Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՍՊԱՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ ԵՎ ՔՐԵԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 07,2010 00:00

\"\"Ի տարբերություն Ռուսաստանի,  Հայաստանում վիճակն այսքան սուր չէ

Նախորդ ամիս ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի կողմից հրապարակված զեկույցի տվյալներով, Ռուսաստանը 53 երկրների շարքում 10-29 տարիքային խմբում բռնության պատճառով մահացության մակարդակով գրանցել է ամենաբարձր ցուցանիշը: 100000 հանցագործություններից 15085-ն ավարտվել է երիտասարդների մահով: Հուրախություն հայերիս, մեր երկիրը այս զեկույցում դասվել է ոչ ռիսկային երկրների շարքում. մահացության ամենացածր մակարդակը գրանցվել է Գերմանիայում՝ 0.47% եւ Հայաստանում՝ 0.5%: Թե որոնք են հարեւան Ռուսաստանի երիտասարդության շրջանում հանցավորության նման պատկեր ունենալու հիմնական պատճառները եւ ինչպես կարելի է կանխել հանցագործությունը, երեկ փորձում էին ներկայացնել Երեւան-Մոսկվա տեսակամուրջի մասնակիցները:
Ռուսաստանի պետդումայի փոխնախագահ, Ընտանիքի, երեխաների, կանանց հարցերով հանձնաժողովի անդամ Սվետլանա Ժուրովան այս զեկույցի տվյալների հետ այնքան էլ համաձայն չէր, չնայած չժխտեց, որ Ռուսաստանում շատ են նման դեպքերը. «Չի կարելի ասել, որ այստեղ միայն պետությունն է մեղավոր: Ամեն ինչ սկսվում է ընտանիքից, հետո հեռուստատեսություն, ինտերնետ եւ այն ամենը, ինչ շրջապատում է երեխային»: Նա հայտնեց, որ այժմ ՌԴ պետդուման երեխաների դաստիարակության համար կոնցեպցիա է մշակել: Ապա սկսեց մեղադրել ռուսական ԶԼՄ-ներին, թե հաճախ ներկայացնում են բացասականը ու մոռանում դրականի մասին. «Ցույց ենք տալիս, թե ինչքան լավ է Ամերիկայում ու քննադատում, թե ինչքան վատ է Ռուսաստանում»: Տիկին Ժուրովայի խոսքով՝ պետությունը չի կարող կանխել դա, որովհետեւ. «Երբ հեռուստատեսությամբ սկսում ենք արգելել բռնության տարրեր պարունակող կադրերը, որոնք էկրանին հայտնվում են ամեն րոպե՝ նորություններում, ռեպորտաժներում, հաղորդումներում, դա դիտվում է որպես գրաքննություն»: ՌԴ պետդումայի փոխնախագահը, շարունակելով խոսել հանցագործությունների պատճառների մասին, կարեւորեց երեխաների զբաղված լինելը: Նրա մեկնաբանմամբ, երբ երեխան ազատ չէ, նրա գլուխը լցված չէ բռնության կամ նման այլ մտքերով, իսկ սպորտն ու մշակույթը օգնում են, որ երեխան հանդուրժող մեծանա:
Տեսակամուրջի մյուս մասնակիցը՝ հիմնականում անչափահասների հանցագործություններով զբաղվող Մոսկվայի ՆԳԳՎ Քրեական հետախուզության վարչության 20-րդ բաժնի պետ Իվան Իգոշինը վստահեցրեց. այնտեղ, որտեղ կա անչափահասի հանցագործություն, կա նաեւ հասուն մարդ, որը սառը զենք է տրամադրում անչափահասին: Նրա կարծիքով էլ, հանցագործությունների մեծ մասի դեպքում մեղավոր են ինտերնետն ու հեռուստատեսությունը:
ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, ՀՀ նախագահին առընթեր կալանավորների վաղաժամկետ ազատման հանձնաժողովի անդամ Հրանտ Ավանեսյանը զեկույցի՝ Հայաստանի «մասով» գոհացուցիչ արդյունքները պայմանավորեց մեր երկրի բնակչության միատարր լինելով եւ հայկական ընտանիքների ավանդապահությամբ. «Մեզ մոտ քիչ են այլազգիները եւ Հայաստանում փոքր թիվ են կազմում կանանց հանցագործությունները»: Նա նաեւ փաստեց. «Ռուսաստանում ընկած է կրթության վարկը, մինչդեռ Հայաստանում երիտասարդությունը դեռ հետաքրքրված է կրթությամբ»: Պարոն Ավանեսյանը կարծում է. «Մեզ մոտ, իհարկե, պետությունը չխառնվեց հեռուստաեթերի գործում, բայց եղավ հասարակական վերահսկողություն, որը նվազեցրեց այն սերիալների քանակը, որտեղ բռնություն ու դաժանություն էր քարոզվում»:
Էքստրեմալ իրավիճակներում իրավական եւ հոգեբանական օգնության կենտրոնի ղեկավար Միխայիլ Վինոգրադովը Ռուսաստանում երիտասարդության եւ մասնավորապես դեռահասների, երեխաների շրջանում գրանցված բարձր ցուցանիշը պայմանավորեց հետեւյալ հանգամանքով. «Այսօրվա ռուսական ընտանիքը բառիս բուն իմաստով դադարել է ընտանիք լինելուց: Սոցիալական ցածր խավի ընտանիքներում ծնողները սկսել են մտածել ամեն կերպով գումար հայթայթելու մասին ու մոռացել երեխաներին: Միջին կամ բարձր խավի ընտանիքներում մայրիկը «բիզնեսվումեն» է, հայրը՝ բանկի աշխատող, եւ նրանք լավագույն դեպքում դայակ են վարձում»: Անդրադառնալով ռուսական ԶԼՄ-ներին էլ, հավելեց, թե դրանք բռնության, դաժանության, կրիմինալի պրոպագանդայով են զբաղված՝ «Սպանիր նրան, սպանիր թշնամուդ» եւ նման այլ կարգախոսներով: «Մենք չգիտենք՝ ո՞րն է մեր ազգային մշակույթը, խնդիրներ կան դպրոցում, իսկ ինտերնետում կա նույնիսկ ինքնասպանների ակումբ»,- փաստեց Մ. Վինոգրադովը: Հանցագործությունների աճի մյուս պատճառը, ըստ նրա, իրենց երկրում կրոնի բազմազանությունն է: Նա շեշտեց նաեւ ընդունելության քննությունների շրջանում ինքնասպանությունների աճի մասին: Ս. Ժուրովան էլ արձագանքեց, թե Խորհրդային Միության ժամանակ էլ քննությունների ընթացքում տեղի էին ունենում ինքնասպանություններ, տարբերությունը, ըստ նրա, այն է, որ հիմա դրանք բարձրաձայնվում են: Մ. Վինոգրադովն անմիջապես հակադարձեց. «Նման քանակի հանցագործություններ երբեք չեն եղել»:
Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդության քաղաքականության վարչության ծրագրերի մշակման եւ իրագործման պատասխանատու Արմեն Պապյանը վստահեցրեց. «Հայաստանում երիտասարդական քաղաքականություն է իրականացվում, եւ պետությունը ոչ միայն հետաքրքրվում է երիտասարդների կյանքով, այլեւ վերահսկում»: Բայց նա էլ է վտանգներ տեսնում. «Հայ երիտասարդությունն ավելի շատ օգտվում է էլեկտրոնային կայքերից: Ինչ են տեսնում մեր երեխաները հեռուստատեսությամբ, ինտերնետով, բացում ես առաջին հայացքից ինտերնետային որեւէ կրթական կայք ու ինչ ասես չի հայտնվում, նույնը նաեւ հեռուստատեսությամբ է, մուլտեր են, անհասկանալի «բարի հրեշներ», «սարսափիկներ», «սարդեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել