Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՊՐՈՍՈՒՄ ԷԼ ԹԵԺ ՊԱՅՔԱՐ Է ԾԱՎԱԼՎԵԼՈՒ

Հոկտեմբեր 07,2010 00:00

\"\"Այսօրվա դրությամբ Հայաստանի ծանրորդները 2010 թվականին աշխարհի ու Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններում եւ Սինգապուրի պատանիների անդրանիկ օլիմպիական խաղերում ընդհանուր առմամբ արդեն նվաճել են 54 մեդալ:

Սակայն մրցաշրջանը դեռ շարունակվում է: Այն պաշտոնապես կավարտվի նոյեմբերի 20-28-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայանալիք Եվրոպայի 20 եւ 23 տարեկան տղաների ու աղջիկների առաջնություններով: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան պատրաստվում է մասնակցել նշված չորս մրցաշարերին էլ: Ինչո՞վ են ներկայումս զբաղված մեր ծանրորդները եւ ի՞նչ ակնկալիքներ ունենք Կիպրոսից: Երեկ «Առավոտը» զրուցեց հանրապետության ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հետ:
– Պարոն Ալավերդյան, Անթալիայում կայացած աշխարհի առաջնությունում մեր ազգային հավաքականի կազմում հանդես էին գալիս ծանրորդներ, որոնց տարիքը թույլ է տալիս Լիմասոլում մասնակցել նաեւ այդ տարիքային խմբերի Եվրոպայի առաջնությանը:
– Այո: Աղջիկներից Մելինե Դալուզյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը պատրաստվում են հանդես գալ՝ 23, իսկ Էլեն Գրիգորյանն ու Քրիստինե Պետրոսյանը՝ 20 տարեկանների առաջնությունում: Տղաներից ընդամենը 22 տարեկան է 77 կգ քաշային կարգում մեծահասակների աշխարհի մեր նորընծա չեմպիոն Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը: Սակայն նա Կիպրոս միանշանակ չի մեկնի՝ հանգստանում է: Ինքներդ Անթալիայում տեսաք, թե ինչպիսի ծանր պայքարում նա բարձրացավ պատվո պատվանդանի առաջին աստիճան: Տիգրանը դեռ մեկ տարի էլ ունի եւ ցանկության դեպքում կարող է եկող տարի մասնակցել 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:
– Ուրիշ էլ ովքե՞ր են հավաքականների թեկնածուներ:
– Տղաներից 22 հոգի հոկտեմբերի 5-ից առաջին ուսումնամարզական հավաքն են սկսել Աբովյանում: Նրանք մեր հանրապետության այսօրվա այն մարզիկներն են, որոնք կարող են իրենց դրսեւորել Լիմասոլում: Իսկ թե ովքե՞ր կընդգրկվեն հավաքական, կերեւա միայն նախապատրաստության ավարտին: Համենայնդեպս, Կիպրոս գործուղվելու են միայն նրանք, ովքեր կհավակնեն մեդալների կամ կպայքարեն գոնե լավագույն հնգյակում կամ վեցյակում տեղ զբաղեցնելու համար:
– Իսկ եթե բոլորն էլ իրենց արդարացնեն եւ հույսեր ներշնչեն:
– Ուրեմն բոլորն էլ կգնան, խնդիր չի լինի:
– Աղջիկներից տվեցիք անվանիների անունները, տղաների մեջ այդպիսիք չկա՞ն:
– Իհարկե կան, որոնցից շատերը տարբեր տարիքային խմբերում հասցրել են իրենց ծանրակշիռ խոսքն ասել՝ դառնալով Եվրոպայի առաջնությունների հաղթողներ եւ մրցանակակիրներ: Այդպիսիք են Աղասի Աղասյանը՝ 77 կգ քաշային կարգ, Աղվան Մելիքյանը՝ 85 կգ, Ռուբիկ Մամոյանը՝ 62 կգ, Վանիկ Ավետիսյանը, որը 62-ից տեղափոխվել է 69 կգ քաշային կարգ: Այս հավաքին ընդգրկել ենք նաեւ տակավին պատանի, 16-ամյա ծանր քաշային Գոռ Մինասյանին, որը Սինգապուրում արծաթե մեդալ նվաճեց: Ճիշտ է, հնարավոր է, որ նա Կիպրոս չմեկնի, սակայն ավագ ընկերների հետ մարզվելը նրա համար շատ օգտակար կլինի հետագայի համար: Իսկ 56 կգ քաշային, 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի մեծահասակների առաջնության փոխչեմպիոն, Սինգապուրի պատանիների օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանին ներկայացնելու կարիք, կարծում եմ, չկա: Չնայած այս հավաքը բաց է թողել ուսի թեթեւ վնասվածքը դեռ բուժող գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը, որն արդեն իսկ լուրջ մրցակից է աշխարհի ուժեղագույն մեծահասակ ծանրորդների համար, սակայն եթե նա իրեն այդ օրերին լավ զգա, բացառված չէ, որ նույնպես մեկնի Կիպրոս:
– Հնարավո՞ր է, որ ամբողջական թիմեր հավաքագրվեն:
– Ֆեդերացիան դրա համար համապատասխան գումարներ ունի: Բայց ոչ այնքան, որ մեզ շռայլություններ թույլ տանք: Կրկնում եմ՝ կմեկնեն միայն լավագույնները:
– Աղջիկները երբվանի՞ց են սկսելու նախապատրաստվել:
– Նրանք հիմա մարզվում են իրենց անձնական մարզիչների ղեկավարությամբ: Հոկտեմբերի 25-ից տասնօյա ուսումնամարզական հավաքի են մեկնելու Ծաղկաձոր, որից հետո հավաքը շարունակելու են Գյումրիում:
– Այսինքն՝ աշնան վերջին է՞լ մեդալների նոր բերքահավաք է սպասվում:
– Ես բերքահավաք բառը չէի օգտագործի: Պարզապես, ծանրորդներն աշխատելու են անել առավելագույնը: Մի մոռացեք, որ եվրոպական շատ երկրներում էլ կան երիտասարդ տիտղոսավոր մարզիկներ, որոնց հաղթելը հեշտ չէ:
– Կիպրոսում թիմային հաշվարկ լինելո՞ւ է:
– Անշուշտ՝ կլինի: Բայց մենք մեր առջեւ թիմային հաղթանակների խնդիր չենք դնում, որովհետեւ դրա համար ամբողջական հավաքականներ են պետք: Իսկ մեր ակնկալիքները կապված են հիմնականում անհատ մարզիկների լավ մրցելույթների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել