Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱԲՈՏԱ՞Ժ ԵՆ ԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 08,2010 00:00

\"\"Հայաստանը Լինդբլադի պատճառո՞վ է խոչընդոտում ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողների գործունեությունը

Երեկ հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար, Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադը, որն ընդամենը մի քանի ամիս է, ինչ Հայաստանի հարցով համազեկուցող է նշանակվել՝ այդ պաշտոնում փոխարինելով ֆրանսիացի Ժորժ Կոլոմբիեին, նամակ է հղել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին: Իսկ նամակում, որը մեջբերում ենք ամբողջությամբ, ասված է. «Չափազանց տարօրինակ եմ համարում այն, որ իրեն ժողովրդավարական համարող պետությունը չի կարողանում ժամանակ հատկացնել Հայաստանում Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպվող «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովի (այն տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 19-21-ը- Ն. Մ.) շրջանակում Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ բարձր մակարդակով հանդիպումների կազմակերպմանը: Սա հաստատում է իմ այն ենթադրությունը, որ Հայաստանը բավականաչափ հասուն չէ նման համաժողովն ընդունելու համար: Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների այցը նախատեսված էր 2010 թվականի հունիսի 22-ին, ինչը, սակայն, հետաձգվել էր նախեւառաջ ամառային արձակուրդի պատճառով, ապա այն պատճառաբանությամբ, թե այցը վաղ էր սեպտեմբերի սկզբին իրականացնելու համար: Այնուհետեւ համաձայնություն էր ձեռք բերվել, որ հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 17-18-ին կայանալիք Համաժողովի շրջանակներում, բայց ավելի ուշ համաձայնությունը չեղյալ էր համարվել ԱԺ նախագահի կողմից՝ նամակի տեսքով: Որքան ես գիտեմ, Մոնիտորինգի խմբի հետ հանդիպումից սովորաբար խուսափում են ընտրություններից անմիջապես հետո, ինչով փորձում են նորընտիր կառավարությանը հնարավորություն ընձեռել իրականացնել ընտրարշավի ընթացքում տված խոստումները: Սակայն սա Հայաստանի դեպքը չէ: Այնպիսի զգացողություն ունեմ, որ իմ անձն ու մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքների նկատմամբ ունեցած իմ դիրքորոշումն է, որ Հայաստանի իշխանություններին ստիպում է հետաձգել համազեկուցողների այցը՝ հստակ գիտակցելով, որ Վեհաժողովից իմ հավանական դուրս գալու փաստը հնարավորություն կստեղծի նոր եւ ավելի քիչ անկախ համազեկուցող նշանակելու համար: Ես ոչ մի անձնական շահ չունեմ այս խնդրում, սակայն մոնիտորինգի գործընթացին խոչընդոտելու փաստը վիրավորանք է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի՝ որպես հաստատության, Եվրախորհրդի հիմնական արժեքների հանդեպ, որոնք Հայաստանն իր կամքով պարտավորվել է պաշտպանել: Սա նաեւ ենթադրում է անել հնարավոր ամեն ինչ՝ համազեկուցողների այցը կազմակերպելու համար: Այստեղ կարեւորը հաստատությունն է եւ ոչ թե համազեկուցողների անձերը: Խնդրում եմ Ձեզ հաշվի առնել իմ՝ որպես համազեկուցողի ցանկությունը եւ հանդիպում կազմակերպել համապատասխան իշխանությունների հետ համաժողովից մեկ օր առաջ կամ հետո»:

Այս նամակից, որն, ի դեպ, ուղարկվել է նաեւ ԵԽԽՎ Գլխավոր քարտուղար Մաթեո Սորինասին ու ԵԽ Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Դիք Մարտիին, միանգամից մի քանի եզրահանգումներ կարելի է անել: Նախ, ՀՀ իշխանությունները, ըստ էության, իրականացրեցին իրենց սպառնալիքն առ այն, թե Լինդբլադի հետ աշխատել մտադիր չեն: Սա փաստացի համազեկուցողների գործունեությունը սաբոտաժի ենթարկելու դրսեւորում է, ինչն, անշուշտ, ձեռնտու է ԵԽԽՎ բանաձեւերի պահանջները չկատարած ՀՀ իշխանություններին:

Երկրորդ, Գորան Լինդբլադն իր նամակով վերջին ճիգը գործադրեց Հայաստանին մի ապտակ էլ հասցնելու համար՝ մեր երկրին մեղադրելով ԵԽԽՎ-ին վիրավորելու, եվրոպական արժեքները չպաշտպանելու ու նաեւ Հայաստանի հարցով համազեկուցողների առաջ դռներ փակելու մեջ՝ միաժամանակ կասկածի տակ առնելով ՀՀ-ի ժողովրդավարական լինելու հանգամանքը: Ասում ենք վերջին ապտակ, որովհետեւ, ինչպես հայտնի է, Լինդբլադն իր երկրում տեղի ունեցած ընտրություններում տապալվել ու պատգամավոր չի ընտրվել եւ, որպես դրա հետեւանք՝ արդեն հոկտեմբերի 30-ից ինքնաբերաբար վայր է դնելու համազեկուցողի իր մանդատը: Ասել է թե՝ Երեւանում նույնիսկ ՀՀ իշխանությունների ընդունելությանն արժանանալու դեպքում համազեկուցողների դիտարկումները՝ ՀՀ պարտավորությունների կատարման մասին, զեկույց չէին էլ դառնալու: Այդ իմաստով Լինդբլադի՝ որպես համազեկուցողի, Երեւանում ընդունելություն գտնելու պնդումն ու այս նամակը, թերեւս, միայն Հայաստանին ցավեցնելու նպատակ ունեն:

Այդուհանդերձ, «Առավոտը» փորձեց Լինդբլադի այս նամակի առնչությամբ ստանալ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցչի մեկնաբանությունը: Մեր հարցին՝ սա ՀՀ իշխանությունների կողմից համազեկուցողների գործունեության սաբոտա՞ժ է, թե՞ Լինդբլադն է փորձում մի վերջին հարվածը հասցնել Հայաստանին, Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն այսպես պատասխանեց. «Այդ երկու վարկածներն էլ որպես բացարձակ ճշմարտություն չեմ համարում: Կարծում եմ, Լինդբլադը պարզապես ՀՀ իշխանությունների հետ հարաբերությունների իր ընկալումներն է ներկայացրել: Բայց նա նաեւ շատ կարեւոր տեղեկություն է փոխանցել. Հայաստանն ունի համազեկուցողներին ընդունելու պարտավորություն, բայց ՀՀ ԱԺ նախագահը Հայաստանի անունից ցույց է տվել իր՝ եվրոպական հանրության համար լուրջ գործընկեր չլինելու փաստը: Եթե ՀՀ իշխանությունները մերժել են համազեկուցողների հետ հանդիպումներ կազմակերպել, նշանակում է՝ նրանք իրենց ստանձնած պարտավորությունները չեն կատարում: Դրանով իշխանությունները՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի, ցույց են տալիս իրենց իրական դեմքը. ինչպիսին որ կան «ներսի» իրենց նեղ շրջապատում, այնպես էլ իրենց դրսեւորում են «դրսում»: Հիմա միջազգային հանրությանն էլ ավելի պարզ կլինի, թե մեզ մոտ ինչ ղեկավարներ են նստած, ինչ մակարդակի իշխանություններ ունենք»:

Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ նաեւ, որ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի առաջարկով համազեկուցողների՝ հոկտեմբերին կայանալիք այցը Երեւան հետաձգվել է մինչեւ դեկտեմբեր կամ նույնիսկ հունվար ամիս: Այս առնչությամբ ՀԱԿ ներկայացուցիչ Վլ. Կարապետյանը նկատեց. «Վերջին երկուսուկես տարիներին իշխանությունները գործել են միայն մի տրամաբանությամբ՝ ձգձգել խնդիրների կարգավորումն ու շահել եւս մեկ օր: Այս ու նաեւ քաղբանտարկյալներին բանտերում պահելու հարցում իշխանությունների ամենաարդյունավետ գործիքներից մեկը եղել է հենց Դ. Հարությունյանը: Ոչ միշտ է նրան հաջողվել կատարել իրեն տրված հանձնարարությունները, բայց այս անգամ, կարծես, օգտվելով որոշ օբյեկտիվ հանգամանքներից՝ իշխանությունները հերթական անգամ հետաձգում են համազեկուցողների այցը Հայաստան: Եթե ՀՀ իշխանություններն ազնիվ լինեին, վստահ լինեին, որ կատարել են նաեւ ՀՀ պատվիրակության կողմից ընդունված ԵԽԽՎ թիվ 1677 եւ դրան նախորդած բանաձեւերի պահանջները, եթե նրանք կատարած լինեին երկրի ներսում չհասկացվածության պատերը քանդելու խոստումը, եթե մեր երկրում ամեն ինչ նորմալ լիներ, Լինդբլադը չէ, ով ուզում է լինի, որեւէ համազեկուցողի այցն այսքան հետեւողականորեն չէին ձգձգի, առավել եւս, որ այն հոկտեմբերին արդեն նախատեսված էր: Այն, որ հետաձգելու առաջարկ է արվել եւ դժկամություն կա համազեկուցողներին ընդունելու, վառ ապացույցն է այն բանի, որ բանաձեւերի կատարման ուղղությամբ ոչինչ չի արվել: Կոնկրետ դեպքը ցույց է տալիս նաեւ, որ այս իշխանություններն ինչպես խաբում են սեփական ժողովրդին եւ իրենց խոստումները չեն կատարում, այնպես էլ խաբում են ու իրենց մանր քայլերով փորձում են ֆռռացնել նաեւ միջազգային մեր գործընկերներին՝ մասնավորապես ԵԽԽՎ-ում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել