Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՐԱՅԶԱՅԻ ԳԱՐՇԱՊԱՐԸ»

Հոկտեմբեր 07,2010 00:00

Ամերիկյան հեղինակավոր պարբերականները ուշադրության կենտրոնում են պահում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության հաստատման շուրջ զարգացումները: «Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզայի շուրջ զարգացումները քաղաքական ֆուտբոլի են նման»,- «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, գրել է Washington Times-ը՝ ընդգծելով, որ սա մինչեւ օրս Վաշինգտոնում սկիզբ առած ամենաերկարատեւ եւ վիճահարույց դիվանագիտական տարաձայնությունն է:
«Պետդեպարտամենտում հարգանք վայելող փորձառու դիվանագետը դարձել է երկու հակառակորդ խմբերի՝ Ամերիկայի հայերի եւ ադրբեջանցիների հեռուն գնացող նպատակների գերին»,- գրել է հեղինակավոր պարբերականը՝ ներկայացնելով վիճաբանող կողմերի հիմնական փաստարկները:
Նույն թեմային երեկ անդրադարձել է նաեւ Wall Street Journal-ը՝ «Ոչ դիվանագիտական առկախումներ. սենատորները՝ ընդդեմ Միացյալ Նահանգների շահերի» վերնագրված հոդվածում: Հիշեցնելով, որ այս պահին Սենատի լիագումար նիստում առկախված է նաեւ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրված Ֆրանկ Ռիչարդոնեի թեկնածությունը, պարբերականը գրել է. «Այս հարցերով քվեարկությունը հավանական չէ առնվազն մինչեւ Սենատի միջանկյալ՝ նոյեմբերի 2-ին նախատեսված ընտրությունների ավարտը, քանի որ օրենսդիրները որոշել են չդադարեցնել աշխատանքները, ինչպես սովորաբար լինում է ընտրությունների ընթացքում՝ այդպիսով հնարավորություն չտալով Օբամային նշանակումներ անել այդ դադարի ժամանակահատվածում»: Թերթը նաեւ ընդգծել է, թե «նախագահի կողմից առաջադրված թեկնածուներին հաստատելու՝ Սենատի իրավունքը չպետք է ծառայեցվի առանձին անդամների անձնական շահերին: Ադրբեջանն ու Թուրքիան Միացյալ Նահանգների համար կարեւոր գործընկերներ են, եւ Վաշինգտոնը այդ երկրներում լավ դիվանագետների կարիք ունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել