Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցին վտանգված է

Հոկտեմբեր 07,2010 00:00

Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում է գտնվում Սուրբ Խաչ եկեղեցին, որի ճակատին փակցված է Հուշարձանների պահպանության գործակալության հուշատախտակը՝ «1300 տարեկան» ու նաեւ այն, թե պահպանվում է պետության կողմից: Կամսարականների կառուցած  այս եկեղեցին այսօր մոռացության է մատնված: Այն ժամանակին եղել է ոչ միայն աղոթատեղի, այլեւ կրթարան, որի օգնությամբ մեր ժողովուրդը հավատարիմ է մնացել  իր հավատին, լեզվին, հոգեւոր մշակույթին եւ սովորություններին:  Անգամ ավերիչ երկրաշարժը ժամանակին չի կարողացել խախտել նրա ընդհանուր կերտվածքը, միայն գմբեթի տարբեր մասերում որոշ նախշազարդեր են ավերվել: Վերջին տարիներին, սակայն, տեսանելի են եկեղեցու պատերին մեծ ճաքեր եւ փլվածքներ: Զառինջացիները եկեղեցին  փրկելու համար սեփական միջոցներով պարսպապատել են այն ու փորձել վերականգնել այն՝ հույսները կտրած պետական աջակցությունից, մանավանդ՝ նրանց դիմումները Հուշարձանների պահպանության գործակալություն, միշտ մնացել են անպատասխան:
Վերջին շրջանում Հուշարձանների պահպանության  գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանին էլ եմ այցելել համայնքի անունից, պատմել եկեղեցու վիճակի մասին, ներկայացրել լուսանկարներ, իսկ նա պատճառաբանել է, թե մեծ է նման եկեղեցիների թիվը, եւ գուցե տարիներ են հարկավոր, որ հերթը այս եկեղեցուն հասնի: Այնուհետեւ հնչում են բողոքներ՝ ո՞վ է թույլ տվել, որ կարմիր տուֆակերտ եկեղեցու պատին երեւան մոխրագույն քարեր, ո՞վ է իրավունք տվել աղավաղել ճարտարապետական կոթողը: Բացատրում ենք, որ իրենց գործակալության գործն է պահպանելը, ինչո՞ւ մինչեւ օրս չեն այցելել, որ տեսնեն՝  ինչպես է ավերվում դարերից եկած սրբազան վեհությունը, դեռ մի բան էլ նախատինքներ են հորդում:
Ոչ ոք դեմ չէ, թող կառուցվեն  նոր եկեղեցիներ, բայց չմոռացվեն  նաեւ դարերից մեզ հասած հնությունները: Հավատում եմ, որ այս տողերը կհասնեն նաեւ մշակույթի նախարարությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել