Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՅԻ ՄԵՋ ՄՈԼՈՒՑՔԸ «ԿՈՏՐԵՔ» ՄԱՆԿՈՒՑ

Հոկտեմբեր 07,2010 00:00

\"\"Ըստ հոգեբանի, անգամ խաղային սարքերը երեխայի մեջ զարգացնում են խաղամոլության ռիսկը

«Խաղամոլ չդառնալու ձգտումը պետք է ձեւավորել մանկուց՝ այն ժամանակից, երբ երեխան սկսում է խաղալ խաղալիքներով ու անընդհատ ձգտում նոր խաղալիքի: Երեխայի՝ անընդհատ ունենալու, գնելու ցանկությունը տարիքի հետ հավասար մեծանում է: Հատկապես հիմա, երբ ամենուր խաղային սարքեր կան, որի մեջ գումար գցելով՝ երեխան հնարավորություն ունի խաղալիք շահել, ազարտի մեջ է գցում փոքրիկներին. անընդհատ ուզում են էլի, էլի ու էլի շահել: Իսկ ծնողներն էլ, շատ հաճախ չմերժելով նրանց, տալիս են այդ թեկուզ 100-ական դրամները, ինչը շատ սխալ է: Երեխային ոչ թե պետք է անընդհատ գումար տալ, որ խաղ խաղա, իր ուզածը գնի, որ լաց չլինի, այլ նրան պետք է շատ զգուշորեն բացատրել, որ չի կարելի կառչել խաղային սարքերից: Մինչեւ 15 տարեկան երեխայի համար շատ կարեւոր է ծնողների ճիշտ դաստիարակությունը: Իսկ ոչ ադեկվատ ծնողական դաստիարակությունը՝ անհետեւողականությունը, երեխային տանում է կործանման»,- «Առավոտի» հետ զրույցում նշում է խաղամոլությամբ տառապող դեռահասների հետ աշխատող հոգեբան Կարինա Փիրումյանը, հավելելով, որ խաղամոլությունը հատուկ է հիմնականում արական սեռին:
Մեր զրուցակիցը շեշտում է՝ «դեռահաս տղաները, որոնք սխալ դաստիարակության արդյունքում տարվում են խաղամոլությամբ, մեծանալիս հակված են աֆեկտիվ խանգարումների, նրանց մոտ մշտապես պահպանվում է դեպրեսիվ ֆոնը: Ճիշտ է, դեռահասներին շատ դժվար է բուժել խաղամոլությունից, բայց, այնուամենայնիվ, նրանք բուժվում են, իսկ մեծահասակները, կայացած մարդիկ՝ հիմնականում այդ մոլուցքով ապրում են ամբողջ կյանքի ընթացքում: Խաղամոլները մշտական չհիմնավորված անվստահություն ունեն, ինչն էլ նրանց կյանքի կործանման պատճառներից մեկն է: Նրանք անընդհատ ուզում են խաղալ, հակառակվելով իրենք իրենց՝ խաղում են, պայքարում իրենք իրենց դեմ: Պարտվելը խաղամոլին չի վերադարձնում դեպի իրականություն, այլ ընկալվում է որպես անարդարացի արգելք բավարարության հասնելու ճանապարհին, որն էլ իր հերթին պատճառ է դառնում նորանոր փորձերի եւ գումարների վատնումի: Խաղամոլները, որպես կանոն, արտաքնապես ինքնավստահ են, բայց իրականում թուլամորթ, ցածր ինքնագնահատականով մարդիկ, եւ իրենց հիվանդագին հակման պատասխանատվությունը անգիտակցաբար վերագրվում է ոչ թե սեփական եսին, այլ՝ բախտին: Խաղամոլները հիմնականում ձգտում են բոլորից անկախ լինել, անգամ դեռահասները, որոնց հատուկ է պարտքով կամ անօրինական միջոցներով դրամ գտնելը: Այս մոլուցքով տառապողների՝ կյանքի մասին պատկերացումները սկսվում եւ ավարտվում են խաղամոլությամբ, նրանց հատուկ են նաեւ չկշռադատված քայլերը եւ անարդարացի ռիսկերը՝ բոլոր ասպարեզներում»:
Հոգեբանի ձեւակերպմամբ, այն կարծիքը, թե խաղամոլները հաբեցողներն են, թմրամոլներ եւ այլն, սխալ է՝ «խաղամոլների մոտ բացառվում է ալկոհոլի չարաշահման սովորույթն ու թմրադեղերի օգտագործումը»:
Կ. Փիրումյանը ասում է, որ խաղամոլությունը մարդուն կարող է հասցնել հոգեկան խանգարման: Խաղամոլը, եթե անգամ ունի նորմալ ընտանիք, կայուն աշխատանք, հարգանք եւ պատիվ, ժամանակի ընթացքում ամեն ինչ կորցնում է: «Դա քաղցկեղի նման անբուժելի հիվանդություն է: Հիվանդը՝ խաղամոլը, զրկվելով ամեն ինչից, մեծ պարտքեր է կուտակում, անօրինական, մութ գործարքներ անում, որ դրամ հայթայթի, եւ հիմնականում խուսափում է պարտքերը վերադարձնելուց: Խաղամոլությամբ տառապող անձը 24 ժամ մտածում է խաղի պարգեւած «հաճույքի» մասին, անկախ արդյունքից: Ի դեպ, այս հիվանդներին ախտորոշելու համար, համաձայն Հոգեկան եւ վարքային խանգարումների դասակարգման 10-րդ տարբերակի, առաջադրվում են հետեւյալ ցուցումները. հիմնական նշանը համարվում է մոլախաղով տարվելու մշտական, կրկնվող սովորույթը, որը շարունակվում է եւ հաճախ խորանում, անկախ սոցիալական հետեւանքից, ինչպիսիք են՝ աղքատանալը, ընտանեկան փոխհարաբերությունների խաթարումը, անձնական կյանքի փլուզումը: Իսկ այս հիվանդներին բուժելու համար, օրինակ, արեւմտաեվրոպական երկրներում մասնագետները նպատակահարմար են գտնում երկարատեւ հոսպիտալացումը, որպեսզի խզվեն հիվանդի բոլոր կապերը շրջապատի հետ: Միայն այդ դեպքում կարելի է սկսել հոգեվերլուծական կամ այլ տիպի հոգեթերապիան, որը վերջին հաշվարկներով կարող է ապահովել գրեթե 50% հաջողություն: Նշեմ նաեւ, որ շատ արդյունավետ են համարվում ինքնաօգնության խմբերը, որոնց հիմնական թերապեւտիկ միջոցը հուզական աջակցությունն է, սեփական վարքի վերահսկման օրինակները: Եվ իբրեւ հոգեթերապեւտիկ միջամտության անհրաժեշտ պայման է դիտվում հիվանդի կողմից դժվարության գիտակցումը եւ բուժվելու ցանկությունը: Լինում են դեպքեր, երբ որպես բուժման միջոց առաջարկվում է նաեւ դեղորայքային բուժումը», ասաց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ այժմ խաղամոլությամբ տարվելն ավելի հեշտ է, քան խորհրդային տարիներին, որովհետեւ այժմ հնարավորությունների շրջանակն ավելի մեծ է. «Բերեմ հասարակ օրինակ. հայկական ռադիոկայաններից մեկով շատ գակթակղիչ, բավականին երկար տեւողությամբ մի խաղատան գովազդ է հնչում, որի միայն վերջում է ասվում, եթե չափահաս չես, ապա մի արի մեր խաղատուն, բայց քանի որ գովազդի սկիզբը չափից ավելի «կանչող» է, ապա վերջին երկու բառերն ավելորդ են արդեն գայթակղված անչափահասի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել