Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՍ-ն ու «Ֆատխը» հակամարտում են, բայց կարող են եւ հաշտվել

Հոկտեմբեր 07,2010 00:00

Չորեքշաբթի օրը Գազայի հատվածում պաղեստինյան զինված մի շարք կազմավորումներ հայտարարել են, թե Հորդանան գետի Արեւմտյան ափում, իրենց զինակիցների ձերբակալություններին ի պատասխան, Պաղեստինի ինքնավարության վարչակազմի դեմ քայլեր կձեռնարկեն: «Եթե մեր ջանքերը (միջպաղեստինյան) հաշտության եզրեր գտնելու ճանապարհին ի վիճակի չլինեն դադարեցնել հետապնդումներն ու մոջահեդների ձերբակալությունները, ապա ոչ ոք չպետք է մեզ մեղադրի, եթե մենք, որպես դրան արժանի պատասխան,  սկսենք հետապնդել իշխանական «Ֆատխի» կողմնակիցներին, որտեղ էլ որ նրանք լինեն»,- ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, Գազայում հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի պաշտոնական ներկայացուցիչ Աբու Ուբեյդան:
Նախօրեին պաղեստինյան դատարանը Ռամալլում մեղավոր էր ճանաչել ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի երեք ներկայացուցիչների, այդ թվում՝ մի կնոջ, ավելի քան մեկ տարի առաջ Հորդանան գետի Արեւմտյան ափին պաղեստինցի երեք ոստիկանների մահվան մեջ: «Մեր լռությունը «Ֆատխի» գործած հանցագործությունների առնչությամբ երկար շարունակվել չի կարող: Ի վերջո, դա մեզ կստիպի լռությունից գործողությունների անցնել»,- հավելել է Աբու Ուբեյդան:
Գազայի հատվածում իր վերահսկողությունը հաստատած ՀԱՄԱՍ-ը իշխանական «Ֆատխ» շարժմանը մեղադրում է նրա իրավասությունների գոտում՝ Հորդանան գետի Արեւմտյան ափին՝ ՀԱՄԱՍ-ի ավելի քան հազար զինակիցների կալանավորման մեջ: Մեղադրանքներն ավելի շեշտադրված են դարձել հատկապես Հեւրոն եւ Ռամալլ բնակավայրերում տեղի ունեցած վերջին ահաբեկչական ակտերի եւ սեպտեմբերին վերսկսված պաղեստինա-իսրայելական ուղիղ բանակցությունների ֆոնին: Իր հերթին «Ֆատխը» անկլավի խռովարարներին՝ ՀԱՄԱՍ-ին մեղադրում է իր ավելի քան 200 զինակիցներին կալանելու մեջ: Այդուհանդերձ, այս երկու խոշոր եւ միմյանց հետ հակամարտող խմբավորումներին հաշտեցնելու փորձեր են արվում:
Սպասվում է, որ այս շաբաթ Սիրիայի մայրաքաղաքում տեղի կունենա երկու հակամարտող կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում՝ քննարկելու համար նրանց միջեւ առկա տարաձայնությունների չորս սկզբունքային կետերը: Եթե կողմերին հաջողվի համաձայնության գալ անվտանգության կոմիտեի վերակազմավորման հարցում, ապա նրանք կմեկնեն Կահիրե՝ ստորագրելու միջպաղեստինյան հաշտության եգիպտական փաստաթուղթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել