Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկացած մեղադրանք բումերանգի պես հետ է գալիս

Հոկտեմբեր 07,2010 00:00

ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի (ՀՀԿ) ելույթը խորհրդարանում

Հարգելի՛ ներկաներ
Մեր շուրջը մարդկանց մի հոծ բազմություն կա, որոնք սովորաբար դժգոհ են ամեն ինչից, եւ նրանց ամենասիրած «զբաղմունքը» վատաբանելն ու պախարակելն է, ամեն տեղ բացառապես բացասականը պեղելը եւ այնուհետեւ գույները խտացնելը: Երեւույթին, իհարկե, կարելի է ինչ-որ չափով հանգիստ նայել ու համակերպվել, բայց միայն թե ոչ այն պարագայում, երբ չարախոսության առարկա են համազգային նվիրական արժեքները:
Վերջերս մամուլում հաճախակի են դարձել «հարձակումները» մեր ամենաթանկ ձեռքբերումներից մեկի, հայ ժողովրդի նորօրյա պատմության իսկական «հերոսի»՝ Հայոց ազգային բանակի հանդեպ: Եվ չնայած գիտակցում էի, որ մեր բանակը ոչ ոքի պաշտպանության կարիքը չունի, որովհետեւ հարկ եղած դեպքում ոչ միայն իրեն, այլեւ ողջ ազգին՝ այդ չարախոսներին էլ հետը, կարող է պաշտպանել թշնամիներից, այնուամենայնիվ, մինչեւ վերջ լռել պարզապես չհաջողվեց: Նաեւ այն պատճառով, որ, անկեղծ ասած, ինձ համար միանգամայն զարմանալի է այն, որ մարդիկ կան, ովքեր կարծում են, թե մի քանի տասնյակ հազար անձնակազմ ունեցող այս կառույցում, որը կատարում է բարդ, պատասխանատու ու միաժամանակ վտանգավոր առաքելություն, գտնվում է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» հարաբերական պայմաններում, հնարավոր է արտակարգ պատահարների իսպառ բացակայություն: Այդպիսի միամիտները, որոնց վրա են հենց աշխատում «սադրիչները», այնուամենայնիվ, քիչ են. վերջին ժամանակներս առավել շատացել են նրանք, ովքեր, նման բանի իրենք չհավատալով, չարամտորեն փորձում են «հավատացնել» ուրիշներին եւ «գցել» զինված ուժերի հեղինակությունը ողջ հասարակության աչքում՝ չհասկանալով մի շատ պարզ բան, որ բանակը հենց հասարակության ծնունդն է՝ համալրված նույն այդ հասարակության անդամներով, եւ բանակի հասցեին հնչած ցանկացած մեղադրանք բումերանգի պես հետադարձ թռիչքով գալիս ու հենց իրենց է դիպչում:
Հիմա բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, բայց քչերի մտքով է անցնում աշխարհին թողնել լավ երեխաներ: Այնինչ, սա պիտի լինի բոլորիս անելիքն ու նպատակը, որովհետեւ սա է նաեւ գրավականն ու միակ նախապայմանը պետության տարբեր ոլորտներում, այդ թվում եւ բանակում ամոթալի դժբախտ պատահարների թիվը նվազեցնելու:
Հավատացնում եմ Ձեզ, որ այդքան վտանգավոր չէ թշնամին, երբ նրա հետ առերեսվում ես մարտի դաշտում, որքան որ թիկունքից հարվածողները: Եվ այդ թիկունքից հարվածողները իրենց ճղճիմ ներքաղաքական շահերի համար պատրաստ են ամեն ինչի՝ անտեսել իրենց հարազատներին, ընկերներին, բարեկամներին, ազգային շահերը, հրապարակավ վատաբանել նաեւ մեր հաղթական բանակը:
Զինված ուժերից դժգոհողներին պետք է տալ մի հարց, որը, ի վերջո, ամենակարեւորն է՝ «կարողանո՞ւմ է հայոց ազգային բանակը լուծել իր առջեւ ծառացած խնդիրները»: Ես, օրինակ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, առանց վարանելու «այո» կպատասխանեի, որովհետեւ մենք հաճախ մոռանում ենք մի պարզ ճշմարտություն, որը հայոց բանակին գնահատական տալու չափորոշիչների շարքում առաջնայինն է՝ մեր բանակն այսօր կարողանում է շփման գծում պահպանել ուժերի հարաբերակցությունը առանց որեւէ երրորդ ուժի մասնակցության: «Այո» կպատասխանեի, որովհետեւ ինձ համար կարեւոր է նաեւ այն, որ մեր բանակը ոչ միայն կարողանում է ապահովել մեր ժողովրդի խաղաղ արարումը, այլեւ, մասնակցելով խաղաղապահ առաքելություններին, իր կարգապահությամբ ու մարտունակությամբ հիացնում է բոլորին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել