Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք հոբելյան Իսահակյան գրադարանում

Հոկտեմբեր 07,2010 00:00

\"\"Կամ Գրադարանավարի օրը՝ դարձյալ առանց կոչումների

Այսօր Գրադարանավարի օրն է, որը մեր երկրում նշվում է 2004թ.-ից:
Երբ Ազգային ժողովը 2001թ. ընդունեց «Կոչումների եւ պարգեւների մասին» օրենքը, գրադարանավարները օրենքում տեղ չունեցան: Սակայն ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ ՀՀ մշակույթի նախարարություն կհրավիրվեն գրադարանավարներ, տնօրեններ, կհանձնվեն շնորհակալագրեր, ծաղկեփնջեր, կբարձրացվեն շամպայնի բաժակներ ու դրանով ամեն ինչ կավարտվի:
Տոնի առիթով «իրարանցում» է Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում՝ լրանում է հիմնադրման 75, Վարպետի ծննդյան 135 եւ գրադարանը բանաստեղծի անունով կոչելու 55- ամյակը:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը հայտնեց, որ իրենք այս տարին կոչել են Իսահակյանական եւ անցկացրել յոթ տասնյակից ավելի միջոցառումներ: Հոբելյանական տարեթվերի առիթով էլ հոկտեմբերի 22-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա երեկո: Հոկտեմբերի 15-ին իսահակյանցիները կայցելեն Պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Վարպետին, որից հետո տուն-թանգարանում կազմակերպվելիք երեկոյին դիպլոմներ կհանձնվեն Իսահակյանի անվան ստեղծագործողների հանրապետական գրական մրցույթի հաղթողներին:
Մշակութային այս օջախում տարին տասներկու ամիս միջոցառումներ են՝ ոչ միայն գրական: Օրինակ, դեռեւս 2000թ.-ից «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայի հետ համատեղ գրադարանը կազմակերպում է «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնը եւ վերջինիս համար հոբելյանական տարում հոկտեմբերի 25-ին «Մետրո» թատրոնում Իսահակյանի գրվածքների հիման վրա գրադարանի ստուդիայի (ղեկավար՝ Մ. Հակոբյան) պատանի դերասանները հանդես կգան «Խաղում ենք Իսահակյան» պիեսով: Ավելի վաղ, հոկտեմբերի 13-ին կկայանա գրադարանում գործող «Բողբոջներ» գրական ստուդիայի սաների ստեղծագործությունների «Առաջին ծիլեր» գրքույկի շնորհանդեսը եւ այլն:
Գրադարանի տնօրեն Հ. Կարապետյանը, անդրադառնալով վերջին 5 տարիների գրադարանի գործունեությանը, նշեց, որ 2005թ.-ից իրենց մոտ ամեն շաբաթ կազմակերպվում է գեղարվեստական եւ մանկական ֆիլմերի անվճար ցուցադրություն: Գրադարանում բացվել է Հայաստանում առաջին «Ամերիկյան անկյունը»՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ, ընթերցողներն անվճար օգտվում են ինտերնետային ծառայություններից: Նույն թվականից պարբերաբար կազմակերպվում են անգլերենի եւ արաբերենի ուսուցման անվճար դասընթացներ եւ այլն: 2008-ին Բրիտանական խորհրդի աջակցությամբ բացվել է «Բրիտանական կենտրոնը», որը եւս մատուցում է ինտերնետ եւ տեղեկատվական անվճար ծառայություններ: «2010թ. գրադարանի Բաղրամյան 20 հասցեում գործող մասնաճյուղում բացվեց «Ասիական կենտրոնը»՝ ՀՀ-ում Հնդկաստանի, Չինաստանի, Լիբանանի եւ Ղազախստանի դեսպանատների աջակցությամբ»,- հավելեց տիկին Կարապետյանը:
Քանի որ խորհրդային տարիներին գրադարանավարները նույնպես արժանանում էին բարձր կոչումների ու պարգեւների, հետաքրքրվեցինք՝ իրենց մոտ կա՞ն նման աշխատողներ: Տնօրենն ասաց, որ Իսահակյանի անվան գրադարանի 40 տարիների տնօրեն Վարվառա Մարգարյանը ժամանակին արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման, իսկ գլխավոր գրադարանավար Արուսյակ Գյոզալյանը՝ վաստակավոր գրադարանավարի: Նա տեղեկացրեց նաեւ, որ ԱԺ-ում առաջիկայում քննարկվելու է «ՀՀ վաստակավոր գրադարանավար» կոչում շնորհելու հարցը:
Ի դեպ, այսօր գրադարանն աշխատելու է մինչեւ ժամը 22-ը, կանցկացվեն բազմաբնույթ միջոցառումներ «Հանդիպման վայրը՝ գրադարան» խորագրով, ինչը նպատակ ունի մեկ անգամ եւս պատկան մարմինների եւ հասարակության ուշադրությունը բեւեռել գրադարանային խնդիրներին: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել