը հիմա ճիշտ է, ժամանակը ճիշտ չէ ընտրված», իսկ ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նշել. «Մինչեւ ԼՂ իշխանությունները ճանաչման խնդրանքով չդիմեն ՀՀ իշխանություններին՝ նման հարց Հայաստանում առհասարակ չպետք է քննարկվի»: «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այս արձագանքներին՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «ԼՂՀ-ն իր հռչակումից եւ հատկապես հանրաքվեից հետո դիմել է միջազգային հանրությանը եւ Հայաստանին՝ ճանաչելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն: Այդ կոչն ուժի մեջ է մինչ օրս: Եթե Լեռնային Ղարաբաղի իշխանությունները որեւէ փոփոխություն են մտցրել այդ կոչի մեջ եւ Հայաստանից ու միջազգային հանրությունից որեւէ այլ ակնկալիք ունեն, քան ճանաչումը՝ պետք է հստակորեն ասեն: Այս օրինագծի քննարկումը նաեւ անհրաժեշտ խթան թող հանդիսանա, որպեսզի ԼՂՀ-ն վերջապես հանդես գա որպես դե-յուրե ճանաչման արժանի պետական միավոր, որը վարում է համապարփակ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականություն: Ոչ միայն Հայաստանը, այլեւ ԼՂՀ-ն պետք է դուրս գա այս հակազդեցիկ, կրավորական քաղաքականությունից ու ԼՂՀ ինքնիշխանության դատը հասցնի միջազգային բոլոր ամբիոններ: Իսկ դա անելու համար անհրաժեշտ է ճանաչումը»:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցությունն իր նախաձեռնությունը հետաձգեց 15 օրով: Երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն այս կապակցությամբ ասաց. «Եթե մինչեւ հաջորդ քառօրյա համախոհական սկզբունքով Արցախի ճանաչման հարցը չմտնի օրակարգ եւ չդառնա բոլորի համահավասար սեփականությունը՝ ապագա ընթացքը միասին որոշելու լույսի ներքո, իհարկե՝ քվեարկությունը տեղի ունենալու է հաջորդ քառօրյայի ընթացքում»:

Ի դեպ, լրագրողները նրան խնդրեցին անդրադառնալ նաեւ ընդդիմադիր եւ իշխանամետ գործիչների, վերլուծաբանների այն կանխատեսումներին, թե «Ժառանգությունն» այլեւս չի լինելու հաջորդ խորհրդարանում: «Նման վերլուծություններ, խորքային մեկնաբանություններ, իրավիճակային թռիչքներ ես արդեն գրեթե 20 տարի եմ լսում՝ իմ անվան, «Ժառանգության» անվան շահարկմամբ: 20 տարի է, որ ես վերադառնում եմ Ամերիկա, 20 տարի է, որ մենք պատմությունից դուրս ենք գրվել, որ աստղերը բարձրանում են եւ իջնում են, բայց, չգիտեմ ինչու, «Ժառանգությունը» մնում է մարդկանց ուշադրության կենտրոնում,- պատասխանեց պրն Հովհաննիսյանը:- Իհարկե, հարգում եմ այդ տեսակետը: Հնարավոր է, որ այդ տեսակետը արտահայտողները հիմա շատ ակտիվ եւ համակարգված նման մոտեցում են ցուցաբերում, որովհետեւ իրենք ուզում են մտնել քաղաքական դաշտ՝ որպես ավելի «նոր հոսանքի» ներկայացուցիչներ: Իրենց բարի երթ, բարի գալուստ եմ մաղթում: Սիրով իրենց հետ կմրցակցենք, կբանավիճենք ու կտեսնենք, թե առաջիկա քաղաքական գործընթացներում, ընտրություններում մեր հասարակությունը ինչպես է գնահատում թե՛ իրենց, թե՛ մեզ»:

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հավելեց. «Մարդիկ կան, որոնք ուզում են մտնել քաղաքական դաշտ նոր ուժի անվան տակ, եւ ցավոք սրտի, մտնում են ոչ ճիշտ դռնից, այլ երդիկից, պատուհանից: Ուզում են ոչնչացնել ամբողջ քաղաքական դաշտը՝ ասել, թե ձեր փրկությունը միայն մե՛նք ենք, մյուսները չկան, գոյություն չունեն»: Նաեւ լրագրողներին հարց տվեց, թե արդյոք որեւէ մեկը հավատո՞ւմ է նման վերլուծություններին եւ սոցիոլոգներին: «Պիտի խորհուրդ տամ, որ բոլորդ պետական վիճակագրությունը չշփոթեք սոցիոլոգիայի հետ: Պետական պատվերն ամենեւին հասարակական պատվերի հետ երբեւիցե կապ չի ունեցել եւ այսօր էլ չունի»,- խնդրին անդրադարձը եզրափակեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել