Թուրքիան պաշտոնական պատվիրակություն կգործուղի Արեւելյան Երուսաղեմ՝ մասնակցելու հոկտեմբերի 20-22-ը կայանալիք Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության խորհրդաժողովին: Trend.az-ը, վկայակոչելով թուրքական Hurriyet Daily News & Economic Review-ին, փոխանցում է, թե թուրքական պատվիրակությունը գլխավորելու է երկրի զբոսաշրջության նախարարության ներկայացուցիչ Օզգյուր Օզասլանը: Իսրայելի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող Արեւելյան Երուսաղեմ մեկնելու՝ Թուրքիայի պատրաստակամությունը զարմացրել է ե՛ւ Իսրայելին, ե՛ւ հենց Թուրքիային՝ նկատի ունենալով երկու երկրների հարաբերություններում «Ազատության նավատորմի» շուրջ տեղի ունեցած զարգացումների պատճառով առաջացած լարվածության փաստը:
Պաղեստինի վարչակազմը Եվրամիությունից պահանջել է չեղյալ հայտարարել միջազգային իրավունքի տեսանկյունից զավթված տարածք համարվող Արեւելյան Երուսաղեմում խորհրդաժողովի անցկացումը: Մեծ Բրիտանիան ու Իսպանիան արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու խորհրդաժողովին: