Լրահոս
Օրվա լրահոսը

Վերապատրաստված ուսուցիչները քիչ են

Հոկտեմբեր 07,2010 00:00

Հատուկ կարիքներ ունեցող երեխաներին դասավանդողների խնդիր կա

Հայաստանը կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար բացել է հանրակրթական դպրոցների դռները: «Ներառական կրթությունը Հայաստանում» թեմայով երեկվա քննարկմանը հավաստիացնում էր ԿԳՆ նախադպրոցական եւ միջնակարգ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը: Ըստ նրա. «Սրանից 10 տարի առաջ հաշմանդամ երեխայի ծնողը մեծ դժվարությամբ էր որոշում հանրակրթական դպրոցում իր երեխայի կրթությունը կազմակերպել, իսկ այսօր կարծես թե կոտրվել է այդ կարծրատիպը, այլեւս այդքան դժվար չէ, որովհետեւ հաշմանդամ երեխան իսկապես զգում է իրեն հասարակության լիարժեք անդամ»: Տիկին Մուրադյանի խոսքով, 2010-2011թթ. տվյալներով, հանրապետությունում գործում է 65 հանրակրթական դպրոց, որոնք կարող են իրականացնել ներառական կրթություն, բայց այս տարվա պետբյուջեով միայն 62 դպրոց է իրականացնում, որտեղ սեպտեմբերի 1-ի դրությամբ սովորում է հատուկ կարիքներ ունեցող 1625 աշակերտ: Նախարարության ներկայացուցիչը նկատեց, որ ներկայումս հատուկ հանրակրթական դպրոցի աշակերտները ներառական կրթություն իրականացնող դպրոցների աշակերտներից ընդամենը 1000-ով են ավելի: «2002-ին ունեինք 52 հատուկ դպրոց, որտեղ սովորում էր մոտ 10 հազար երեխա: Չեմ ուզում ամեն ինչ շատ լուսավոր ներկայացնել՝ շատ աշխատանք ունենք կատարելու, օրինակ՝ հանրակրթական ծրագրերը դեռ չենք համապատասխանեցրել կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին: «Կրթության մասին» օրենքում ամեն ինչ շատ սիրուն ամրագրված է, բայց իրականությունն այլ է…»,- ասում է նա:
Այն հարցին՝ արդյո՞ք ԿԳ նախարարությունը անցկացրել է մոնիտորինգ՝ պարզելու, թե հաշմանդամ աշակերտները որքանով են գոհ դասերից, ուսուցչի վերաբերմունքից, տիկին Մուրադյանը պատասխանեց. «Իհարկե, իրականացնում ենք, բայց ոչ թե կոնկրետ հաշմանդամ երեխաների շրջանում, այլ արդյո՞ք ընդհանրապես երեխաները կամ ծնողները գոհ են դասապրոցեսից: Չեմ կարող ասել, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է, բայց ամեն ինչ լավ չէ նույնիսկ այն երեխաների համար, ովքեր առանձնահատուկ կրթության կարիք չունեն»: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանն էլ նկատեց, որ ոլորտում համապատասխան մանկավարժների պակաս կա. «Ինչքան էլ ուսուցիչները վերապատրաստվում են, հաջողություններ գրանցում ենք միայն տարրական դասարաններում, երբ երեխայի հետ աշխատող ուսուցիչների թիվը փոքր է: Միջին դասարաններում վերապատրաստված ուսուցիչները բավարար քանակությամբ չեն, որ կարողանան հաշմանդամ տարբեր երեխաների հետ աշխատել»: Քննարկման մասնակիցներից մեկն էլ հետաքրքրվեց՝ հաշմանդամ երեխան, որ գտնվում է հատուկ կարիքներ չունեցող երեխաների մեջ, ինչպե՞ս է հասկանալու ֆիզիկան:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի ղեկավար Քրիստինա Ռոչելան էլ հարցին ի պատասխան մեջբերեց իտալական փորձը՝ նշելով, որ Իտալիան առաջին պետությունն էր աշխարհում, որը ներմուծել է համապարփակ ներառական կրթություն. «Իտալիայում այլեւս գոյություն չունեն հատուկ դպրոցներ, ու բոլոր երեխաները օրենքով պարտադիր հաճախում են սովորական դպրոց: Նպատակն այն չէ, որ բոլոր երեխաները ֆիզիկա հասկանան, որովհետեւ հատուկ կարիքներ ունեցող երեխաները ակնհայտորեն ֆիզիկա չեն հասկանալու, ներառական կրթության հիմնական սկզբունքն այն է, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի մեծանալու նույն համայնքի մեջ, շփվելու հասակակիցների հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել