Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ

Հոկտեմբեր 08,2010 00:00

\"\"Երեկ ԵԽԽՎ-ում հայ եւ ադրբեջանցի պատվիրակների միջեւ հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ այս անգամ եւս հետաձգվեց ԼՂ հարցով ենթահանձնաժողովը վերականգնելու Չավուշօղլուի նախաձեռնությունը:

Երեկ երեկոյան Ստրասբուրգում կայացավ ԵԽԽՎ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ հանդիպումը՝ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի միջնորդությամբ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին եւս մի հանդիպում էր եղել, որից հետո ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասել էր, թե հնարավոր չեղավ հանգել ընդհանուր եզրակացության: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպես անցավ հոկտեմբերի 7-ի հանդիպումը: «Սկզբունքորեն՝ դեռեւս չենք հանգել եզրակացության, եւ դրա համար մեր խորհրդակցությունները շարունակվելու են: Ենթադրում եմ, որ մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա Փարիզում՝ դեկտեմբերի ընթացքում»,- պատասխանեց պրն Հարությունյանը:

ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն հոկտեմբերի 4-ի ասուլիսում հերթական անգամ հիշեցրել էր, թե 2005-ին ընդունված 1416 բանաձեւի համաձայն՝ պետք է ստեղծվի ԼՂ հարցով ենթահանձնաժողով. «Սա բանաձեւ է, որի կատարմանը պետք է հետեւենք»: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը մեր խնդրանքով անդրադառնալով այս պնդմանը՝ նշեց. «Իմ խորին համոզմամբ՝ Վեհաժողովի բանաձեւը շատ սահմանափակ մանդատ է նախատեսում ժամանակավոր հանձնաժողովի համար: Եվ լորդ Դեյվիդ Ռասսել-Ջոնսթոնն իր հանձնաժողովի նախագահ եղած տարիների ընթացքում առիթ ունեցել է զեկույցով հանդես գալու, թե այդ մանդատը սկզբունքորեն հնարավոր չէ կատարել՝ հաշվի առնելով բանակցությունների խորհրդապահական ընթացքը»:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք այնուամենայնիվ որոշակիորեն չե՞ն տարբերվում հանձնաժողովի վերստեղծումը պնդող ԵԽԽՎ ներկա նախագահի եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահի դիրքորոշումները: Վերջին վկայությունը՝ հոկտեմբերի 4-ին ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ՝ Մակեդոնիայի ԱԳ նախարար Անտոնիո Միլոշոսկու ԵԽԽՎ ամբիոնից հայտարարությունն էր, թե ԼՂ հակամարտության հարցում պատասխանատվությունը ԵԱՀԿ Մինսկի խմբինն է. «Կարեւոր է խուսափել նախաձեռնություններից, որոնք զուգահեռ կընթանան այն բանակցություններին, որոնք իրականացվում են ԵԱՀԿ հովանու ներքո»: Դավիթ Հարությունյանի արձագանքն էր. «Միլոշոսկու մոտեցումը պատասխանատու մոտեցում է: Ավելի՛ն՝ մի հանձնաժողով, որի գործունեությունը մեկ անգամ արդեն ձախողվել է, քանի որ կամա թե ակամա ստիպված էր բովանդակային առումով առնչվել Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացներին՝ մեր կարծիքով, չպետք է վերստեղծվի: Իսկ երկու պատվիրակություններն առանց այդ էլ կարեւոր անելիքներ ունեն՝ առնվազն կարող են փորձել ձեւավորել միմյանց միջեւ որոշակի փոխվստահության մթնոլորտ: Եվ այդ առումով կարող է աշխատանք տարվել»:

Սակայն ի՞նչ փոխվստահության մասին է խոսքը, երբ ե՛ւ ելույթներով, ե՛ւ շրջանառության մեջ դրված փաստաթղթերով ԵԽԽՎ-ում հայ եւ ադրբեջանցի պատվիրակների գործողությունները հիշեցնում են ուղղակի բառային փոխհրաձգություն: Թարմ օրինակը՝ հոկտեմբերի 6-ին Գանիրա Փաշաեւան շրջանառության մեջ դրեց «Ադրբեջանցի զինվորների դիակներն իրենց պետությանը վերադարձնելու անհրաժեշտությունը» հռչակագիրը: Այն ստորագրած 22 պատվիրակները (5-ը՝ Ադրբեջանից, 11-ը՝ Թուրքիայից, եւս մի քանիսը, որոնք ավանդաբար միանում են նրանց բոլոր նախաձեռնություններին՝ ինչպես Մեծ Բրիտանիայից՝ Մայքլ Հենքոքը կամ Լիտվայից՝ Էգիդիժուս Վարեյկիսը) պահանջում են վերադարձնել զինվորականներ Մուբարիզ Իբրահիմովի եւ Ֆարիդ Ահմադովի դիակները եւ հայտարարում, թե նրանց առնչվողը հակասում է միջազգային իրավունքի նորմերին: Հոկտեմբերի 7-ին էլ Զարուհի Փոստանջյանը շրջանառության մեջ դրեց «Հայ գերու մահը Ադրբեջանում» հռչակագիրը: Այն ստորագրած 25 պատվիրակները (6-ը մեր պատվիրակության անդամներն են, նաեւ Ֆրանսուա Ռոշբլուանը եւ Ռընե Ռուքեն, որոնք ավանդաբար միանում են հայկական բոլոր նախաձեռնություններին: Ստորագրել է եւ ԵԽԽՎ նախկին նախագահ Լյուիս Մարիա դը Պյուչը, որը մի քանի օր առաջ էլ միացել էր Ադրբեջանի նախաձեռնած հռչակագրին) նշում են. «ԵԽԽՎ-ն ցնցված է Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ եւ այս ողբերգության համար խստագույնս դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին»: Նշում են, թե սա միջազգային մարդասիրական իրավունքի «վայրագ խախտում» է:

Մեր հարցին, թե փոխադարձ մեղադրանքների այս մթնոլորտում որքանո՞վ կարող է առկա խնդիրների հանգուցալուծմանը նպաստել ԼՂ հարցով ենթահանձնաժողովը՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Դարձյալ եմ շեշտում՝ մեր կարծիքով, այն արդյունավետ չի կարող լինել: Ինչ վերաբերում է «փոխադարձ» հռչակագրերի փոխանակմանը եւ այլն՝ ես հենց այդ տեսանկյունից եմ կարծում, թե արժե ստեղծել փոխվստահության մթնոլորտ, որը հնարավորություն կտա խուսափել ավելորդ քարոզչական պատերազմից եւ անդրադառնալ առկա այն հարցերին, որոնց կապակցությամբ պատվիրակությունները կարող են ունենալ դրական դերակատարում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել